Քարերն ընկած մի աղբյուր ծարավ հավքին է փնտրում, -
Շոգը որպես մեղվապարս իր մեջ կծկեց օրը դառն,
Երկնի աչքում ցամաքող կուլ է գնում մի արծիվ,
Հովիտներում հեռավոր խոտայրուքի բույր կա թարմ
Եվ ես ձեռքս քո ձեռքին՝ լույս եմ ըմպում աչքերով։
Թարթիչներիդ վրա մութ սիրտս իջավ աստղի պես, -
Հրատերեւ դողն ընկավ, կաթեց ուղիղ հոգուս մեջ,
Աշխարհով մեկ մի ծաղիկ բուրվառում է կրծքիս տակ,
Դուռս քո տան դռնից ներս բողբոջում է երազով
Եվ ես լցվում ավշի մեջ, բարձրանում եմ ծառն ի վեր։
Ջուրն եմ նետում գլխարկս՝ որպես կապույտ հավքի բույն, -
Հետո այդ պարզ տապանում ես տեսնում եմ ինձ ու քեզ,
Ապա կտցին աղավնու ճյուղն է ծաղկում ձիթենու,
Ու սուրբ լեռան տաք հովտում սերդ գինի է դառնում
Եվ ես կավե գավաթին խոնարհված եմ դարերով։
Արշալույսի մարմրող անուրջները վառ են դեռ, -
Քարից բխած ծիլի տակ քարը փխրեց, դարձավ հող,
Ինձ փնտրում են աչքերս, որ տուն տանեն վերջապես,
Մոտենում է ինձ հեռուն՝ ցավի բերած համբույրով,
Եվ ես աչքս քո աչքին՝ վարդ եմ քաղում... աչքերով։