Jump to content

Անսեր աղջիկ, իմ սեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Անսեր աղջիկ, իմ սեր...
ճկվել է ճյուղը՝ ձյունը ծանր է շատ,
ճամփան ճերմակի վրա է սահում,
թաթիկներդ, տես, հանկարծ չմրսեն, ձեռնոցներ հագիր,
Անսեր աղջիկ, իմ սեր։
Մենակ դուրս չելնես գիշերները մթին, անլուսին, կսպասեմ՝ մինչեւ
երկնքի վրա աստղերը զանգեն,
մինչեւ ծմակի աղբյուրներն իրենց երազում քեզ կանչեն,
մինչեւ ծառերի փչակում քնեն սկյուռիկները բոլոր,
Անսեր աղջիկ, իմ սեր։
Թե ուզենաս ձյուն ուտել, իմ ձեռքով քո ձեռքին խփիր,
հաճարենու ճյուղերով կոտրիր սառույցը՝ տաք շունչ է ելնում
աղբյուրից Թառամնի... Զգույշ՝ քայլելիս մաշիկներդ
                        չհանվեն, չմնան ձյուներում,
անսիրտ աղջիկ, իմ սիրտ...
Երբ գնամ (ես միշտ ճամփի վրա եմ), դու ինձ չես հիշի, գիտեմ,
դու ինձ կծածկես ձյուներով ու ճյուղերով եղեւնու
ու կնստես հեքիաթի ձին սպիտակ ու քնով
                      կանցնես ձիու վրա տխրությունից,
ու կարթնանաս, երբ ձին կհասնի դուռն Աստծու
ու մի քանի անգամ... կխրխնջա...
Անսեր աղջիկ, իմ սեր...
Խաղերիդ մեջ, կքրքջաս, վարդեր կվառես քո ծիծաղով ձմռանս մեջ։
Հետո... հանկարծ... լաց կլինես, որ դու անսիրտ եղար այդքան, որ դու
անսեր եղար այդքան...
Իսկ ձյուների վրա ծառերից իջած սկյուռիկները հազար
ու մի ծամածռություն կանեն,
որ ծիծաղեցնեն քեզ, որ նորից անհոգ քրքիջներդ նվիրես ծմակին...
Ու դու՝ արցունքն աչքերիդ, հիմա էլ կծիծաղես... կծիծաղես...
                էլի, անվերջ կծիծաղես...
այնքան, որ ծիծաղ-ծիծաղ-ծիծաղ կհալվես, կհալվես...
Ոu սկյուռիկներն էլ չեն իմանա։