Աշնան առավոտ
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Աշնան առավոտ
Ահա՛ աղմուկ-դաշտում սրինգը սուլելով,
Իմ մենավոր, խաղաղ ժամը վըրդովեց.
Եվ սիրավառ ցընորքներս վանելով.
Վերջին գողտրիկ երազիս էլ վերջ տվեց.
Փախավ արդեն մութ ըստվերը գիշերի,
Լույսը բացվեց, փայլփլում է գունատ օր.
Էլ նա չըկա՜… Համըր, անշարժ, տաղտկալի
Դատարկություն է տիրել իմ չորս բոլոր…
Գետափ ելա, ուր հաճախ էր նա սիրում
Դուրս գալ զբոսանք գիշերներին լուսնկա,
Սակայն այնտեղ, մարգագետնի դալարում
Նորա սիրուն ոտքի հետքն էլ չըգտա:
Եվ մտախոհ ընկած թավուտ անտառներ,
Սկսեցի ձայն տալ հոգուս հատորին,
Անունն հիշել, բայց, ո՛հ, դատարկ հովիտներ
Միայն հեռվից լոկ արձագանք ինձ տվին…
Եվ հմայված ես առվակին մոտեցա —
Նա յուր սահուն կոհակներն էր թավալում.
Բայց անմոռաց այն պատկերը չըտեսա
Ե՛վ առվակի պարզ ու վճիտ ջըրերում:
Էլ նա չըկա՜… Մինչ քաղցրաշունչ, նոր գարուն
Անջատված եմ ես սիրասուն իմ յարից.
Անկյանք ձեռքով ահա արդեն ցուրտ աշուն
Ծառեր, թըփեր զըրկել է թավ դալարից.
Եվ ժանտ աշունն աղմկում է անտառում,
Օդում պըտտում տերևն անկյանք ու անուժ.
Աշնան քամին մերթ սուլում է. մերթ լըռում,
Չորս բոլոր ծով են կապել մեգ–մըշուշ:
Օ՜, դա՛շտ, բըլո՛ւր, օ՜, դուք ծանոթ հովիտնե՛ր,
Որ պահում եք անդորրություն սըրբազան,
Դուք իմ վըշտի և խնդության վըկանե՛ր,
Մնա՜ք բարև… Մինչ գալուստը նոր գարնան։