Ինձանից բացի, ոչ ոքի մի ներիր, ինձ ներիր։
ՔՈ ԽՈՍՔԵՐԻՑ
Ես անսեր մի աղջիկ եմ... Սիրելիս։
Քամին մայր մտավ ծաղիկների մեջ,
լուսինը ջուրն է մտնում մորեմերկ,
լեռան հայացքը քավարանն է իմ
եւ, ներիր դու ինձ, բյուր անգամ՝ ներիր։
Ես անսեր մի աղջիկ եմ... Սիրելիս։
Մատներս, ահա, աստղին վառվում են,
քո առվի հունով այդ ես եմ հոսում,
բա որ քոնը չեմ՝ ինչո՞ւ քոնն եմ ես,
ինչո՞ւ ուրիշ տեղ ծաղկել չես կարող։
Ես անսեր մի աղջիկ եմ... Սիրելիս։
Մոմի արցունք եմ՝ կաթած խաչքարին,
ճամփաս բերում է անթիվ շուշաններ,
արեւ եմ ուզում՝ մեր Թումբի վրա,
թոնիրը վառիր, ես գալիս եմ, մա...
Ես անսեր աղջիկ եմ... Սիրելիս։
Դեռ կրակում են աստղիկները ջինջ,
ցավը հոսում է անխոս ու անկարգ,
ոսկե մաշիկիս բծեր կան արյան,
հոգիս պարում է փշերի վրա։
Ես անսեր մի աղջիկ եմ... Սիրելիս։
Ձեռքերս երկինք նետված հավքեր են,
Կռունկի աչք է կաթիլն արցունքի,
ծնկատեղերս հողին՝ հավքի բուն,
աղոթքներիս մեջ խունկ է անունդ...
Ամեն մի վայրկյան վազքի մեջ է խենթ,
շունչս կրակ է ծաղկի բերանում.
եղունգիդ ծայրին այդ ո՞ւմ աչքերն են...
Արեւն աշխարհում անարեւ է... եւ
Ես մի աղջիկ եմ անսեր... Սիրելիս։