Jump to content

Հանգցրեք մութը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՆԳՑՐԵՔ ՄՈՒԹԸ


Երբ թուխպը, ծերացած շան նման, հողն ու թփերը
                                        հոտոտելով է ճանապարհ
        գնում, ուրեմն՝ բռնել է դեռ չեկած ձյունի հետքը։
                                        Իսկ ետխորհրդային
        տարածքի տերություններն՝ իրենց անկախության համար,
        դեռ շնորհակալություն չեն ասել Արցախին՝ որը
                                        առաջինն է ելել
        ԽՍՀՄ-ի բռնատիրության դեմ, բոլորովին միայնակ։
                                        Հերոիկ օրեր,
        որոնց միակ տարբերանշաններն ամսաթվերն են։ Եվ՝
                                        տարիներ։ Ոչինչ մեզ
        այնքան ետ չի տարել ճանապարհին, որքան՝
                                        մեր առաջընթացը։

Երեկ, իրիկնադեմին ինչ-որ մեկը իջնում էր երկնքից,
                                        եւ որքան նայեցի՝
        հրեշտակ չէր։ Ասում են՝ հայն իր ցավի մասին այնպես է
        արտահայտվում, ասես խոսում է մայրիկի մասին։ Եվ հիմա
        ցանկացած երեխա Արցախում գիտե երգը հին՝ ուժեղը
        նա չէ, ով ճշմարիտ է, ճշմարիտը նա է, ով ուժեղ է։ Եվ սերը,
        որքան էլ անմեղ, սեր չէր՝ արգելված պտուղն
                                        ուտելուց առաջ։

Մենավոր ճամփորդ է մոմը, ճանապարհ է ընկնում միայն
                                       այն պահին, երբ
        վառում են։ Ի տարբերություն Պըլը-Պուղու, Մելիք Շահ-
        նազարը, սածիլներ տնկելիս, առաջնորդվում էր նրանց
        փարթամ սաղարթներով եւ ոչ թե արմատներով,
                                       այլապես ինչու պիտի

        Ղարաբաղը հայտնվեր Ադրբեջանի կազմում։
                                       Սերվանտեսի կրծքին
        մինչեւ հիմա մրմռում են թուրքական հրազենից
                                       ստացած երկու վերքերը։

Ի սկզբանե մեզ տրվածից ամենաթանկը հայրենիքն է,
                                               բայց հայրենիքը
        հենց այնպես չի տրվում մեզ՝ եթե մենք նրան
        ինքներս չենք ստեղծում։ Եղած արդարությունը
                                               (եթե կա), տեսնես
        չեղածի քանի՞ տոկոսն է։ Իսկ եթե ապագան գուշակվեց,
                                                ուրեմն՝
        այն ինչ-որ չափով անցյալ է։ Թռչունը որքան կատարյալ է
        թռիչքի մեջ, տեսնես ով է նրա առաջին ճարտարապետը։

Հույսը ապագայի սցենար է։ Դժոխքն ընդամենը մի պատուհան ունի,
        որն անվերջ նայում է դրախտի կողմը, եւ դրանից դժոխքը դառնում է
        առավել կատարյալ։ Ո՞վ ասաց՝ կոմկուսը սովետների երկրում
        արգելել էր Էյնշտեյնի հարաբերականության
                                             տեսությունը, մինչդեռ
        Սորբոնի գիտնականները մինչեւ հիմա դեռեւս չեն
                                             կարողացել պարզել՝
        ասեղի ծայրին միաժամանակ քանի սատանա է պարում։
                                             Հանգցրեք մութը։

Հ.Գ.
Իսկ Մայակովսկին կամ Ուիթմենը որտեղից իմանան, թե
ինչ երանություն է՝ չճանաչված երկրի
քաղաքացի եւ, առավել եւս՝ բանաստեղծ լինելը։