Անկրկնելի վեհություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գրողների համահայկական առաջին խորհրդաժողովում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (Անկրկնելի վեհություն)

Վարդան Հակոբյան

Անմիջական ու ցավակից

ԱՆԿՐԿՆԵԼԻ ՎԵՀՈՒԹՅՈՒՆ

Կա մի ճշմարտություն. մեծ են լինում ոչ թե իրենց մասին ասվածով, այլ իրենց արածով: Մեծ է Սոս Սարգսյանի արածը: Սոս Սարգսյանը եկել է Արցախ: Մեծ բան է արել: Սոս Սարգսյանը չի գնում, Սոս Սարգսյանը միշտ գալիս է: Մեր բոլոր մեծերին բերել է իր մեջ: Բոլոր դերերը բերել է իր մեջ: Եվ մի դերը եթե անգամ փոքր լինի, երբ Սոս Սարգսյան է բերում` դառնում է մեծ:

Ամենայն հայոց բեմի Պատրիարքն է Սոս Սարգսյանը: Նա մեծ մարդ է ու մեծ դերասան: Եվ` գեղագետ: Եվ` մտածող: Ես չգիտեմ` ինչու, բայց իմ մեջ միշտ իրար կողքի եմ տեսնում երկու մեծ հայ. Վիլյամ Սարոյան եւ Սոս Սարգսյան. գուցե նրա համար, որ երկուսն էլ այնքան վեհ են, որ ուր էլ կանգնում են` աշխարհի բոլոր ծայրերից երեւում են: Գուցե նրա համար, որ երկուսն էլ բարի հսկաներ են:

Ամեն մեկը` յուրովի... անկրկնելի, անզուգական:

Մեր ժողովրդի նվիրյալ բարեկամներից մեկը` Վալենտին Օսկոցկին, մի անգամ, երբ միասին Երեւանում էինք, ինձ հարցրեց, թե ինչով է բացատրվում Արարատի հանդեպ հայության սերը, երբ այն Հայաստանում չէ այլեւս: Բացատրեցի` ինչքան էլ Արարատը սահմանից այն կողմ լինի, նա չի կարող մերը չլինել: Հետո կատակով ավելացրի` մեր լեռները քայլել գիտեն, նրանք միշտ գալիս, մեզ մոտ են լինում, որովհետեւ մենք միշտ չէ, որ կարողանում ենք գտնվել նրանց մոտ: Իսկ Արարատը չնայած խլված տարածքում է, բայց դեմքը դեպի մեզ է միշտ կանգնում, շուքով դեպի Երեւանն է...Սոս Սարգսյանի վեհությունն էլ շուք ունի եւ նա դեմքով միշտ կանգնած է դեպի հայոց Արեւելից աշխարհը, միշտ Արցախին է նայում, ուր ազգի ճակատագիրն է վճռվում, ուր ազգի ցավն է խտանում, ուր խոսում է ազգի հաղթանակը:

Այսօր մենք հավաքվել ենք մեծարելու մեծին: Բառը չենք գտնում ասես: Բառը աշխարհի ամենամեծ բանն է: Մի բառը կարող է մի ամբողջ երկրի օդ փոխել: Թեպետ հայոց բոլոր բառերն էլ կարեւոր են: Եվ ի՜նչ լավ է, որ մեծարել բառն էլ ունենք: Չնայած մեծարել չէ, երբ մեծին ասում ենք մեծ ես, երբ Արարատին ասում ենք` վեհ, բարձր ես... Ուրեմն, ապրենք բոլորս Սոս Սարգսյանի վեհության առինքնող լույսով:

Մենք` հասարակ մահկանացուներս, շատ ենք փոքր նրան մեծարելու համար: Մեզ մնում է` շնորհակալ լինենք, որ եկել ես, Սոս Արտաշեսի... Շնորհակալ ենք, որ մեծ ես: Քո այցով մեր լինելությունն ես հաստատում: Այնպես ես եկել, այնպես ես կանգնել այս հողի վրա, որ հողի համար զոհված մեր սուրբ նահատակներն անգամ զգում-ապրում են քո ներկայությունը: Քո մշտական ներկայության առաքելությունը: Եվ ասենք, որ քո ապրած ու արարած տարիների յոթանասունը յոթանասուն չէր լինի, թե չգայիր Արցախ: Եկար: Եվ տոնը դարձավ կրկնակի:

Վերջերս Աստված ինձ մի գիրք է նվիրել` իմ նոր ժողովածուն` «Քրիստոսի ծաղիկները», արցախյան գոյամարտի իմ ապրումները: Ասում են` նվերը չեն նվիրում: Բայց Աստծո նվերը բոլորի համար է: Ուստի, այն սիրով ընծայում եմ Սոս Սարգսյանին: Չափազանց համեստ նվեր, բայց ինձ համար` ամենաթանկ: