Jump to content

Ապաշխարանք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՊԱՇԽԱՐԱՆՔ

                          Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին...
                                                    Հովհ. Թումանյան

Ձանձրալի, տաղտուկ օրեր են,
Հոշոտում են բոլոր-բոլորին.
Օրերը Մսրա հորեր են
Ճամփաներին։

Գզում են, ուտում մեկ-մեկու,
Անզիջում են, ոխով են լեփլեցուն.
Դանակ են խրում աներկյուղ,
Անհոգ անցնում։

Ամենքը՝ խեղված ու քսու,
Քաոսի մեջ այս անհոգ ու անհերկ.
Չարքերն իրար սեր փսփսում,
Պարում են մերկ։

Արնաներկ, անկուշտ ե՜րախնե՜ր,
Թպրտում է հավատը գայլախեղդ.
Չկա դարձ, չկան «մե՜ղաներ»
Եվ ոչ էլ՝ մեղք։