Անխոս պահեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թուղթ Սիլվա Կապուտիկյանին գրված հայոց արևելից աշխարհից Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Անխոս պահեր)

Վարդան Հակոբյան

Կրկին՝ նոստալգիա
ԱՆԽՈՍ ՊԱՀԵՐ


Հեռացար ու դարձար ավելի իմը։ Ես
հարավ հասնելու համար հաճախ քայլերս ուղղում եմ դեպի հյուսիս։
Ձեռքերդ արեւին պարզիր, կանգնիր կրծքաբաց, որ երկինքը գեղեցիկ լինի։

Իմ բաժին պահերից ոչ մեկը
տարվա օրերում չկա։ Ամեն ցավի մեջ մի ճրագավոր կա։ Եվ
թեեւ իմն է տառապանքս ամբողջովին, բայց ուրիշ է։

Ձեռքդ դիր ծաղկին,
որ նա խնկարկի։ Աշխարհն առանց մեղքի շատ մեղավոր
կլիներ։ Չքայլելը, թերեւս, խուսափել չէ սխալ քայլերից։

Ինչո՞ւ ցավից չպարել մեկ-մեկ,
որ ոտքի տակ հողը թեթեւանա։ Պառավ գինու ուշ արթնացած փոթորիկ եմ, եւ
քո աչքերին նայելիս՝ ես միշտ գեղեցկանում եմ։

Մի աղջիկ ծիծաղում է
տխրությանս մեջ, եւ այնպես գեղեցիկ է ծիծաղում, տեր Աստված,
եւ այնպես սպանելով է ծիծաղում անաստվածն այդ։

Բառերին, որ ասում եմ,
ամբողջովին չեմ մասնակցում։ Չսխալվելու լավագույն պայմանը սխալվելն է։
Ես ինձ կորցրի, որ կարողանամ գտնել եւ գնում եմ դեպի ամենուրեք։