Jump to content

Ապրիլի գիշեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ապրիլի գիշեր


Ավերակույտ ու մեռելնե՜ր ամեն դի...
Ի՜նչ փույթ, ահա վարդերն աղվոր կը բացվին.
Կյանքն է նորե՜ն հեշտին, ի՜նչ փույթ...
Նորեն բոսոր արշալույսներն
Եվ աղջիկներն իրիկնանույշ՝
Կը հեղեղեն
Հոգիներու մեջ կիսափուլ՝
Սեր ու գինի ու ճառագայթ...

Ավերակույտ ու մեռելնե՜ր...
Բայց կ’ըսեն թե՝
Արյունահեղձ դաշտերուն մեջ
Դիակներուն քովն ի վեր՝
Մեծ շուշաններ հանկարծորեն
Կը փթթին...

Կիսաթաղ գանգ մը կնոջ,
Գիշերին մեջ,
Կըզակովն իր անճոռնի՝
Աստղերեն ցող կը խմե...

Ներբանիս տակ ճռընչեց...
Կարծես հոգի՜ մ’ուներ դեռ...
Կյանքին մեջ
Թերևս աղջիկ մ’էր աղու...

Արդյոք որչա՜փ կը սիրեր ան գինովնալ․
Այսպես Ապրիլ գիշերներ՝
Լելակներեն, շրթներեն...
Արդյոք ինչպե՜ս երկյուղած,
Իր կուսական խցիկին մեջը ծունկի՝
Մոմին լույսով կ’աղոթեր...

Ներբանիս տակ ճռընչեց...
Կարծես արցունք մ’ուներ դեռ...

Ի՜նչ փույթ։
Պետք է կոխել ու անցնի՜լ,
Պետք է մոռնա՜լ...
Պետք է խենթի պես խնդա՜լ...
Պետք է թողուլ որ ժամանակն ալևոր
Օր մը գըրե՝
Մատվըներովն իր բորբոս՝
Մահավճիռն երկնաբնակ Դահիճին...

Հիմա, հեռո՜ւն,
Ահա ջրվե՜ժն Ապրիլի ջինջ աստղերուն...