Անզարդ իմ օրվան, անտուն իմ կյանքին
Արտաքին տեսք
«Անզարդ իմ օրվան, անտուն իմ կյանքին»
Անզարդ իմ օրվան, անտուն իմ կյանքին
Դեռ շատ է գալու և բոթ և աղետ.
Մինչև ազատվի հրկեզ իմ հոգին,
Հարություն առնե մոխրից առհավետ.
Մինչև դադարի մրրիկն այս մթին,
Մինչև հանդարտեն շշուկներն այս չար
Որ վատնեմ առատ իմ գանձը հետին
Երկրային միգում երկունքով հոժար.
Թող գան — պատրաստ է սիրըս և հլու,
Որպես նորահարսն ահով մի խնդուն
Մտնում է մահիճ — այնպես տանջվելու
Գնում է հոգիս հրճվանքով անհուն...
1915