Jump to content

Անմիջական ու ցավակից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՈՒ ՑԱՎԱԿԻՑ

Տպավորիչ է Վահե Օշականի հայացքը, որը ես սկսեցի կարդալ միայն Արցախում նրա լինելուց հետո, նախ՝ մեր Գանձասարի եւ լեռ ու քարի վրա, ծաղկի ու ծառի վրա, որտեղ նա խորը աչքեր է թողել, ապա՝ նրա ինձ նվիրած գրքի բանաստեղծություններում։ Եվ տպավորություններն այսպիսին են. Վահե Օշականը հստակ է տեսնում, նրա բառերը, տողերը մանկական անկեղծության եւ մանկական մերկության չափ անպաշտպան են եւ սիրելի։ Ճանապարհի երգեր են նրա քերթվածքները, որոնց մեջ կա մի հին վիշտ, «առաջ մղող» ցավ, որը աստիճանաբար վերածվում է հուշարարի, ցավ - հուշարարի, ճանապարհ - հուշարարի։ Տրամադրական է նրա խոսքը, անմիջական ու ցավակից։ Արցախյան դժվար, պատերազմներով վառված ու կարծրացած հողի վրա ամեն հունդ չէ, որ կարող է ծիլ ձգել։ Վահե Օշականի երգի հունդն այստեղ ծլարձակում է, եւ հողը հողին է վերադառնում։ Հոգու խճանկար ու վիճակի, դրության քարտեզ է նրա բանաստեղծությունը։ Շատ կփափագեինք արցախցիներս տեսնել Օշականին՝ նրա գրական բեղուն հիսնամյակի օրերին, Արցախում, միասին, մեր մոտալուտ հաղթանակի հրավառությունների ներքո, բաժակ զարկել։