Jump to content

Այս ճամփան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Այս ճամփան թող որ ետեւում մնա,
այս ճամփան, ավաղ, կարճվեց՝ չհասած։
Կանգնել եմ հոգնած դերվիշի նման,
եւ լերդացել են իմ մեջ վիշտ, կասկած։

Քայլը չի խոսում ճանապարհի հետ,
Օտարացել են հայացք ու շարժում։
Սեւ է ճերմակը։ Առուն՝ նիզակ-նետ։
Եվ պահը լույսի մահ է ու դրժում։
Մռայլ ու դատարկ, ամայի՛ աշխարհ,
Սատանայի պար՝ մթում ձուլածո...
Չկա կենարար հույսի մի նշխար,
Որ մեկ-մեկ բացի դուռը Աստծո։

Փլվեց ամեն ինչ, ամեն ինչ կորավ,
Շուրթիս սառել են լույս ու մանանա։
Իմ երազները այս ճամփան կերավ,
ճամփորդ եմ՝ ճամփից խռով ո՞նց գնալ...
                                         12.02.97թ.