Jump to content

Անեկդոտներ Լոռվա կյանքից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անեկդոտներ Լոռվա կյանքից
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 580
ծ. ― էջ 818
(ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿՅԱՆՔԻՑ)

Լոռըցու դատը.– Մի լոռըցու տան առաջից հարևանի խոզն անցնելիս շունը հասնում բուդը պատռում է, խոզի ճղղոցին տերը դուրս է գալիս և շնատիրոջը հայհոյելուց հետո գնում է քյոխվին գանգատվում։

Քյոխվեն իսկույն կանչում է շնատիրոջը և հանդիմանելուց հետո վճռում է, որ տուգանք տա խոզատիրոջ։ Շնատերն իրեն պաշտպանում և արդարացնում է. «քյոխվա ջան, գլխիդ ղուրբան, որ ես խոզ ըլեմ դու շուն, ձեր դռնովն խրթխորթալե անցկենալիս հասնիլ չե՞ս բուդս ճոթռիլ»։

«Չէ, էս բալամի ասածն էլա ըղորթ»,— վճռեց քյոխվեն և տուգանքից ազատեց շնատիրոջը։


***

Լոռըցու օրհնանքը.— Մի լոռըցի անցնելիս հարևանը հրավիրում է թաժա հաց ուտելու. «Ադա՛, Սաքո դեսն արի՛, տաք հաց կտրի».– Շնորհակալ եմ քի մատաղ, խադադ եմ, ձեր տաք հաց Աստոծ կտրի,— պատասխանում է անցվորը։


***

Մի լոռըցու իրան թշնամին պատահում է դաշտումն, սաստիկ ծեծում ու հեռանում, նրա հեռանալուց հետո գլուխը բարձրացնում է ծեծվածը և տեսնում՝ մեկ մարդ է գնում դիմացը, ձայն է տալիս նրա ետևից. «Ա՛յ դիմացի գնացող հե՜յ, քի մատաղ ուշքս վրես չէր, էս կնկհավատը շա՞տ էլ տվուց ինձ, թե չէ»։

(ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ)

Մի քանի լոռըցի ճանապարհի վերա մի հատ կոշիկ են գտնում։ Այս ի՞նչ կլինի, ի՞նչ չի լինիլ․․․ բայց և ոչ մեկը չէ կարողանում բացատրել, թե ի՞նչ բան է դա։

– Ինչ որ ա քյոխվեն անպատճառ կիմանա,– որոշում են նրանք և բերում ցույց են տալիս քյոխվին։

– Վա՜յ, վա՜յ, վա՜յ,– հեգնում է քյոխվեն,– ըտե՞նց պտեք դուք աշխարհքը կառավարվիլ, բա հլե՞ ինչը հասկանըմ չեք՝ էս է՞լ չեք հասկանըմ ի՛նչ ա։

– Հա դե մենք ինչ տենք հասկանալ, բռի մարդիկ ինք, դու մարթ ես տեհել, աշխարհ ես տեհել, պրիստավի կուշտն էս գնացել, էտ ի՞նչ ա։

– Քլնգի բուն ա ի՛նչ ա,– բացատրում է հասկացող քյոխվեն։


***

Լոռըցի հովիվը ձայն է տալիս մի սարից դեպի մյուսը, իրեն ընկերին։

– Հե՜յ՜յ Համբո, Համբո, ադա, քե մատաղ, էն ըքանց ըքին ասես ձեր իքն ըքել ա իքա ըքել, եկեք ըքեցեք, թե չէ էն իքը կգա կըքի, կասեք դուք եք ըքել, այսինքն, էն Մարկոսանց Ղուկասին ասա ձեր էծը ծնել ուլ է բերել, եկեք տարեք, թե չէ գայլը կգա կուտի, կասեք դուք եք կերել։


(ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ)

Լոռըցու մեկը, մի ուրիշ գյուղացի աղջկա հետ նշանադրված լինելով՝ գնում է մի օր աներանց գյուղը նշանածատես։ Որովհետև ամառնային ժամանակ է լինում, տանեցիք բոլորը կալումն են լինում, բացի մեր երիտասարդի նշանածից՝ որը նրա բախտից, միայնակ տանն է լինում և սրահը ավելով սրբում։

Երիտասարդը ցանկանալով մի շատ քաղցր, սիրային խոսքով դեպի իրեն գրավել յուր սիրուն նշանածի ուշադրությունը, ասում է.«ի՜ ի՜ Մարյա՛ն ջան, գա՜մ–գա՜մ էդ ձեռիդ ավիլն ուտեմ»։– «Իմ հորանց էշը խում չե՞ս»,- պատասխանում է զայրացած Մարիամը։


(ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ)

Գիշերը գողերը մի լոռըցու գոմի պատը քանդում են և կովը հանում այնտեղից։ Առավոտը տիրոջ հետ հավաքվում է ժողովուրդը և խորհուրդ են անում, թե ո՞վ կլինի տարած, բայց չեն իմանում։ Վերջապես վճռում են քյոխվին դիմել։ Գալիս է քյոխվեն, նայում, գլուխը պտտում ու հավաքված ամբոխին հանդիմանելով մարգարեանում է՝ «ըրմանըմ եմ ես ձեզանից, բա մարթիկ չեք, հաց չեք ուտըմ, էս ինչ դժար իմանալու բան ա, ով որ էս պատը քանդել ա նա կլի տարած»։– Ա՛յ, այ, որ ասի քյոխվեն կգիդենա, դարձան միմյանց կանգնողներ


Մի լոռըցի ձայն է տալիս խոզարածին– հե՜յ՜յ՜, Սարո, Սարո՜ո՜. ադա, չալ մերունը դվեր արա, դվեր արա՛։

– Ադա ո՞ր չալ մերունը, ո՜ր։

– Էն որ աճարկուտումը առչը բռնել էր։

– Ընչի մհար դվեր անեմ, ընչի՞։

– Ադա պապը մեռել ա ժամ անենք, ժա՜մ, ժա՜մ։

– Ադա խի ա մեռե՜լ։

– Բլդրղան ա կերել, բլղրղա՜ն։

Մի աղքատ լոռըցի, «կալոցին» բարեկամից մի եզն է խնդրում՝ յուր ունեցած մի եզի հետ լծելու, որ կալերը կալսելուց հետո կրկին վերադարձնե։ Բարեկամը չէ մերժում։ Աղքատը մի կորեկի արտ է ունենում, մի օր գնում է տեսնում, որ տրորած ու կերած է արտը. «Անպատճառ արջն է արել»,— մտածում է ինքն իրան և գալիս հրացանը վերցնում, գնում թաքնվում արտում, որ արջին սպանի։ Գիշերը տեսնում է, որ արջը մտավ արտը և սկսեց ուտել ու տրորել, արձակում է հրացանը, գնդակահար արջը ընկնում է։ Իսկ ինքը մտածելով, թե չիցէ վիրավորված լինի արջը ու վնաս տա իրեն, սկսում է փախչել։ Առավոտը՝ գնում է տեսնում, որ յուր բարեկամից խնդրած եզն է սպանել։


***

Լոռըցին ու աշտարակցին հնձում էին միասին։ Ճաշի ժամանակ մածուն բերին հնձվորների համար, որոնք մածնաբրթուճը պատրաստելուց հետո տեսան, որ գդալը մի հատ է երկուսի տեղ։ Գդալակոզի–գդալփոխ անելու լոռըցին չհամաձայնեց, ասելով, ես գդալով կուտեմ, դու ձեռքով կեր։ Ի վերջո վճռեցին, որ յուրաքանչյուրը իրենց գյուղերից յոթի անունը տան միմյանց ետևից, ով որ շուտ ասե՝ գդալը տան նրան,– լոռըցին վերա տվեց– դսեղ, Ուցուն, Մարց, Ագարակ, Բերդ, Ամրակից, Գյուլաքարակ, խաշըղի բելա գյարաք (գդալը դեսն արա)։ Աշտարակցին չէր հասել կեսը՝ որ լոռըցին լպստեց թասը։ Բայց այս անեկդոտը աշտարակցին պատմում է ուրիշ կերպով․ վեճը միևնույն առարկայի վերա է– միայն այս դեպքում հաղթողը աշտարակցին է։ Աշտարակցիները հայտնի են իրենց ճարպիկ լեզվով և սրամտությամբ։ Մեր իմացած դեպքում աշտարակցին վերա է տալիս՝ Ուշի, Օշական, Փարբի, Բյուրական, Թալին, Թալիշ, Մաստարա, գդալի պոչը դեսն արա։


***

Մի լոռըցի գալիս է քաղաք և տեսնում է, որ բոլորն էլ զարդարված են, երբ վերադառնում է, զարմացած պատմում է հայրենակիցներին.

– Պաա՛, պա՛, պա՛, ձեզ մատաղ, քաղկցիք չիմ էլ նոր են հրսանիք էլել։


***

Լոռըցի տիրացուին պարտամուրհակ (թամասուկ) տվին կարդալու և նա այսպես ասեց.

– «Սիրելի հայր իմ, շատ սիրով»․․․ – Ինչ ես կարթըմ տիրացու, ահրըմ էս թամասուկ ա,– ընդհատեց տվողը։

– Հեր օխնած, դե ասա՛ թամասուկ ա որ թամասուկավարի կարթամ է՛,–հանդիմանեց տիրացուն և սկսեց թամասուկավարի կարդալ։


***

Թուրքաքամակ դսեղեցի[1] Ուհանես աղեն (զինվորական) Ջալալօղլուցը դուրս գալիս ետևիցը մի սապնասիրուն ջալալօղլեցի կանչում է.

– Ուհանե՛ս աղա, Ուհանե՛ս աղա։

Ուհանես աղեն ձին կանգնեցնում է ու հարցնում.

– Ի՞նչ ես ուզում, այ տղա։

– Քե՛զ հետ չեմ, աղա։

– Բա ո՞ւմ հետ ես։

– Ա–նց Ուհանես աղին եմ կանչում։

Դսեղեցի Ուհանես աղեն յուր մոտ է կանչում Ա–նց Ուհանես աղին ու հարցնում.

– Այ տղա, դուն ի՞նչ աղա ես։

– Ոչինչ աղա, դե էնպես ասում են էլի։ Այս լսելով մտրակը քաշում է, սկսում ծեծել Ա–նց Ուհանես աղին՝ ասելով.

– Տո հարամզադա, ես գնամ կռվումը դոշս կարմիր գուլլին դեմ անեմ, դուն ձեռները ջեբումդ ման գաս, ու՝ համ ես, Ուհանես աղա, համ դո՞ւն։


***

Մի ագռավակեր կուրթանեցի գնում է Դսեղ, ճանապարհին թամբը տակիցր կորցնում է և չէ իմանում– այնքան է մտքի ծովն ընկած լինում։ Գյուղը գնալով հայտնում է, թե ինքը մի հնարագետ ուստա մարդ է՝ եկած հատկապես Կալքարիցը մեղր հանելու. – Ինչպե՞ս պետք է հանես մեղրը,– հարցնում են նրան,– չէ՞ որ ճամփա չկա գնալու։

– Ինձ թոկով քաշ կանեք, ու կհանեմ։

– Ահըմ Կալքարը հարյուր գազ բարձրություն ունի, որ թոկը կտրի, վեր ընկնես՝ մեծ թիքեդ ականջդ կմնա։

– Էդ էլ եմ միտք արել,– հանգիստ պատասխանում է ուստեն։

– Ո՞նց ես միտք արել։

– Ես կմտնեմ կոթի մեջ (տակառի նման է), թոկը կոթիցը կկապենք, քաշ կանեք, թեկուզ թոկը կտրվի, ես կոթի միջին կլիմ, ինձ ի՞նչ պտի ըլիլ։


***

Մեկ լոռըցի հուլիսի տոթ օրին յուր գոմեշն և էշը տանում է գետը ջուր խմեցնելու։ Չվանի մեկ ծայրը կապում է էշի վզից, մյուսը՝ գոմեշի վզից։ Գոմեշը արևի տոթից նեղացած, մտնում է գետի խորքը՝ քարշ տալով և յուր հետ էշին։ Էշը չկարողանալով դիմանալ, խեղդվում է ու ջրի երեսին ոտները ձգած պտտում էր։ Տերը նստած էր մեկ բարձր տեղ, բռնութի էր քաշում և ասում.

– Այ ցավս տանես, ո՜նց ջրով կշտացել ա ու արխային ոնները ծքել ա պարկե։


***

Լոռըցու մինը հյուր է լինում քաղաքում մի հարուստ ընտանիքում։ Ճաշի ժամանակ ոսկորը կրծելուց հետո շպրտում է լուսամուտից դուրս ձգելու և տալիս է ապակին ջարդում, այս երևույթից զարմացած նա բացականչում է. «Պի՜, ձեզ մատա՜ղ, հրե՛ս, լիսը սառցրել ե՜ն»։


***

Երկու լոռըցի տավար էին արածեցնում, գիշերը նրանցից մեկը տավարի ներքևն է քնում, մյուսը՝ վերևը․ վերջինս գիշերվան կեսին աչքը բաց է անում տեսնում՝ մի թուրք դաշույնը հանած յուր գլխի վերևը կանգնած, իսկ մյուսը տավարի մեջ մտած ջոկում է գերը։ Առանց երկար մտածելու լոռըցին շուռ է գալիս ու ճրըրում, այսպես խոսելով (թուրքերեն, որպեսզի թուրքը հասկանա). «կգնամ մեր տունը ը՜, ը՜, ը՜, իմ հերն ինձ հարսանիք կանի ը՜, ը՜, մի տղա կունենամ, անունը կդնեմ Վարդան, կգնա կընկնի ձորերը ը՜, ը՜, ես կերթամ քարի գլխիցը կկանչեմ— հե՜յ, Վարդա՛ն, Վարդա՛ն–— այս ձայնի վրա, տավարից ներքև քնած ընկերը, որի անունը Վարդան էր, զարթնում է։ Թուրքերը տեսնելով նրան, տավարը թողնում են փախչում։ Դաշույնով տավարածին հսկող թուրքը հեռվից ձայն է տալիս, «ա՜յ, լավ արի՛ր, ես ինչու թողեցի քեզ գնաս ձեր տունը, քու հորն ասես քեզ հարսանիք անի, տղիդ անունն էլ Վարդան դնես, ձորն ուղարկես ու կանչես»։


***

Մի լոռըցու կալումը լծած եզը կորել էր։ Երկու օր որոնելուց հետո նա պատահողին հարցնում էր— տղերք կալումը, մեջքը թոզոտ եզն եք տեհե՞լ, թե չէ։


***

Զատկին լոռըցի հովվին ասացին՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց— հա՛, մեռելոց, համաձայնվեց հովիվը։


***

Երկու աշղ գալիս են Աքորի։ Բոլոր գյուղացիք հավաքվում են, որ նրանց հետ մաշ–խուլաթ անեն։ Մեր գյուղացիք շատ են սիրում այդպիսի դեպքերում իրենց շնորհքը ցույց տալ։ Իսկույն «բաս» են մտնում աշուղների հետ, որ նրանց կապեն ու սազները ձեռներիցը խլեն։ Շլինքները երկարացնում են, խոսքերը ծամծամում, բան չի դուրս գալիս։ Սրանց շայիր ու գովական Սերգոն սարումն է լինում, վռազ մարդ են ուղարկում նրա ետևից, գալիս է Սերգոն ու հանդգնությամբ «մեջլիսում» վեր գալիս։ Աքորեցիք հիացմամբ ընդունում են նրան և իրար մեջ քչփչում․ «ջանմ սան Սերգո, հրես աշուղների թուք ու մուքը ցամաքացնել պտի տա հա»։

Սերգոն լոռըցու ինքնավստահությամբ սկսում է ու ձայնը զլում.


Սարն բաշնդա
Կանաչ խոտ օլուր
Գեչինն բոյնուղի
Դանակի կոթ օլուր։


– Ջան, ջան, ձենիդ մատաղ, հմա թե ասիր հա, ըթենց կապի դրանց է՜․․․

Աշղները զարմացած էին մնացել, վերջը մեկը ասում է ընկերոջը.

– Սրանք հենց ավանակներ են եղել։

Աքորեցիներից ոչ ոք չի հասկանում. նրանցից մինը խնդրում է աշղին.

– Ուստա ջան, ավանակն ընչին են ասում։

– Ավանակն ասում են խելոք մարդկերանցը,– հեգնում է աշուղը։

– Հը, ի՞նչ ես ասում, ուստա, մենք հլա ի՞նչ ավանակ ենք, ավանակը մեր պապերն են․․․


***

Թուրք ուղտապանի մի ուղտը ճանապարհին բեզարմ է, բերում է մի լոռըցու պահ տալիս։ Լոռըցին մի օր տանում է ուղտը ձորի գլխին արածացնելու, ուղտը ձորն է ընկնում։ Մի ժամանակից ուղտապանը գալիս է յուր ուղտը պահանջում։ Սակայն ոչ ոք չի լինում, որ թուրքերեն հասկացնե եղելությունը։ Վերջը ձորից կանչում են բիձա Համբոյին, որ երևելի թրքագետ է եղել, վերջինս բացատրում է.

- Թուրք ղարդաշ ջան, սանն ուղտը թափ տված օլդի յար բուրթը, քարի կառ կրծլլաղի, ջուխտ ոտով սոթ պրծլլաղի, թե հըվատում չես, բու բաշի, բու կաշի, էդ էլ իստերսան ափար, իստերսան բաշխի․․․

Բիձա Համբոն մի օր գնացած է լինում անտառը, ուր որսած է լինում երկու հատ սալամներ (կաքավներ), որոնցից մինը սաղ է լինում, մյուսը՝ սատկած։

Ճանապարհին պատահում է մի զրահավորված թուրքի, որից բավական վախենում է։ Թուրքը բարևում է.

– Այ սալամմ ալեք․․․

Բիձա Համբոն և շփոթվում է և զարմանում, տալիս է սատկած սալամը թուրքին՝ կարծելով թե թուրքը սալամն է ուզում։

Թուրքը շնորհակալ է լինում ասելով.

– Սաղ օլ, սաղ օլ.

Բիձա Համբոն դժգոհությամբ և վախեցած հանում է խուրջինից սաղ սալամն էլ և տալիս է թուրքին փնթփնթալով.

– Տո թուրքն ի՞նչ գիտեր, թե ես սաղ սալամ էլ ունեի․․․ այ զարմանք․․․

Տողատակեր

[խմբագրել]
  1. Լոռու ծաղրածուները ամեն գյուղի մի ածականով կնքել են ժողովրդի ոգուն հարմար, դսեղցոց մարդասպան էլ են ասում։