Ես միշտ մեկնում եմ այնտեղ, ուր ապրում է
մենակությունը։ Ոչ մեկը իրականում ինքն իր
մեջ չէ, բոլորը թափառում են իրենցից
դուրս, եւ, հետեւապես,
բացառվում է հանդիպումը որեւէ մեկի հետ։
Երբ նայում էի չերեւացող հեռվին, հանկարծ զգացի, որ սիրում
եմ։ Անսահմանությունը միշտ սահմանից այնկողմ է,
եւ աստղագիտությունը սկսվում է սիրահարների աչքերից։
Իսկ քո աչքերի մեջ կա մի գաղտնիք, որ, երդվում եմ,
քեզ ստեղծող Աստվածն անգամ չգիտե։
Թեեւ ես միշտ նվագում եմ քնարի չունեցած լարերի
վրա, այնուամենայնիվ, Ամփիոնը չեմ, եւ գիտեմ, որ սուտ են
անգամ Թեբեի պարիսպները։ Երբ համբուրում եմ շուրթերդ, աշխարհի
բոլոր ծաղիկներն այդ պահին իմն են դառնում։
Տերեւն ընկնում է ծառից՝ ձայնս է։ Ես տեսել եմ
ծաղիկն ինչպես է ինքն իրեն պարզում արեւին։ Որ երկինքը
չծանրանա թռիչքում։ Լույսը չտամկանա։ Խոսքը
չլերդանա։ Եվ ծովը
կարողանա հասնել գետերի ետեւից։
Վշտի պահերին աչքերս շատանում են։ Ծառը բարձր է
ինքն իրենից, միայն թե
երկնքում ծաղկած ճյուղերը չեն երեւում։
«Զանգից-զանգ պարաններ կախեց, պատուհանից պատուհան՝
դրասանգեր եւ շղթաներ՝ աստղից-աստղ»,
ու դրանց տակ
պարում է ինքը՝ Արթյուր Ռեմբոն՝ «անմեղությունից լալով»։
Երկինքը սահում է ամպերի վրայով։ Եվ լեռն՝ անդալուզյան ցուլի
ճակատով, ընթանում է դեպի թիկնոցը
կարմիր ամպերի։ Պահը բացում է
աչքերը, իբրեւ կոպերի տակ վերջին առավոտն է
լուսացնում հազար ու մեկ գիշերվա։
Խնձորենու ծաղկումը երեխա ծնվելու նման է լինում։
Ես ապրում եմ հավերժական անհայտության մեջ, որի դռներին
գրված է անհասկանալի մի բառ՝ սեր։ Այն բացվում է դժոխքի եւ
դրախտի վրա։ Բոլորը, ի վերջո,
հեռանում են (նաեւ՝ դու), եւ վերջում մնում է միայն ճանապարհը։
Ինչպես կարող եմ սիրել, երբ հնարավոր չէ չսիրել։ Ինչ տաղտկալի է։
Ես միշտ մեկնում եմ այնտեղ, ուր ապրում է
մենակությունը։ Ոչ մեկը իրականում ինքն իր
մեջ չէ, բոլորը թափառում են իրենցից
դուրս, եւ, հետեւապես,
բացառվում է հանդիպումը որեւէ մեկի հետ։