Jump to content

Անուշ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անուշ
Աղբյուր. ԵԼԺ հ3, էջ 79
տ. ― էջ 247, ծ. ― էջ 512

[ 81 ]

ՆԱԽԵՐԳԱՆՔ

(Համբարձման գիշերը)

   Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։

   Օխտն աղբյուրից ջուր է առել
10 Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

   Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…

   Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
20 Ափսո՜ս էդ ծով աչքերին…։

[ 82 ]

  Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր։

— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
30 Չըքնաղագեղ ոգիներ…
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։

  Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։

  Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
40 Ալիքները պաղպաջուն։

ԱՌԱՋԻՆ ԵՐԳ

I

  Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փըռած տիրաբար՝
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն։
Ուր որ հայրենի օջախի առաջ
Վաղո՜ւց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նըստած՝
Խոսում են Լոռու հին-հին քաջերից։

[ 83 ]

 Դեպ էն սարերը, որ վես, վիթխարի,
50 Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկընքում,
Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում
Պերճ Արագածի նազելի դըստեր,
Որ Դև–Ալ, Դև–Բեթ և այլ հըսկաներ,
Խոլ–խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
Փախցըրին բերին անառիկ Լոռի։

II

  Է՜յ հին ծանոթներ, է՜յ կանաչ սարեր,
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,
Առաջըս եկան երջանիկ օրեր,
60 Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան։
Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում.
Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես,
Բայց եկել եմ ես՝ նըրանց եմ կանչում։
Ողջո՜ւյն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում է հանդես։
Դո՛ւրս եկեք կըրկին շիրմից, խավարից,
70 Դո՛ւրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լըսեմ,
Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից,
Լըցրե՛ք պոետի հաճույքը վըսեմ…

III

  Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,

[ 84 ]

Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
80 Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…

IV

— Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր։

90 Ամա՜ն էրեցիր սիրտըս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով.
Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով,
Ա՛յ սարի աղջիկ,
Ա՛յ սիրուն աղջիկ,
Ա՛յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ։

  Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նըման.
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման,
100 Ա՛յ սև աչքերով,
Ա՛յ ծով աչքերով,
Ունքերըդ կամար
Աղջիկ, քեզ համար։

V

Երգում է Սարոն, ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստի վըրանում։

[ 85 ]

— Էն ո՞վ էր, նանի՛, որ կանչում էր մեզ,
Դու չե՞ս իմանում… ականջ արա, տե՜ս…
— Հերի՛ք է, Անո՛ւշ, ներս արի դագեն,
Քանի՛ դուրս թըռչես, նայես դես ու դեն,
110 Տեսնողն էլ կասի— ի՜նչ աղջիկ է սա…
Հազար մարդի մոտ կերթա, կըխոսա։
— Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին,
Ի՜նչքան ավլուկ է տալիս կանանչին…
Նանի՛, թող գընամ քաղեմ ու հյուսեմ,
Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ։
— Հանգի՛ստ կաց, Անո՛ւշ, դու հասած աղջիկ՝
Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
Նըստիր վըրանում, քու գործին մըտիկ,
Պարկեշտ կաց, աղջի՛, ամոթ է, ամո՜թ։
120 — Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտևմ՝ թե ո՜ւր, չըգիտեմ՝ թե ուր…
Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

VI

  Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
130 Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։

  — Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում։

[ 86 ]

 Ա՜յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խըմե՞ց էդ ջըրից։

140 Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ։
Վառված սիրտը էն յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի…

  — Աղջի՛, քու յարն եկավ անցավ
Վառված, տարված քու սիրով,
Էրված ջիգյարն՝ եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջըրով…

  Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
150 Ա՜խ, իմ ազիզ յարն է լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում։

VII

  Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ
Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած.
  — Էն ե՜րբ էր՝ Անուշն իր կուժը առավ,
Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ…
Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի…
160 Ու ելավ տեղից պառավը հանկարծ.
— Ո՞ւր կորար, Անո՜ւշ, ա՛յ մազըդ կըտրած…
Ու ձորի գըլխին, ձեռքը ճակատին,
Կանչում է, կանչում անահ զավակին։
— Աղջի՜, սևասի՜րտ, քու ահը կըտրի,

[ 87 ]

Աղջիկը մենակ ձո՞րը կըմըտնի.
Ամպը կոխել է, աշխարքը մըթնել,
Ի՞նչ ես կորցըրել՝ չես կարում գըտնել…
Աղջի, հե՜յ Անուշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ…
Ծընկանը զարկում, հառաչում է «վո՜ւշ».
170 Ու ձորի գըլխին մոլորված կանգնած
Նայում է ներքև սիրտը սևակնած։
Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերր լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի.
Հազար ջահելներ վըխտում են հիմի։

VIII

— Թո՛ղ, կանչում են ինձ… մերըս կիմանա…
— Չէ՛, Անո՛ւշ, քի՛չ էլ, մի՛ քիչ էլ մընա…
— Չէ՛, թող ես գնամ… ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես…
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
180 Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում…
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ,
Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.
Ինձ չես լըսում,
Չես ափսոսում,
Էլ չես ասում՝
Ինչ կըլնեմ ես…
190 Ես կըվառվեմ,
Հուր կըդառնամ,
Ես կըհալվեմ,
Ջուր կըդառնամ,
Ես չըգիտեմ՝
Ինչ կըդառնամ,
Թե որ մին էլ
Էսպես մընամ…

[ 88 ]

Ասում են՝ ուռին
Աղջիկ էր ինձ պես,
200 Մընում էր յարին,
Ու չեկավ նա տես։
Խեղճը դողալով՝
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ։
Ջըրերի վըրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա
Ու լալիս կամաց,
210 Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՜նց է մոռանում…
— Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում,
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում…
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում…
220 Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում…
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ո՞ւմ եմ հիշում…
Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, անաստվա՛ծ Անո՜ւշ…
Արբեցա՜ծ, անո՜ւժ
Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ,
Հալվեցա՜վ, հանգա՜վ…

IX

— Անո՜ւշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ, տո՛ւն արի…
Կանչում է մերը, հառաչում, կանչում։

[ 89 ]

230 — Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նանի՜…
Ձորից աղջըկա ձենն է ղողանջում։
Ու մազերն անկարգ տըված թիկունքով
Ու ցըրված շիկնած այտերի վըրան,
Դուրս եկավ թեթև ամպերի տակից
Անուշը՝ փախած եղնիկի նըման։
Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա,
Թողել է էն էլ ջըրի եզերքին…
Ա՜խ, անհոգություն ջահել աղջըկա…
240 — Նանի՛, վախեցի, գանգատվում է նա,
Եվ ուզում է լալ, չի կարողանում.
Նանի՛, ներքևում ես մարդիկ տեսա,
Կարծեցի՝ թուրքեր էին լողանում…
Անիծում է ծեր մերը բարկացած
Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով իջնում է նա ցած՝
Դատարկ ետ բերած հին կուժը ուսին։

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ

X

(Համբարձման առավոտը)

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։
250 Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

— Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սև սարեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։

Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած

[ 90 ]

Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
260 Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ։

Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Լավ օրեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։

Եկավ Համբարձում՝
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում.
— Ո՞վ է մեզ գըրված։
270 — Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ո՞ւմն ես դու։
— Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու։

Դե հանի՛ր, ա՛ղջի,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
Էն իգիթ յարին։

— Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,
Ի՜նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի։

Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
280 Հուր սըրտեր, յա՛յլա։
Յա՛յլա ջան, յա՛յլա։

  Թընդում են երգեր, խընդում են սըրտեր,
Ու շուրջ բոլորած վիճակ են հանում.
Ելնում է մեկին իր երազն ու սեր,
Մյուսի մուրազը սըրտումն է մընում։

[ 91 ]

XI

  Պըտույտ է տալիս վիճակը նորից՝
Քուշուշքը գըլխին ծաղիկ ծաղկամեր,
Թընդում «ջան գյուլում» մատաղ սըրտերից,
Հետը գըվգըվում էն ծաղկոտ սարեր։

290 — Ա՛յ թուխ մազավոր աղջիկ,
       Ա՛յ սարի սովոր աղջիկ,
       Ջիգյարին գյուլլա դիպչի
       Ով որ քեզ սիրի, աղջիկ։

— Ո՜հ, ի՜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ,
Սևաբա՛խտ քուրիկ, նազելի Անուշ.
Քու ձեռը կոտրի, ով որ հանեցիր…
Ու ողջ մընացին մոլորված, ապուշ։

  — Սուտ բան է, քուրի՛կ, դու մի՛ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա.
300 Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղըդ խաղա՛, ջան գյուլում ասա։

— Ա՜խ, չէ՛, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ.
Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել…
Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ.
Մանուկ օրից են դեռ ինձ անիծել…
Ասում են՝ մի օր, ես օրորոցում,
Մի պառավ դարվիշ մեր դուռն է գալի,
Իր խաղն ասում է ու բաժին ուզում,
Իմ նանը նըրան բաժին չի տալի.
310 — Կորի՛, ասում է, կորի՛ մեր դըռնից,
Երեխաս ճաքեց, հեռացի՛ր, գընա՛…
Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ,
Թե՝ դըրա օրը լացով անց կենա…
Ա՜խ, էն դարվիշի անեծքին անգութ
Ու էս վիճակին տեղյակ է աստված.

[ 92 ]

Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտըս էլ միշտ մո՜ւթ,
Ի՜նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված…
— Մի՛ տըրտմիր, Անո՛ւշ, մի՛ լինիր համառ.
Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ,
320 Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար,
Ու լալիս ես դու էդպես սրրտաճա՜ք…
Հանգի՛ստ կաց, քուրի՛կ, մի՛ վախիր էդքան,
Կյանքը քեզ համար վառ գարուն է դեռ,
Էդ քո նորահաս մատաղ կուսության
Առաջև դեռ կան երջանիկ օրեր։
Սուտ բան է, քուրի՛կ, դու մի՛ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա,
Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա։

(Խումբը երգում է)

330 Աղջի, բախտավո՛ր,
Երնե՜կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչքերին։

Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սեր-օրեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։

Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
340 Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես։

Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սար-յարեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։

[ 93 ]

(Անուշը մենակ)

Ա՜խ, իմ բախտը կանչում է ինձ,
Չեմ հասկանում՝ դեպի ուր…
Դողում է պաղ նըրա ձենից
Իմ սիրտը սև ու տըխուր։

350 Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք,
Թաքուն մի ցավ ունիք լուռ,
Աչիկներըդ լիքն է արցունք,
Սիրտներըդ սև ու տըխուր։

Ա՜խ, ծաղիկներն էս աշխարհքում
Տանջվում են միշտ էսպես զուր,
Տըրորվում են ու թառամում՝
Սիրտները սև ու տըխուր։

(Խումբը հեռվից)

Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
360 Վառ ցավեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։

ԵՐՐՈՐԴ ԵՐԳ

XII

  Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։
Ու պարից հետո լեն հըրապարակ
Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան,
Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան։

[ 94 ]

370 Հարա՜յ են տալի — «քաշի՜ հա, քաշի՜…»
Ու դուրս քաշեցին զոռով երկուսին.
Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին։
Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նման,
Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի,
Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի։
  Գոռում են, գոչում երկու բանակից․
— Սըրտապինդ կացեք, մի՛ վախեք, տըղե՛րք,
380 Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։
Ու տաքանում են տըղերքը սաստիկ,
Փեշերը հավաք խըրում են գոտին,
Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ,
Իրար են հասնում թափով մոլեգին…
  Ադաթ կա սակայն էն մութ ձորերում,
Ու միշտ հընազանդ հընոց ադաթին,
Ամբոխի առջև իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր իգիթին։
390 Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին
Քաշում են, ընկնում խոզապարկուկի.
Ընկնում են գետին, ելնում միասին,
Դըժվար է իբրև հաղթել մեկ մեկի։
Իզուր է գոռում ամբոխը հարբած,
Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ,
Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած,
Սառել ու կանգնել ինչպես մի պատկեր։
Անուշը կանգնա՜ծ… Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.
400 Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք։
Ու մինչդեռ Մոսին ընկերախաղի,
Կատակի տալով թողած էր իրեն,
Ուժ արավ Սարոն, ծընկեց կատաղի,

[ 95 ]

Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն։
Ամբոխը թափվեց հարա-հըրոցով,
Վեր թըռցրեց ջահել փահլևաններին,
Եվ ուրախության աղմուկ-գոռոցով
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։
410 Ցընծության ձայնից, ծափերի զարկից
Շարժվում են, ղոդղում պատեր ու օճորք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։

XIII

  Վեր կացավ Մոսին, իրեն կըտրատում,
— Թող գա՜, գոռում է, որ բըռնենք նորից,
Թե չէ նամարդը, արևս եմ երդվում,
Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռից։
Վե՜ր չի գցել ինձ… ինձ խաբել է նա…
Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա…։
420 Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում,
Թունալի ծաղրով կանչում են, գոռում.

    — Չե՛լավ, էդ չե՛լավ,
    Վեր չի գըցել դեռ,
    Մոսին թոլ էլավ—
    Խոզապարկուկ էր…
    Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք,
    Շատ էլ լավ կանի.
    Մեջքը թա՛փ տըվեք,
    Թող մին էլ բըռնի…
430 Հա՛, հա՛, հա՛, տըղերք,
    Մեջքը թա՛փ տըվեք…։

XIV

  Եվ աղմկալի հարսանքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր.

[ 96 ] 

Արյուն է կաթում սևակնած սըրտից,
Գընում է ըշտապ, քայլերը մոլոր։
— Ամո՜թ քեզ, Մոսի՛, թո՛ւք ու նախատինք,
— Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին,
Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ,
Դեռ քու թիկունքը չէր տեսել գետին։
440 Ի՜նչպես վեր ընկար դո՜ւ սարի նըման,
Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած…
Դո՜ւ… կուչ գաս տակին Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա՜նց…
Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին…
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին…
Դե մեռի՛ր, էլի՛, գետինը մըտի՛ր,
Տանը վե՛ր ընկիր՝ իլիկ պըտըտիր…։

XV

— Վա՜յ, վա՜յ, Մո՛սի ջան, ինձ մի՛ ըսպանիր,
Սըրանից հետո չե՛մ սիրիլ նըրան…
450 Վախենում եմ ես… ղամեդ տեղը դիր…
Սիրտըս դողում է տերևի նրման…
  Խնդրում էր լալով եղբոր առաջին
Անզոր ու դալուկ իր քույրը չոքած.
Մոսին՝ փայլկըտուն խանչալը ձեռին՝
Ուզում էր մորթել նըրան աչքը բաց։
— Դե իմ անունով երդվի՛ր, անըզգա՛մ,
Որ էլ Սարոյին դու չես սիրելու,
Թե չէ՝ տեսնո՞ւմ ես խանչալը հանած՝
Մինչև դաստակը սիրտըդ եմ խըրելու։
460 — Քու ոտի հողն եմ, Մո՛սի ջան, Մո՛սի,
Դու քու եսիրին երդո՞ւմ ես տալիս…
Ես էլ Սարոյին չեմ սիրում՝ ասի,
Տեսնո՞ւմ ես չոքած ի՜նչպես եմ լալիս…
— Դու խաբո՞ւմ ես ինձ, սուտլի՛կ, խաբեբա՛.
Չե՞ս սիրում ասիր․ էն ի՞նչ է հապա,

[ 97 ]

Էն ի՞նչ է հապա, որ տեղն ենք մըտնում՝
Հեկեկում ես դու գիշերվա մըթնում.
Էն ի՞նչ է հապա, որ դու երազում
«Սարո ջան, Սարո՜… Սարո» ես ասում…
470 — Մո՛սի ջան, Մո՛սի, գըլխովըդ շուռ գամ,
Ինձ մի՛ ըսպանիր, ինձ թող էս անգամ․
Էլ չեմ սիրիլ ես, երբ դու չես ուզում,
Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում…
Ինձ մի՛ ըսպանիր, ղամեդ տար հեռու…
Քու քույրը չե՞մ ես… իմ Մոսին չե՞ս դու…

XVI

  Ու էն հարսանքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար։
480 Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր,
Որ՝ աչքը դեռ բաց, էս լուս աշխարքում,
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի՝ Սարոյի գըրկում.
Գուցե գիշերս էլ՝ իր հերսից անքուն՝
Ուզում է ջահել քըրոջն ըսպանի,
Սարոյի անունն ու սերը թաքուն
Խանչալի ծերով սըրտիցը հանի։
Ո՜վ գիտի, գուցե հենց էս գիշեր էլ
Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ,
490 Մեկմեկու հոտից ոչխար են քըշել,
Մեկմեկից վըրեժ առնելու համար։
Կարող է նույնպես պատահել հանկարծ,
Որ մեկի դեզը, արդյունքը հընձի,
Գիշերվա ժամին, հըրով բըռընկված,
Երկնահաս բոցով աստղերը խանձի։

[ 98 ]

ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ

XVII

  Ամպերը դանդաղ ուղտերի նման՝
Նոր են ջուր խըմած ձորից բարձրանում.
Քարոտ թիկունքից Չաթինդաղ լերան
Նոր է արևը պըռունգը հանում։
500 Գյուղում աղմուկով իրար են անցնում,
Կըտեր ծերերին կանայք հավաքված,
Տըղերքը դեպի քարափն են վազում՝
Հըրացանների կիսերից բռնած։

XVIII

  Եկավ վիթխարի ծերունի մի մարդ,
Կանգնեց վըրդովված տըղերանց միջին,
Մատը դեպի ձոր մեկնելով հանդարտ
Էսպես նա պատմեց զոռ տալով չիբխին.
― Էս գիշեր, կեսը կըլներ գիշերվա,
Դեռ չէի կըպցրել աչքըս տեղի մեջ.
510 Քունս էլ է կորել, ջանս էլ էն վաղվա,
Ամեն մի բանից մընացել եմ խեղճ․․․
Հա՛, հալալ կեսը կըլիներ գիշերվա,
Շունը վեր կացավ էս կըռան վըրա.
Հե՜յ-հե՜յ, կանչեցի, ձեն տըվող չելավ.
Շունը գազազեց, շունը վեր կալավ․․․
Հե՜յ գիդի, ասի ինքս իմ միջում,
Ի՜նչ է մընացել առաջվան տըղից.
Քընում էի վաղ մենակ արխաջում,
Մի ձեն լըսելիս թըռչում տեղից․․․
520 Էն էի ասում, քնել չէի դեռ.
Կըլիներ դառը գիշերվան կեսը,
Երկու մարդկային սև կերպարանքներ
Շան առջև փախած՝ ցած իջան դեսը․․․

[ 99 ] 

  Էս որ լըսեցին, դես ու դեն ցըրված
Տըղերքը ճեպով ձորը ներս մըտան,
Ու մըտի տակին, ճամփիցը ծըռված,
Երկու մարդու թարմ ոտնատեղ գըտան։

XIX

  Ամբողջ մի ամիս խումբը զինավառ
Սարեր ու ձորեր ոտնատակ տըվեց՝
530 Չոբան Սարոյին գըտնելու համար,
Որ սարիցն իջավ, Անուշին փախցրեց։
Մի ամսից հետո տըղերքն եկան տուն,
Գովելով նըրա արարքը ճարպիկ.
― Հալալ է տըղին, ա՛յ իգիթություն,
Ահա թե ինչպես կըփախցնեն աղջիկ։
Մենակ Անուշի ախպերը― Մոսին
Մընաց հանդերում և երդում կերավ նա,
Ուր էլ որ լինին՝ նըրանց միասին
Գըտնի՝ կոտորի, սիրտը հովանա։
540 Մնաց հանդերում։ Եվ ահա մի օր,
Քաղվոր կանանց մեջ, մըթան հետ, թաքուն,
Շորերը պատռած, տըխուր գըլխակոր
Անուշը ձորից եկավ հորանց տուն։

XX

― Աղջի՛, Վա՛րդիշաղ, թե հոգիդ սիրես,
Մի գարիդ գըցի՛ր, տես ի՞նչ է ասում.
Աչքըս խավարի, տեսիլք դառնամ ես,―
Տեսիլք եմ տեսել գիշերըս երազում։
Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ,
Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած,
550 Լեզու էր առել ու խաղ էր կանչում,
Ու խաղ էր կանչում ձեն ձենի տըված․․․
Մի գարիդ գըցի՛ր, թե որդով խընդաս,

[ 100 ] 

Էս երազն իսկի ես լավ չեմ փորձել.
Ողորմած աստված, քու դուռը բանաս,
Քու ոտի հողն ենք― դու էս ըստեղծել․․․
Անբան գառները մութ ձորի միջին
Խաղ էին կանչում ու ձենով լալիս,
Սարոյի նանն էլ նըրանց առաջին
Աղլուխ էր փռել ու պար էր գալիս․․․
560 ― Աղջի՛, Մա՛նիշակ, վատ բան էս տեսել,
Գարիս էլ, ահա, էնպես դուրս եկավ.
Էս չարն, էս բարին․․․ Սարոն է էս էլ․․․
Տե՜ս, ահա, Սարոն սև ճամփեն ընկավ․․․
Աստված խընայի ջահել-ջիվանին,
Աստված խընայի իր անբախտ նանին․․․

XXI

  Ու ման է գալի սարերը ընկած
Սարոն փաղցրած եղջերվի նըման,
Օրհասն առաջին, գընդակն ետևից,
Հանդերը՝ դըժոխք, ընկերը՝ դուշման։

570 Եվ երբ երեկոն, հանդարտիկ ու լուռ
Սարերից իջնում, խավարն է պատում,
Նըրա բայաթին ողբում է տըխուր,
Ընկեր սարերին խոսում, գանգատվում։

  ― Բարձըր սարեր, ա՛յ սարեր,
  Ձեն եմ տալի «վա՛յ», սարե՛ր,
  Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
  Իմ դարդերի թայ սարե՛ր։

  Որս եմ՝ բութես ձեզ արած,
  Ձեր ձորերին, ձեզ արած,
580 Կուզեմ կորչեմ անգյուման,
  Էս աշխարքից բեզարած։

[ 101 ] 


  Կորչեմ բեզար դատարկուն,
  Քար-սարեսար դատարկուն,
  Մեռնեմ պըրծնեմ էս օրից,
  Բալքի առնեմ դադար-քուն։

  Ա՜խ, կըմեռնեմ՝ ամա նա
  Վա՜յ թե հանկարծ իմանա,
  Ես ազատվեմ էս ցավից,
  Աչքը լալով նա մընա։

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ

XXII

590 Լալիս է Անուշն երեսին ընկած,
Կանգնած են շուրջը կանայք հարևան,
Ու խոսք չեն գըտնում ասեն անարգված,
Տարած, ետ բերած, անբախտ աղջըկան։
Աստված խընայեց՝ կոպիտ ախպերը
Հեռու հանդերից դեռ տուն չէր դարձել,
Իսկ խոժոռադեմ ալևոր հերը
Սկսավ փըրփըրած թըքել, անիծել։
  — Դո՛ւրս գընա, կորի՛, ա՛յ լիրբ, անըզգա՛մ,
Սև ու սուգ լինի թագ ու պըսակըդ.
600 Կորի՜, չերևաս աչքիս մյուս անգամ,
Գետինը մըտնի երկար հասակըդ։
Տեսա՛ր, որ նըրան ատում Է Մոսին,
Չեն ուզում, տեսար, նըրան հերն ու մերդ․
Դու քա՞նի գըլուխ ունիս քո ուսին,
Որ վեր ես կենում փախչում նըրա հետ։
Խըռնված գյուղացիք կըտուրից իջան՝
Մեղմելու կոպիտ բարկությունը հոր,
Հայտնըվեց նույնպես գյուղի քահանան,
Մի պատկառելի հըսկա ալևոր։
610 — Դո՛ւրս գընացեք, դո՛ւրս, գոչեց տերտերը,

[ 102 ] 

Անուշը թողեք ուղիղն ինձ ասի,
Թողեք նա հայտնի իր միտքն ու սերը,
Նըրանից հետո բանը կըպարզի։
Մի՛ լար, իմ աղջի՛կ, ինձ խոտովանի՛ր,
Սիրու՞մ ես նըրան, քու կամքո՞վ փախար․․․
Եթե սիրում ես՝ էլ դարդ մի՛ անիր,
Պիտի պըսակեմ ես ձեզ անպատճառ․․․
― Ի՜նչ են հառաչում․․․ էն ո՞վ էր, մի տե՛ս,
Որ դուրսը հանկարծ աղմըկեց էսպես․․․
620 Ո՞վ է ըսպանել․․․ Մոսի՞ն․․․ ո՞ւմ․․․ ո՞ւր․․․
― Անո՜ւշ, հե՛յ Անո՜ւշ․․․ ջուր հասցրե՜ք, ջո՜ւր․․․

XXIII

  Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկընքի մըթնած ամպերից իջներ,
Ինչպես փոթորիկ սաստիկ սրընթաց,
Գյուղից սըլացան մի խումբ կըտրիճներ։
Ցավից տաքացած էլ բան չեն հարցնում,
Թըռչում են, ասես ահից հալածված,
Ու նըրանց առջև ահռելի բացվում,
Թըշշում է ձորը արյունով լըցված։
630 Գյուղը դատարկվեց մի ակնթարթում,
Քարափի գըլխին կանգնած անհամբեր,
Լո՜ւռ, սըրտատրոփ ականջ են դընում,
Նայում են ներքև․․․ ձեն չի գալիս դեռ.
Դեբեդն է մենակ անդընդում՝ հուզված՝
Խըլաձայն ողբում սողում դեպի ցած։

XXIV

  Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր։

[ 103 ] 

640 Առանց նայելու մարդկանց երեսին,
Առանց խոսելու, սևակնած, դաժան,
Մոտեցավ սրահին, կախ տըվավ սընին
Սև հըրացանը՝ սև օձի նըման։
Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված,
Ոչ ոք ծըպտալ չի համարձակվում,
Մենակ մի հոգի անզուսպ կատաղած՝
Հարա՜յ է կանչում, երեսը պոկում։
Մեռած չոբանի պառավ նանն է նա՝
Ցավից խելագար բառաչում, լալիս.
650 Տարաբա՜խտ ծընող, վազում է ահա,
Ձորիցն է տըխուր գոռոցը գալիս։

XXV

  Սըգավոր կանայք նըրա ետևից
Հարա՜յ կանչելով ձորը վազեցին,
Իրենց կորցրածն էլ հիշելով նորից՝
Դիակի շուրջը կարգով շարվեցին։
Իգիթին վայել սըրտառուչ ողբով
Լաց ու կոծ արին ձեն ձենի տըված.
Տըղեքն էլ մըթին, լուռ ու գըլխակոր,
Մընացին մոտիկ քարերին նըստած։
660 Ողբացին անշունչ դիակի վըրա՝
Անտեր մընացած ոչխարի մասին,
Անսիրտ անեծքով հիշեցին նըրա
Անճար մընացած խեղճ յարի մասին.
Եվ նըրա մասին, որ ընկերները
Հանդը գընալիս Սարո կըկանչեն,
Որ սարից փախած սոված շըները
Կըտերը պիտի ոռնան, կըլանչեն։
Ծանըր չոմբախը, գըլուխը մեխած,
Օճորքում դըրած պիտի մըրոտի,
670 Երկար խանչալը, պատիցը կախած,
Պատենում մընա ու ժանգը պատի․․․
Որ հով սարերի սովորած նանը

[ 104 ]

Էլ սար չի գնալ առանց Սարոյի։
Սև շորեր հագած կընըստի տանը,
Անցած օրերը միտը կըբերի։
Եվ ամեն մի խոսք, մի հիշողություն
Կըտրատում էին սիրտը ծեր նանի,
Եվ աղաչում էր նա մեռած որդուն՝
Մի անգամ խոսի, աչքը բաց անի։
680 ― Ընչի՞ չես խոսում, ընչի՞ չես նայում,
Իմ օր ու արև, կյանք ու ջան՝ որդի,
Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլում,
Թըշնամի՛ որդի, դավաճա՛ն որդի․․․
  Բայց չէին բացվում աչքերը փակված,
Շուրթերը սառել չորացել էին.
Նըրանց արանքից ատամները բաց՝
Սիպտակ շարքերով երևում էին։
Ու նա կատաղած՝ հանդուգն անեծքով
Ծառս եղավ դուշման երկընքի դիմաց,
690 Եվ հայհոյում էր, և կուրծքը ծեծում,
Եվ լալիս էին ձեն ձենի տըված․․․
― Կարմիր արևից ընկած, Սարո ջա՜ն,
Կանանչ տերևից ընկած, Սարո ջա՜ն․․․
Արևս հանգավ, Սարո ջա՜ն,
Գիշերս ընկավ, Սարո ջա՜ն․․․
  Գիշերը իջավ, թանձրացավ մութը,
Եվ նըվազեցին ձեները տըրտում,
Հոգնեցի՜ն, հանգա՜ն․․․ Ծերուկ Դեբեդը
Սըգում էր մենակ խավար անդընդում։
700 Սըգվոր գետը՝
      Ծեր Դեբեդը,
      Սիրտը քըրքըրած,
      Ջուրը փըրփըրած,
      Քարոտ ափին,
      Լեռ քարափին,
      Դեռ ծեծում է,
      Հեծեծում է․․․

[ 105 ] 


XXVI

Եվ մի քանի ընկեր-տըղեք
Ձորում, գետի եզերքին,
710 Փոս փորեցին ու սըրտաբեկ
Հողին տըվին հովվի դին։
Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով
Բյուր խընկեցին դյուրեկան,
Ծեր Դև-բեդն էլ ահեղ ձենով
Երգեց վըսեմ շարական։
Ու տըղերքը տըխուր ու լուռ
Վերադարձան դեպի տուն,
Ձորում թողած մի սև բըլուր,
Մի գերեզման անանուն։

ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ

XXVII

720 Գարունը եկավ, հավքերը եկան,
Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան.
Մի աղջիկ եկավ, մի մենակ քաղվոր,
Գետի եզերքին շըրջում էր մոլոր,
Շըրջում էր մոլոր, խընդում ու լալիս,
Երգեր է ասում ու ման է գալիս։

― Սիրուն աղջի՛կ, ի՞նչ ես լալիս
Էդպես մենակ ու մոլոր,
Ի՜նչ ես լալիս ու ման գալիս
Էս ձորերում անեմ օր։
730 Թե լալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կըգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՜խ, նա գընա՜ց, նա գընա՜ց․․․
Արտասվելով, լալով էդպես

[ 106 ] 

Ետ չես դարձնի էլ գերիդ,
Ինչո՞ւ իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ։
Նըրա անբախտ շիրմի վըրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
740 Դու էլ գընա նոր սեր արա,
Էդպես է կարգն աշխարհի։

― Շնորհակալ եմ, անցվոր ախպե՛ր,
Աստված պահե քու յարին.
Ճամփիդ վերջում կանգնած է դեռ
Անուշ ծիծաղն աչքերին․․․
Ուրախ սըրտով դուք ձեր սերը
Վայելեցեք անթառամ,
Ինձ արցունք է տըվել տերը,
Ես պիտի լամ, պիտի լամ․․․

750 Ու ման է գալիս
Երգում ու լալիս։
Երգերը անկապ, երգերը տըխուր,
Արցունքի նըման հոսում են իզուր.
Բայց լալիս է նա ու երգեր ասում,
Ու միշտ էն անմիտ տըրտունջն է խոսում,
Թե ինչպես հանկարծ աշխարքը փոխվեց,
Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան,
Սարերը մընացին որբ ու անչոբան,
Թե ի՛նչպես հանկարծ նա գընաց հեռու,
760 Էլ չի՜ դառնալու, էլ չի՜ դառնալու․․․
     ― Ե՛տ դառ, ե՛տ, իգի՛թ,
     Ե՛տ դառ, անիրա՛վ,
     Կարոտած յարիդ
     Աչքը ջուր դառավ։
     Ոչխարդ էն սարով
     Շուռ տուր, տո՛ւն արի,
     Փախի՛ր գիշերով
     Ու թաքուն արի․․․

[ 107 ] 

Ա՜խ էն կանանչ սարի լանջին
770 Ո՞վ է քընած էն տըղեն,
Վըրեն քաշած սև յափընջին.
Կուռը հանած էն տըղեն․․․
Ջա՜ն, իմ յարն է, ջանի՛ն մեռնեմ,
Ծաղկի հոտով նա հարբել,
Սարի լանջին, հովի միջին
Մուշ-մո՜ւշ, անուշ մըրափել։

     Վե՛ր կաց, վե՜ր, իգի՛թ,
     Վե՛ր կաց, անիրա՛վ,
     Ոչխարըդ բեր կիթ,
780 Օրը ճաշ դառավ․․․
     Արի՜, ջա՛ն, արի՜,
     Քու գալուն մեռնեմ,
     Թուխ չոբան, արի՜,
     Կարոտըս առնեմ։

Տեսե՛ք, տեսե՛ք, դափ ու զուռնով
Ի՞նչ հարսնիք է դուրս գալի,
Մարդիկ ուրախ, թոն ու ձյունով
Ձի են խաղում, չափ տալի․․․
Աղջի՛, աղջի՛, մըտիկ արեք,
790 Էս ի՞նչ տեսիլք ես տեսա.
Ո՞վ է տեսել էդպես հարսնիք―
Ո՛չ հարս ունեն, ո՛չ փեսա․․․

     Բերում են հըրեն,
     Ամա՜ն, մեր տան դեմ․․․
     Վե՛ր դըրեք, վըրեն
     Հյուսերըս քանդեմ․․․
     Ես է՜լ եմ գալիս,
     Էդ ու՞ր եք տանում․․․
     Ինձ էլ թաղեցեք
800 Իր գերեզմանում․․․

[ 108 ] 

Ա՜խ, չէ՜, ամա՜ն, ասում են դա
Մի դիակ է լո՜ւռ, հոտած,
Արյունը չոր դեմքի վըրա.
Աչքերն անթա՜րթ, սպիտակած։
Նա սիրուն էր, անուշահոտ,
Աչքերը լի ծիծաղով,
Նա գալիս է ցողոտ, շաղոտ,
Հանաքներով ու խաղով․․․

     Արի՜, ջա՛ն իգիթ,
810 Արի՜, անիրա՛վ,
     Կարոտած յարիդ
     Աչքը ջուր դառավ։
     Էլ մի՛ ուշացնի,
     Ես շատ եմ կացել․․․
     Էլ մի՛ լացացնի,
     Ես շատ եմ լացել․․․
     Տե՜ս, կըխռովե՜մ,
     Լաց կըլեմ ես է՜լ․․․
     Չեմ խոսիլ քեզ հե՜տ․․․
820 Չեմ սիրիլ քեզ է՜լ․․․

XXVIII

  Անլըռելի վըշվըշում է
Պըղտոր ջուրը Դեբեդի,
Նըրա ափին կանաչում է
Մենակ շիրիմն իգիթի։
Նըրա շուրջը հեգ սիրուհին
Թընդացնում է ողբ ու լաց,
Ձեն է տալիս իր Սարոյին
Ու պըտըտվում մոլորված։
Ու հոսում է գիշեր-ցերեկ
830 Արցունքն անբախտ աղջըկա,
Բայց իր սիրած տըղան երբեք

[ 109 ]

Չըկա՜, չըկա՜ ու չըկա․․․
Վըշվըշում է գետը― վո՜ւշ, վո՜ւշ,
Ու հորձանք է տալիս հորդ,
Ու կանչում է «Արի՜, Անո՛ւշ,
Արի՜, տանեմ յարիդ մոտ․․․»

― Անու՜շ, ա՛յ աղջի՜, Անո՛ւշ, տո՜ւն արի․․․
Կանչում է մերը վերևից, կանչո՜ւմ.
Լո՜ւռ են ձորերը, լո՜ւռ են ահռելի,
840 Դուշման Դեբեդն է մենակ մըռընչում։

Վուշ-վո՜ւշ, Անո՛ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՛կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին․․․
Վուշ-վո՜ւշ, Սարո՛, վուշ-վո՜ւշ, իգի՛թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին․․․

XXIX

  Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
850 Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։

  Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։