Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՊՐԻԼ-24
Հողի վրա կաթեց արյուն, -
մշուշվել է հուշը սարում,
սիրտս Մշո մշուշ հագավ,
խաբկանքի մեջ ջարդվեց շյուղը
եւ հավքը իր թեւին պահվեց։
Մրմուռ պատեց, ճչաց քարը, -
ծիլը օրվա կտցին հանգավ,
լեռն աղբյուրի շուրթին մարեց,
իրեն ձորը ձգեց մի ձեն
եւ ով պիտի գար՝ չերեւաց։
Երկնից ջրիկն իջավ ամպոտ, -
հողը ծխաց փուչ քայլի մեջ,
ճերմակ թեւին պուտ-պուտ սեւ կա,
ծղրտոց է ծառն առ արեգ
եւ ես ինձնից խլում եմ քեզ։
Մութն մթան ոտքով ընկավ, -
ճոճվում է դեռ լույսն աչքի մեջ,
լքումը՝ ջուր նետված ստվեր.
մի կանչ ունկ է փնտրում հեռվում
եւ վազում է ցավն ընդառաջ։
|
|