Անհնարին լույս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նախածաղիկ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Անհնարին լույս)

Վարդան Հակոբյան

Տողեր՝ իմ կենսագրականից
ԱՆՀՆԱՐԻՆ ԼՈՒՅՍ


Ես գալիս եմ ապագայից, եւ իմ ետեւից ձգվում է ժրաջան աստղերի մի ամբողջ
երամակ։ Ձայն. «Կալանավայրում ասացեք, որ
մի կտոր հաց գցեն ծեր ձիապանի՝ Ուիլյամ Շեքսպիրի առաջ եւ հետո միայն
քաշեն եղունգները՝
մինչեւ կասի իր մեղայականը՝ «Համլետի» եւ բացառիկ այլ ոճիրների համար»։

Անտանիք ձայներ՝ մենախցերի մեջ,
մատյաններից թռած, անհնարին լույս։-

Եվ ճի՞շտ չի անում Բլեյքն, արդյոք, Անրի, որ իր գործերը չի վստահում
տպագրիչներին ու ծաղկում է ոսկերչական բառերն իր իսկ ձեռքերով։ Ծառի
ժամանակի մեջ երաշտահավը տեղավորել է մի կտուց երգ։ Համենայն դեպս,
հռոմեացոց Համամ Արեւելցին, դա նրանց Դիոկլիտիանոս արքան է, որ խիստ
կամավոր լքեց գահը ու տվեց իրեն ծաղիկների մշակությանը։

Տարվա այն եղանակն է, երբ ծառն այլեւս ուժ չունի՝ թեկուզ
մի տերեւ պահել ուսերին։

Վերացնել «կյանքի ստվերոտ կողմերը», չի՞ նշանակում, արդյոք, սպանել արե-
գակը։ Ամեն ճանապարհ երկու թեւ ունի, այլապես
ինչու պիտի Մենդելսոնը, կամ, մանավանդ՝ Բեթհովենը, հող դառնալուց հետո,
իրենց գերեզմաններից «մեղեդիներ թելադրեն» Շումանին։
Կերդվեմ, որ դա մալվազիա չէ։ Երբե՛ք։

Թեպետ գնալու տեղ չունեմ ոչ մի, բայց միշտ
թվում է՝ ինչ որ տեղից անընդհատ ուշանում եմ։

Չեմ հասկանում՝ ինչու, Սուրբ Հեղինե կղզի ընկնելուց առաջ, Նապոլեոնին
չհանդիպեց գոնե մի վեստալուհի, գուցե թե նա փոխարիներ ուշացած
«Նաուտիլիուս»-ին, մանավանդ, որ 3000 զինվորն ու 8 ռազմ. շոգենավը (որտե՞ղ եմ ընթերցել)
ահավոր քիչ են մի Բոնապարտի հսկելու համար։
(Ի ցավ ոչ մեկի, ասում են Չարենցի ու Բակունցի
ետեւից գնացող չկար՝ որքան էլ ժամանակը հերիքեր...)։
Օդ չկա եւ դու շնչում ես այն, ինչ օդ չէ։
Անձրեւները հրդեհվել են հորիզոնում։

Ոչ մեկը պատերազմից չի վերադառնում,
անգամ նա, ով վերադարձել է։

Եվայի առաջին ժպիտը հեքիաթ է հյուսում Շումերում, Պաուլո, սիրելիս։ Վկան՝
հույն Հերոդոտը։ Եվ միշտ բանուկ է ճանապարհը, որ տանում է
տաճարն Իշտար Աստծո, ուր Շումերում ծնված ամեն կին (կյանքում՝ մեկ անգամ)
հյուրասեր է չափազանց ու բարի, ու շքեղ, միայն թե «սիմվոլիկ
վճարը» չմոռանա առաջին իսկ պատահած տղամարդը։ Վստահությունը
վառվող մոմ է, որի ներկայությամբ կարող ես Աստծո հետ կիսվել։ (Պատկերացնո՞ւմ եք՝
տղամարդու ինչպիսի հերթ կլինի՝ Իշտարի առաջ ծնկաչոք ոգելու համար)։

Եթե արքային իր իսկ տան շեմին ուղեկցում են պահանորդները,
նշանակում է՝ երկիրն առանց ուղեվարի է։

Ես գալիս եմ ապագայից, եւ իմ ետեւից ձգվում է ժրաջան աստղերի մի ամբողջ
երկինք։ Չկա այսօր։ Չկա երեկ։ Չկա վաղը։ Դրանք պարզապես ժամանակի
սեւ ու սպիտակ վարագույրներ են, այդ
բոլորը մի օր է ընդամենը, որի սկիզբը սկիզբ չունի (ես չեմ ասողը),
վերջը՝ վերջ։ Իսկ մանկախեւ Դոստոեւսկին պնդում է՝
Քրիստոսին նկարելիս՝ նայեցեք միայն երեխաներին։