Jump to content

Աչքերիդ մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Աչքերիդ մեջ՝ յոթ երկինք եւ յոթ ծաղկած ծիրանի, -
Ծովը ելել խորքերից ու ճեմում է իր ափին,
Արեգակի ծոցն ի վար ժայռից վարդեր են կաթում,
Օրվա արնոտ պահից ներս մեծանում է մի երազ
Եվ հայացքդ՝ մի ասեղ, խաղում է իմ արյան մեջ։

Ես ծնկել եմ ցավի դեմ հազարամոմ խաչքարի, -
Մութ հուշերը կախվել են արցունքներից գիշերվա,
Միանգամից հազար դուռ ճռնչում են իմ ներսում,
Ծվարում է վանքը հին իմ ժայռեղեն թեւերում
Եվ Աստված քո ձեռքը սուրբ դնում է իմ ափի մեջ։

Փշրվում են ջրերը ճանապարհին սափորի. -
Օրը քաշում իմ թեւից, մտնում է նոր մի խորան,
Երազներս՝ ձիգ-շիտակ, ընձյուղվում են քամու մեջ,
Ես իմ ափում քո սրտից պող եմ տանում երանիկ,
Եվ ուշացած մի տղա փեշն է քաշում արեւի։

Հողը անխոս փխրում է ոտքերիս մեջ սիրերգակ, -
Լույսի մեկնած ճյուղերին բողբոջում է սիրտը թեժ,
Ես ուսերիս տանում եմ եղերական մի թախիծ,
Քո հեռվի հետ տարատանջ պսակվել եմ ժամ առաջ
Եվ շարժվում են, Տեր Աստված, տուն են գալիս դարերը։

Ես ճամփադ եմ... Եվ դեմից լեռն է գալիս ընդառաջ,
Թեւերիս մեջ բացվում է աստվածընծա աղավնին,
Թել եմ հանում աղեղի մկաններից իմ պրկված,
Տապանը մոտ եմ քաշում՝ գագաթների կարոտով
Եվ մեծ սիրո ոտքի տակ ինձ վառում եմ որպես խունկ։