Ծառը (Մատթեոս Զարիֆյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հաղթանակ Ծառը

Մատթեոս Զարիֆյան

Ապրիլի գիշեր


Ծառը


Ձըմեռ օրեր,
Երբ փոթորիկն ըլլար մըռայլ,
Ես կ’երթայի՝ խորն ամայի դաշտերուն,
Ականջ տալու կես-գիշերվան քրքիջին։
Սլա՞ցքն անոր․․․
Պերճ ու հպարտ, խաղաղությամբ մը խորունկ,
Ան կ’երկարեր արտասվահյուծ աստղերուն՝
Բազուկներն իր հոլանի,
Զերդ պարմանի մ’իր հարսին.
Գիշերին մեջ կը լսեի կարծես թե՝
Ձայնն իր զուլալ համբույրին․․․

Ինծի համար,
Խորհրդանիշն էր ան Ուժին ու Կյանքին․․․
Ու ես հավատքն ունեի իր անմահության․․․
Փոթորկին դեմ իր քրքիջով՝
Ան մըտածումս կը հաներ լեռնե մը վեր․․․

Անցյալ աշնան,
Օր մը հանկարծ մարդեր եկան
Խորն ամայի այն դաշտերուն,
Կացիններով, պարաններով․․․
Ուրվականնե՞ր էին կարմիր․―
Կը խնդային վըհուկի պես․․․

Հսկա մուրճովն իր արևուն՝
Աստված դարե՜ր աշխատեր էր անոր համար։
Այդ մարդերուն
Քանի մը ժամը բավեց
Զայն խլելու իր հոգնաբեկ բազուկներեն...

Իր մահեն ետք,
Ա՛լ չզգացի, երբ փոթորիկն եղավ մըռայլ,
Խորն ամայի դաշտերուն.
Մըտածումս իջեր էր վա՜ր Լեռներեն...
 



Հիմա աղվոր գարուն է.
Եվ անցյալ օր,
Մղում մ’համառ նորեն քայլերս մղեց հոն,
Խորն ամայի այն դաշտերուն.
Եվ հուզումես ինկա ծունկի

Կացինահար ծառն էր նման շիրմաքարի
— Սև գերեզման մը խոժոռ —
Բայց իր կողեն
Արծվաթըռիչ նիզակներու խրոխտանքով՝
Բարունակներ ժայթքեր էին դեպի երկինք։

Անոնց մեջեն
Նորափետուր թռչուններ ե՜րգ կ’երգեին...