Jump to content

Անտենը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՏԵՆԸ



Հայ մեծատունը որ վախճանվեցավ,
Ահեղ ատենի առջև կանգնեցավ.
Նախագահըն էր սուրբ Լուսավորիչ,
Անտենի հայոց ներկայացուցիչ։

Հայ մեծատունը շատ ուրախացավ,
Որ հայ դատավոր առջևը տեսավ,
Կարծեց նա թերևս հայն հայի համար
Դատաստան կանե ոչ շատ անաչառ։

Բացվեցավ ատյան, սուրբ Գրիգոր ասաց՝
«Մա՛րդ դու, պատմե՛ ինձ վարքդ սրտաբաց»։
Հայ մեծատունը բերանը բացեց,
Ու սուրբ Գրիգորին մեր այսպես պատմեց.

ՄԵԾԱՏՈՒՆԸ


        
Սերած եմ, տեր իմ, ես ազնիվ ցեղե,
Ժառանգությունս Մերձ-Հաղբատ գեղ է...

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ


(Ժպտալով)



Այդ մանըր բաներն են այժմ անպետք...

ՄԵԾԱՏՈԻՆԸ



(Ուշք չի դնելով նորա խոսքերին)



Ուստի՝ մականունն իմ է Հաղբատ-բեկ,
Տըղա օրերես ես ուշիմ էի,

Ինձ ու իմ շահը միշտ սիրում էի,
Ուսմանս՝ ժըրաջան, պաշտոնիս արթուն,
Վարքովս` մարդոց աչքն էի մըտնում.
Մեծավորները իմ շատ սիրեցին
Ու ընկերներես ինձ շուտ ջոկեցին...

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ


(Անհամբերությամբ)



Որդյակ, այդ բաներն ինձ չեն հարկավոր...

ՄԵԾԱՏՈՒՆԸ



(Ուշք չի դնելով նորա խոսքերին)



Տըվին աստիճանք, խաչեր պատվավոր...

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ



(Բարկացած)



Ո՜վ մարդ, չասացի՞ քեզ քանի անգամ,
Որ ինձ չի պատմես բաներ անպիտան.
Ասա ինձ ի՞նչ լավ գործ կատարեցիր,
Հայ ազգին ինչո՞վ ու ե՞րբ օգնեցիր,
Քաղցած վայրկենին տըվի՞ր նորան հաց,
Սրբեցի՞ր աչքերըն արտասուքե թաց,
Երբ որ նա մերկ էր՝ հալավ շնորհեցի՞ր,
Բանտե, կապանքե հայ ազատեցի՞ր.
Երբ տեսնում էիր դու մի հայ թըշվառ,
Գութըդ շարժո՞ւմ էր գեթ նորա համար,
Պողպատե սուրըդ ի սեր հայրենյաց
Գոնե մի անգամ ցուցի՞ր թշնամյաց.
Քու հայրենիքը՝ թըշվառ Հայաստան,
Քեզ տեսա՞վ մի օր իր արի պաշտպան.
Հինգ միլիոն հայի հեք դրությունը
Քամե՞ց երակիդ կաթիլ արյունը...

ՄԵԾԱՏՈՒՆԸ



Գիտեի մարդոց կասկած պիտ շարժեր,
Թե որ իմ հային ցույց տայի ջոկ սեր
Ուստի՝ անտարբեր մընացի դեպ հայն,
Փառքիս ասպարեզն եղավ մեծ ու լայն...
Պատերազմի մեջ քաջ հանդիսացա,
Բարձրագույն պատվի ես արժանացա,
Սոսկ ազնիվ էի..այժմ եմ իշխան,
Մի՞թե մի դրախտի չարժե այսչափ բան.
Ասածներուս մեջ մի հովտ սուտ շխկա,
Թագավորներուն կանչում եմ վըկա...

ՍՈԻՐՐ ԳՐԻԳՈՐ



(Տրտմած)



Եթե թագավորք են քու բարեկամ,
Նոքա էլ լինին թող քեզ օգնական.
Իսկ ես լոկ նոցա կուտամ օգնություն,
Որք ցուցին հային իմ կարեկցություն.
Ի՞նչ փույթ, որ ասեն Գրիգոր անտենում
Էլ մինչև անգամ յուր ազգն է սիրում

Փակվեցավ ատյանն, ու սուրբ Գրիգոր
Մըտավ ադին-դրախտ մենակ, գլխիկոր։