Jump to content

Անտառում (Ակսել Բակունց)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անտառում (Ակսել Բակունց)

ԱՆՏԱՌՈՒՄ

(Ընկերոջս՝ Վաղոյին)

Երկար ճամփից հոգնած ու դադրած մի օր, լուսաբացին ես անտառ մտա, հինավուրց անտառը, որի միջով ճամփես էր անցնում, և պառկեցի կիսաչոր կաղնու տակ՝ կանաչի վրա:

Վաղուց էր, որ անտառում չէի եղել: Ծառերը մի քանի անգամ ծաղկել էին այն օրից, երբ ես արևամուտին, անտառի կանաչազարդ ուղիով անցա դեպի անհայտ հեռուները, այնտեղ, ուր արևն էր հանգչում:

Եվ անտառն աչքիս փոխված երևաց:

Կարծես մի չար ձեռք ամենալավ ծառերն էր ջարդել և արմատախիլ արել փոքրիկ ցարասենիները, որոնց մեղմ սոսափն ինձ հիշեցնում էր մանկուց լսած հեքիաթներն անուշ: Եվ ամեն անգամ, երբ անտառ էի գալիս, հոգիս անհունորեն իր ծալքերն էր բացում, ես ինձ երջանիկ էի զգում, որ անտառի անուշ բույրն եմ վայելում, և ունկնդիր ծառերի սոսափին, մտորում էի վաղուց մոռացված բաների մասին: Փոքրիկ ցարասենիները չկային...Ինչքա՛ն հաճելի էր փեթթել նրանց տերևները և մեկ-մեկ նետել պաղ ջրի մեջ:

...Իսկ այժմ ոչինչ չկար, անտառն ասես մեռել էր: Առաջվա գրավչությունը չկար: Ծառերը կարծես պառավել ու կորացել էին և հովի ամենաթեթև շնչից օրորում էին իրենց կատարները, ճիշտ այնպես, ինչպես ծերունին է երերում իր գլուխը, երբ հին, անցած-գնացած օրերի հաճույքն է հիշում:

Ճղակոտոր ու կիսաչոր ծառերը հուսահատորեն իրենց մերկ կատարները դեպի վեր էին ուղղել և մի անհայտ Աստծու պատմում, թե ինչքան ծանր է ճյուղերից զրկվելը: Անտառն երկնքին իր ցավն էր պատմում, իր մեծ ցավը, և անբարբառ զրուցում աստղերի հետ է խավարի մեջ՝ լքումով պատմում, որ մարզիկ անգութ են ու չար:

— Թրա՛խկ-թրուխկ, թրա՛խկ-թրուխկ, — լսեցի ես անտառի խորքից: — Փայտահատն է, — մտածեցի ես և միտս ընկան իմ մատաղ ցարասենիները, որոնք բուսել էին շարքով, առվի եզրին: Հիշեցի մի հեքիաթ այն մասին, թե ինչպես ծառերը հեծում են կացնի հարվածների տակ, և արյունը կաթիլ-կաթիլ դուրս է ծորում նրանց վերքերից: Խեղճ ցարասենիներ...

  • * *

Հիշեցի այն օրը, երբ վերջին անգամ անցա անտառով դեպի հեռավոր մի աշխարհ, ծառազուրկ ու սառնամանիքոտ, ուր այնքան շատ արյուն էր հոսել, և ուր դաշտերում կարմիր, ճիշտ արնագույն ծաղիկներ էին բուսնում:

Հրաշալի մի աշխարհ, ուր սարալանջերին, երբ գարնանամուտ է լինում, կանաչը բարձրացնում է գլուխը և դիտում հսկա դաշտերն ու ձորերը: Հեքիաթի մի աշխարհ, ուր ամեն ինչ հեքիաթ էր, մի լուսեղեն երազ, որ կար և չկար:

Անտառը գիտեր ամեն բան: Նա ականատես էր, երբ ես իմ հառաչները ծաղիկների սոսափին էի խառնում, երկնքի կապույտը դիտում, ասես երկնի անհունության մեջ էի որոնում այն աշխարհը, ուր երբեք ես չէի եղել, բայց որի մասին հրաշալի պատմություններ էի լսել: Պատկերները խուռներամ ուղեղիս մեջ էին լեցվում, ես զգում էի մի հաճելի թմրություն, կարծես արբեցել էի ծաղիկների բույրով:

Հայրենի աշխարհս անհայտ հեռուներից կանչում էր ինձ, հմայում: Ես դիտում էի ձյունապատ շղթան, որի մյուս փեշերը հայրենի աշխարհի ջրերով էին ոռոգվում: Գիտեի, որ այնտեղից երևում են իմ հեթանոս հայրենիքի արգավանդ և բերրի դաշտերը, և սրբազան Եփրատը ոլոր-մոլոր, լեռան փեշերը քերելով, անցնում է դաշտերի միջով և ցողում ծաղիկներն եդեմական:

Եվ մի օր, երբ արևի մարվող շողերը փայլփլում էին լեռան կատարին, ես իմ երազած աշխարհի ճամփեն բռնեցի: Ես ցանկացա մարմինս թրջել սրբազան գետի մեջ, և բարեպաշտորեն երկրպագել հեթանոս հայրերիս աստվածներին՝ ամենաճերմակ արջառները զոհելով: Ես կամեցա դիտել, թե ինչպես արևի հրաշեկ գունդը տաքացնում է այն պտղավետ երկիրը, ուր ամեն բան առատ էր և գեղեցիկ:

Անտառը ամեն բան գիտեր:

...Ու քայլեցի ես, ուրիշների հետքով, շատերի պես:

Ճամփեն երկար ու դժվարին, ճամփեն արնոտ ու մոլոր, բայց քայլեցինք մենք հավատով և անտրտունջ: Եվ հոգնած, արևառ ճակատով, հյուծված ու վտիտ, գալիք օրերի կարոտով էինք ջերմանում, երբ մի օր մեր երդիկից ծուխը պիտ ելներ և վայելքի, աշխատանքի երգերը պիտի լսվեին դաշտերում, սարերում:

Մեր ոտքերը մաշվեցին քայլելուց, մեր ծնկները կքվեցին ծանր բեռից, բայց մենք մեր աշխարհը չտեսանք:

Իզո՛ւր, իզո՛ւր, իզո՛ւր…

Ե՛վ արյուն, և՛ քրտինք, և՛ զոհ ու զրկանք, և՛ արցունք:

Մենք վերադարձանք այդ ճամփաները նզովելով, այդ ճամփաները, որ հազար-հազար մատաղ կյանք լափեցին և չհագեցան: Մեր ուխտը մեզ անմիտ թվաց, մեր ճամփան կորստաբեր, և մնացինք շվարած: Մեկը չեղավ, որ մեզ նոր ճամփաներ ցույց տար, որ ամոքեր մեր հիվանդ սիրտը և թև տար, նոր թևեր, ապրելու, ստեղծելու:

Հինավուրց անտառը բոլորը գիտեր:

  • * *

Ծառերը մեղմիկ օրորվում էին, ասես սգում էին բոլոր անթաղ մեռելների համար, որ այնպես առատորեն մենք ցրվեցինք այդ անարև երկրի սար ու դուրանում:

Հաստաբուն կաղնիները սգում էին մեր կյանքի վախճանը, և լռության մեջ անտառը մտորում էր խորախորհուրդ և մեծ գաղտնիքների մասին, որոնց հասկանալու համար մարդու միտքն անզոր է հավիտյան:

  • * *

Ճամփորդ էի ես՝ հոգնած ու ջարդված:

Ոտքերիս վրա դեռ մեծ ճամփի փոշին կար, այն ճամփի, որով գնացինք մենք հեռուներում հրաշքի աշխարհը որոնելու:

Կանաչազարդ անտառում, այնտեղ, ուր մեծացել էի ես, ուզեցի անէանալ, սուզվել անտառի խորության մեջ, մտովին գրկել նրա մեծ գաղտնիքները և թավուտների կիսախավարի մեջ վերհիշել բոլոր պատրանքները հին ճամփի:

Տերևները սկսեցին երերալ, հովը կամացուկ հպվում էր խոտերին, ծաղիկներին, ասես զգուշանում էր նրանց նիրհը վրդովել: Եվ մեղմաբար, քրոջական գուրգուրանքով շոյում էր քրտնաթոր ճակատս, կարծես հանդիմանում էր ինձ՝ թափառումիս ու որոնումիս համար: Թռչունները սկսեցին ձայնել, ճյուղից ճյուղ ոստոստել: Մի քանի թիթեռներ, օդում հանգույցներ կազմելով թռան անցան: Փայտփորը հավասար զարկերով և միապաղաղ կտցել սկսեց ծառի բունը:

— Անտառն էր զարթնում, հինավուրց անտառը:

Արևը դանդաղ և վեհափառորեն բարձրանում էր, արծաթե շողերով ողջ երկիրը ողողում: Լեռների կատարները սկսեցին հուրհրալ, ձյունը փայլում էր և խնդում արևի անզորության վրա՝ փափկացնելու դարավոր սառնությունը:

Մի թմրություն իջավ ինձ վրա, և ես քնեցի կաղնու տակ, ճամփի եզրին:

  • * *

Երբ զարթնեցի, կեսօրից բավական անցել էր: Արևն արդեն թեքվել էր դեպի արևմուտ:

Ծույլ-ծույլ մոտեցա առվակին, պաղ ջրով երեսս լվացի և նորից պառկեցի՝ այս անգամ սալորենու ստվերի տակ:

Չգիտեմ ինչու փշոտ սալորենու թուփը ինձ հիշեցրեց գանգրահեր մի գլուխ, և վաղեմի հուշերս վերակենդանացան, կարոտեցի նրան, որի հետ ես միշտ անտառ էի գնում:

Ես այժմ չեմ հիշում, թե ի՞նչի մասին էինք խոսում, միայն այդ զրույցների քաղցրությունը չեմ մոռացել:

Իմ մեջ մի անզուսպ կարոտ ծնվեց դեպի իմ մտերիմը, որին վաղուց չէի տեսել: Ցանկացա նրա հետ լինել, պատմել բոլոր զրկանքները և թույլ տալ, որ գուրգուրի կամացուկ, շոյի դեմքս և հոգիս լեցնե աղոթքով, խինդով:

— Սիրտս գուրգուրանքին կարոտեց, իսկ անտառում ոչ ոք չկար:

...Ու հիշեցի Հերդային:

— Ո՞ւր է նա, ո՞ր աշխարհում: Արդյոք հիշո՞ւմ է նա ինձ, արդյոք գիտե՞, որ ես մի մոլոր ճամփորդ եմ, մի անտուն շրջիկ, որ քնում է անտառում, ճամփի եզրին:

Եվ կարոտը մարեց իմ հոգում, այնպես ինչպես առաջացել էր: Ոչ ոք չեկավ ցավս հարցնելու, մեկը չկար, որին պատմեի, թե ինչքան ծանր է նստել հինավուրց անտառում և հին օրերը վերհիշել:

Զգացի, որ մենակ եմ, մեն-մենակ...

  • * *

Իրիկունն իջավ:

Եվ հեռացա ես վիրավոր անտառից, հեռացա՝ տրտում, գլխիկոր, ճամփես շարունակելու մինչև նոր հանգրվան, այնտեղից նորից քայլելու, քանի ճամփա կա, քանի ոտքերս չեն թուլացել: Ճամփես երկար էր, ճամփես դժվար էր...