Jump to content

Անուսումնասիրություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Անուսումնասիրություն


I


Ո՛վ անհոգ Տգետ և թեթևամիտ,
Ե՞րբ պետք է դուրս գաս ուղիղ ճանապարհ,
Ե՞րբ պետք է զարթնի քո անգործ հոգիդ,
Ինչպե՞ս ես տանում այդ լուծը վատթար։
5 Չէ՛, քո նպատակ պախարակելի,
Եվ չունիս առաջևդ մի այլ նպատակ,
Ճակատիդ վերա ես նախատինքի
Կարդում եմ միայն զզվելի կապանք։
Այսպես է պտուղ, ո՛վ թշվառական,
10 Երբ անարգեցավ Աստուծո պատկեր,
Երբ սուրբ Հանճարը բանականության
Ապականեցին ճճի՛ք և ցեցե՛ր։

II


Ո՛վ Տգիտություն, գազան ահավոր.
Դու, միշտ փոխելով քո կերպարանքը,
15 Թևավորվում ես և ևս զորավոր,
Որ թունավորես մարդկեղեն կյանքը։
Եվ քո խորամանկ, քո չար մեքենան
Գիտե գրավել շողուն ճաճանչով
Թույլերի սրտեր, որոնց կրթության
20 Տաճարն չկարաց ծավալել լուռով։
Եվ ինձ շատ անգամ դու փորձ փորձեցիր
Դրել պաշտոնյա քո անփառք կուռքին.
Դու, որպես պարզ օր քեզ ցույց տվեցիր,
Բայց շատ վստահ էր իմ մատաղ հոգին.
25 Նա գիտաց պատժել քաղցր սատանան,
Եվ նա որդեգիր գնաց Գիտության։

III


Բացվի՛ր ընդարձակ, իմ հոգու տաճար,
Կամ իմ քաջությամբ գնալ ճանապարհ.
Եվ չմեղանչել խղճիս սրբության։
30 Սրբի՛ր իմ առաջս. թո՛ղ պարսավական
Զրախոսությունք ինձ չխափանեն,
Եվ գլխիս ուղեղն թո՛ղ չապականեն։
Մաքրի՛ր, մշակի՛ր իմ լայն ասպարեզ.
Կեցցե՜ Գիտություն, պաշտոնյա՛ եմ քեզ։
35 Խոստովանությամբ ծունր եմ խոնարհում,
Որ դու ես միակ Արարիչ լուսո.
Խելքիս բանալին քեզ եմ նվիրում,
Արա՛ ինչ կամիս՝ եղիցեն կամք Քո։

IV


Երբե՛ք և երբե՛ք խոնարհելու չէ
40 Իմ պարանոցը աշխարհ էս առաջև,
Թեև չարչարվեմ, թե օրս հառաչե.
Ազա՛տ թող փայլե իմ կյանքի արև։
Կեղծավորություն, անարժան գործեր,
Հոգիս կաշառել ոսկով կամ գանձով.
45 Ես պետք է խեղդեմ այդ անարգ կիրքեր,
Որ կյանքին նայեմ համարձակ աչքով։
Հաստատ քայլերով գործըս կսկսեմ,
Թեև փշով լիք լիներ ճանապարհ.
Արդար քրտինքով ինձ հաց կճարեմ,
50 Եվ այնտե՛ղ ինձ վարձ՝ բարի և ո՛չ չար։

1864 թվին