Jump to content

Անձրեւն աղջիկ է փախցնում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՆՁՐԵՎՆ ԱՂՋԻԿ Է ՓԱԽՑՆՈՒՄ


Մանուշակ քաղելիս՝ լույսը մենախոսում է
մատներիս մեջ։ Սիրո խոսքերից
մարդ դառնում է առավել խոցելի եւ բաց
ու, վերջիվերջո, մեռնում է։

Ամառը առիթ է տվել, որ արեգակը
լինի բարբարոս, եւ մի քիչ էլ, երեւի,
դու ես նպաստել այդ ամենին։ Աչքերդ
տխուր են, տեսնես ինչո՞ւ է աշուն։

Այնտեղ, ուր աղբյուր եմ, ծարավը
գեղեցիկ է անդիմադրելի։ Իսկ օրիորդ
Ժենին, Պիեռն է ասում, այծ է դարձել,
որ ուտի հարեւանի կաղամբները։

Անդունդ՝ լեռան գագաթին։ Երբ տիրում են
առանց դիմադրության, ուրեմն՝ երեխա չի
ծնվելու, առավել եւս՝ տղա։ Քեզ նայելիս՝
աչքերս դառնում են անապաստան թիթեռներ։

Լուսինը նոր էր դուրս գալիս, երբ դու
ասացիր, որ համաձայն ես իմ կինը դառնալ։
Ժամանակի մեջ՝ պահերի արտահոսք,
եւ սրտից դուրս՝ անմաքուր է սերը։

Անձրեւը աղջիկ է փախցնում։ Իսկ հետաճը
մեզ տանում է ոչ թե այնտեղ, ուր գնում էինք,
այլեւ այնտեղ, ուր չէինք եւ որտեղից,
հազա՛ր ավաղ, այլեւս դուրս գալ չի լինում։