Jump to content

Անկոչ հյուրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
9. ԱՆԿՈՉ ՀՅՈՒՐԸ

Մե հատ մարթ ախչիկը տալըմ ա օտար տեղ մարթի: Էդ մարթը մե տարի իրա ախչկա տունը չի էթըմ ա: Մի տարուց ետ ախչիկը միտն ա ընկնըմ, էլըմ ա ձի նստըմ, գնըմ ա ախչկա տունը ղոնաղ:

Ախչկա կեսրարը, որ խնամին նոր ա էթըմ, լա՜վ պատվըմ ա:

Էդ ախչկա հերը մտածմը ա, որ․ «Համաշա[1] ինձ պատվըմ են, լավ կըլլի, որ մե ժամանակ մնամ ըստեղ»:

Մտածըմ և ընտենց էլ անըմ ա:

Շատ երկար մնալուց ետը խնամին զայրանըմ ա, ասըմ ա.— Ա՜խ, էս ե՞փ պիտի էթա էս մարթը իմ տնից:

Մե օր էլ կեսրարը ժամ ա էթըմ: Ժամիցը դառնըմ ա տունը, տենըմ՝ իրա հարսի հերը փետերը հավաքել ա, գոմի մեչը մե հատ առանձին տեղ ա շինըմ:

Հարցնըմ, ա.— Խնա՛մի, էս ինչո՞ւ հըմար ա:

Խնամին ասըմ ա.— Էսօր-էքուց իմ ձինս կծնի, քուռակը պտի կապեմ ընտեղ, որ տավարը չզարկեն, վնաս տան:

Կեսրարը մտքումը ասըմ ա. «Վա՛յ քու տունը քանդվի, շատ պիտի մնա հլա»:

Մտածըմ ա, բա ո՞նց անի, որ իրա տնից էթա:

Էլի իրիկունը էթըմ ա ժամ, եղելութունը պատմըմ ա տերտերին: Տերտերը ասըմ ա.— Օ՛րհնած, որ էտենց ա, առավոտը հետդ բեր ժամ, ես մե հնարք կանեմ, ինքը իրան կգնա:

Եվ ասըմ ա, թե ինչ պիտի անի ինքը:

Խնամին գալիս ա ժամից տունը:

Ասըմ ա.— Տո՛, խնամի՛ ջան, էս ա էրկու ամիս լրանըմ ա, որ դու ըստեղ ես, մի օր չես գալըմ էթանք ժամ, քո տունը չավրի, դու ի՞նչպես հայ ես:

Խնամին ասըմ ա. – Շա՛տ լավ, էթա՛նք:

Առավոտը ըմմեն ուրախ-ուրախ էթըմ են ժամը: Էնտեղ տերտերը ասըմ ա իրանց ժամհարին.– Օ՛րհնած, դու դուռը փակիր, մարթ դուս չգա, հրաման ունեմ կարթալու:

Եվ մե թուղթ հանըմ ա ծոցից, ինքն իրան հնարելով կարթըմ ա. «Երուսաղեմիցը այս հրամանը էկեր ա իմ վրեն, որ ես էս էրկրեն մե հատ մարթ ուղարկեմ էնտեղ, չեմ իմանըմ թե ինչու հմար ա»:

– Սիրելի ժողովուրթ, էդ մարթի էթալն էլ պետք ա ըլնի վիճակով,– ասեց և մի թղթի վրա վիճակը գրեց:

Վիճակը քցին, մե հնարքով, սիլի-բիլի անելով քցին խեղճ խնամուն:

Էդ խնամուն տերտերը պահեց և ժողովուրթին ասավ.– Դե՛ դուք գնացեք:

Տերտերն ասեց.– Դե տարեք էս մարթին պահեք, որ առավոտը ուղարկենք էթա:

Ախչկա կեսրարը որ լսեց տերտերի ասածը, ըսկսեց տերտերին խնթրել.— Տերտեր ջա՛ն, խնթրում եմ, իմ բարեկամս թող գա իմ տունը։

Տերտերն ասեց.— Ուզըմ ես տանես բարեկամիդ փախցնե՞ս։

Բայց մարթը խոստացավ, որ չփախցնի, առավոտը բերի տա իրեն։

Իրենք գիտեն, թե ինչ պիտի անեն։

— Դե տար, բայց չփախցնես հա՜։

— Չէ՜, տերտեր ջան, չէ՜։

Վե կալեց էդ մարթը խնամուն, էկան տուն։ Խնամին ըսկսեց խնթրել կեսրարին, որ ազատել տա։

— Խնամի՛ ջան, դա ըսկի մի մտածի, ես քեզ ընենց ճամփա դնեմ, որ տերտերը ըսկի՛ չիմանա։ Առավոտ քեզի կդնեմ սերմի ջվալը, ձինըդ կուղարկեմ մեր արտը: Կէթանք արտը, ջվալի բերանը բաց կանեմ, կհեծնես ձինըդ և կէթաս, տերտերի հերն էլ անիծած:

Գշերը քնան, առավոտը հենց ըտենց էլ արեց: Խնամուն դրեց ջվալը, բերանը պինդ կապեց, դրեց ապլոբու[2] վրեն, եզները լծեց, քշեց դեպի արտը: Հլը նոր էր շարժվե տեղից, էն կողմից տերտերը պատահեց:

— Հա՜, օ՛րհնած, խնամին ո՞ւր ա,— ասեց նա։

— Խնամին տունն ա, տերտե՛ր ջան։

— Էտ դու ու՞ր ես էթըմ։

— Ցանք եմ էթըմ, տերտե՛ր ջան։

— Որ ցանք ես էթըմ քո սերմը օրհնել տվե՞լ ես։

— Ո՛չ, տերտեր ջան, իրիկունը կբերեմ մի ճանկ, կօրհնես։

— Լավ չի՞լլի,— ասավ տերտերը հերսոտած,— որ էդ ջվալի միչինը օրհնենք, տանես, ցանես։

— Կարելի ա, տերտե՛ր ջան, օ՛րհնի։

Տերտերն առաչացավ մե հատ երկաթե գավազան ձեռին և ըսկսեց օրհնել: Գավազանը վրա բերեց և մի հատ խփեց ջվալին.— Աստված օրհնե քո՛ ցորենը, քո՛ գարին, քո՛ աճարը, քո՛ կտավատը, քո՛ ոսպը, քո՛ նոխուտը, քո՛ լոբին…,— ասեց ու ամեն սերմին՝ մե հատ տվեց ջվալի գլխին…:

— Դե գնա՛ օրհնած, մեկը հազար ըլլի:

Տերտերը գնաց տուն, մարթը՝ դեպի արտը: Հենց արտը հասան, ջվալի բերանը հարցդեց, տեսավ՝ խեղճ խնամին կիսամեռ ա:

Հարցրեց.— Հը՛, խնամի, ո՞նց ես:

— Ա՛յ տերտերի տունը քանդվի, լավ էր, որ քուռուշնեն էլ չօրհնեց, միտը գնացեր էր, թե էն էլ օրհներ, ես կմահանեի:

Ըտուց ետը, խեղճը էլավ հեծավ ձինը, գնաց. էն գնալն ա, որ գնըմ ա:


  1. Միշտ (ծանոթ. բանահավաքի):
  2. Ֆուրգունի առաջի երկու ակները (ծանոթ. բանահավաքի):