Jump to content

Աշխարհում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Աշխարհում բացատրում են բոլորը,
քանզի ոչ ոք ոչ ոքի չի հասկանում։
Քարերը բազմանում են
երկնքում։
Օդ են փնտրում բառերը։
Օձը զիգզագում է ճանապարհը։
Սովորույթը սպանում է։
Երբ հեռացման ճանապարհի վրա
արվի
քայլը ամենավերջին,
այնժամ կիմացվի միայն, թե որտեղ էինք։
Մեր կենսագրությունը, դա այն վայրն է,
ուր մենք գտնվում ենք անբռնազբոս։
Բիլ Քլինթոնը բոզի տղա է։ Սա իմ կարծիքն է,
Ինչ վերաբերում է Սալվադոր Դալիի բեղերին,
այդ մասին կխոսենք
Հիմալայի ամենաբարձր կետում, երբ կուզենանք
իսկական որեւէ ցլամարտի տեսագրություն դիտել։
Ես ամեն օր հրաժարվում եմ
ինձ սպանելու մտքից
եւ դա ամենալավ ձեւն է
ինքնասպանության։ Դու այդ վիճակի խոհարարն ես։
Լվացքաջրի հետ շպրտված երեխան
ինքն-իրեն աճել է շամբուտների մեջ
եւ հիմա
աղջիկներին ծաղիկներ է նվիրում աջուձախ։
Սիրվելուց երես առած աղջիկները
մեղք են,
որովհետեւ ամենաազնիվ սերը չսիրելն է։
Մարգարիտը ձանձրույթի մեջ փայլում է
որպես ցնդած մարդու ժպիտ։
Գայլի ոռնոցը չի մարսվում ձորի մեջ։
Միշտ դյուրին է ասվում փոխարինող բառը
եւ հիմնական բառը
չկա միշտ։
Աշխարհում բացատրում են բոլորը
եւ ոչ մեկը ոչ մեկին չի հասկանալու։
Եվ միայն ես եմ, որ ամեն ինչ գիտեմ,
որովհետեւ
ինձնից հիմար մարդ աշխարհում չկա։