Առանը
Լինում է, չի լինում՝ մի տղա է լինում։ Այդ տղայի անունը լինում է Առան։ Առանի նման տղա մեկ էլ ինքն՝ Առանն էր։ Փնտրեցեք, հեքիաթներում անգամ ոչ-ոք չունի նրա ուժն ու գեղեցկությունը։ Ոտքը դնում էր ճանապարհին, ճանապարհի խութն ու փոսը, քարն ու կապը վերանում էին, դաշտին էր դնում ձեռքը, դաշտը ծաղիկ ու գարուն էր հագնում ու դառնում էր սուրբ հացի տաշտ։ Ձեռքի մեջ, մինչեւ հողին կտար, սերմը ծիլ էր տալիս՝ այնքան տաք ու բարի սիրտ ուներ։ Չէ, ուրիշ տղա էր մեր Առանը՝ խաղաղասեր, մարդամոտ, անսահման նվիրված հանդ ու սարին։ Եվ որքան Աստված նրան հզորություն էր տվել ու կորով, նույնքան նա սիրագորով էր շրջապատի նկատմամբ։ Ափից կուտ էին ուտում ծիծեռնակներն ու վայրի հավքերը, թառում էին ուսերին, ձեռքերին՝ այնքան վստահելի էր։ Բայց... Չիմանար-չտեսներ, թե հանկարծ մեկը ձեռք էր բարձրացրել անմեղության վրա, մի չար գործ էր կատարել մեկը, հարեւանին ասել է՝ տեղդ ծուխ է, վեր կաց, ուրիշ տեղ նստիր։ Առավոտից մինչեւ ուշ իրիկուն աշխատում էր, քրտինքի կաթիլներն էլ, որ ճակատից ծորում ու կաթիլ-կաթիլ ընկնում էին, ձույլ մարգարիտներ էին դառնում՝ հենց որ դիպչում էին հողին։ Ու հողը դառնում էր գանձերի մառան, հողի վրա մարգարտյա լեռներ էին բարձրանում։
Լեռների մեջ Առանը Առան էր ավելի։ Նա մի սուրբ նպատակ ուներ. պապի՝ Նոյ Նահապետի, նվիրած խաղողի որթը աճեցնել Քիրսի ու Մռավի հովիտներում ու իր սերունդների հետ խաղաղ ապրել, ծաղկեցնել հայոց Արցախական աշխարհը։ Այդպես էլ անում էր, բայց... տարին տարուն կցան էր տալիս, տարիքն առնում էր, սակայն չէր ամուսնանում։
-Ամուսնացիր, Առան, թող Նոյի սերունդն Արցախում շարունակվի...
Առանը լռում էր։ Ու այդպես հոսում էր ժամանակը։ Մի վիշտ ուներ Առանը, սակայն, որի մասին ոչ ոքի չէր ասում։ Երազի մեջ միշտ նրան այցելում էր մի սիրունատես աղջիկ, որին ոտից-գլուխ սիրահարվել էր Առանը։ Աղջիկն ասում էր.
-Առան, ուրիշի աչք չգցես... Ես մի օր երազի միջից կպոկվեմ ու կգամ, կդառնամ իրական... Ինձ մի՛ մոռացիր, Առան...
Եվ Առանը, առանց որեւէ մեկին պատմելու այս մասին, սպասում էր։ Օր-օրի հալ ու մաշ էր լինում։ Ոչ մի իմաստուն, ոչ մի բժիշկ չէր կարող սպեղանի դնել նրա վերքին։ Ու մի անգամ էլ, երբ հոգսերը պաշարում են Առանին, միտք էր անում՝ ինչ անի, ինչ չանի, հանկարծ ականջին ձայն է հասնում, այնպիսի շշնջյուն-սոսափ, որ ունենում են միայն ափի մեջ իջնող հավքի թեւերը։ Այդ սոսափն այնքա՜ն մոտիկ ու քաղցր հնչեց՝ ոնց որ սրտի մեջ։ Շրջվեց, մեկ էլ՝ ինչ տեսնի, որ լավ լինի. կողքին կանգնած է մի անզուգական ու ամոթխած աղջիկ։ Ամաչելուց հայացքը չի կարողանում բարձրացնել։ Այնքան գեղեցիկ, որ երկու անգամ նայել չես կարող։
-Ո՞վ ես դու,- հարցնում է Առանը։
Աղջիկը լռում է։
-Ո՞ր կողմերից եկար...
Աղջկա դեմքը, ձեռքերը՝ ճերմակ, իրանը՝ բարակ-բարալիկ, ուսերը՝ վտիտ, սոսեհասակ է, աչքերն ասես լեռների կապույտից հյուսված ծովակներ լինեին, թարթիչները որ շարժվում էին՝ ասես նետեր էին արձակում շուրջը։ Առանի հարցերը լսում էր աղջիկն ու այնքան խոնարհ էր, որ չէր կարողանում բան ասել, միայն վերջին հարցի վրա համարձակություն ձեռք բերեց, բարձրացրեց հայացքն ու ուղղեց դեպի սպիտակափառ, բիբլիական լեռան գագաթի ձյուները։ Աչքերն ասում էին.
-Ես այնտեղից եմ։
Առանը մոտեցավ ու բռնեց ձեռքը։
-Ի՞նչ է անունդ։
Աղջիկը աչքերը բարձրացնում է շիկնանքի մեջ ու հազիվ լսելի շշնջում.
-Հիշիր...
Հիշիր... Այս մեկ բառի հետ աղջկա շուրթերից տաք շնչառությունը խփեց Առանի դեմքին, ու նա քիչ մնաց իրեն կորցներ։ Այդպիսի ջերմություն դեռ չէր պարուրել նրան ամբողջ կյանքում։ Ու Առանը հիշեց երազի աղջկան, որին ուղարկել էր Աստված։ Առանն աննկարագրելի հիացմունքի մեջ էր, երբ ճերմակ միրուքավորը, որ Աստծո կերպարանքն ուներ, բռնեց Առանի թեւն ու նրա ափի մեջ դրեց աղջկա ձեռքը.
-Տեր եղիր... Քո բարության չափով քեզ սեր եմ ընծայում։
Առանն ավելի պինդ սեղմեց ափի մեջ լուսաճերմակ ու չքնաղ ձեռքը եւ սիրամրմունջ շշնջաց.
-Մանե...
-Այո,- ոգեւորությունից համարձակություն առավ աղջիկը,- ես հենց այն Մանեն եմ, որ քեզ այցելում է միայն երազների մեջ։
-Ու ամենադժվար պահերին միշտ ինձ փրկության հասնում,- աղջկան ընդհատում է Առանը։
-Այն Մանեն եմ...
Առանը նորից ընդհատում է.
-Որ ինձ հետ կռվեց յոթգլխանի դեւերի դեմ։
-Այն Մանեն եմ...
Առանը չի համբերում.
-Որի ժպիտներից ու աչքերից են իրենց գույներն ու բույրերն առել աշխարհի բոլոր ծաղիկները։
-Այն Մանեն եմ...
Առանը ինքնամոռացության մեջ է.
-Որին ես այնքա՜ն-այնքա՜ն սիրո խոսքեր եմ շշնջացել, համբուրել աչքերը։
-Այո, սակայն՝ երազների մեջ միայն, իսկ հիմա, տեսնելով, որ նեղսրտել ես, նորից եկել եմ։
-Մանե... Հավատացրու ինձ, որ սա երազ չէ, որ հեքիաթի մեջ չենք ու դու ինձ մոտ ես... Մանե...
Առանն ուզում է գերան-գերան կռների մեջ առնել Մանեին, իսկ եւ իսկ՝ սարերի ճերմակ շուշան, որին Աստված ստեղծել է՝ ցույց տալու համար, թե նրան սիրող սրտի մեջ սերը որքան կարող է լինել անսպառ ու անսահման, վերջինս հանկարծ անէանում է նորից։
-Վա՜խ,- հառաչը պոկվում է Առանի շուրթերից,- էլի երազ դարձավ, չքացավ։
Առանը տխուր-տրտում սարահովիտ է իջնում ու տեսնում ի՞նչ՝ հարեւանը խաղողի որթը կտրտում ու իր համար աղբյուրի շուրջ չափար է հյուսում.
-Ի՞նչ ես անում։
-Աղբյուրներն էլ են իմը, սարերն էլ, այս ձորերն էլ...
-Ոնց թե, ես քեզ ապրելու տեղ եմ տվել, դու էլ քոչ ու պոչով եկել ես ու... Աղբյուրները բոլորինն են, ծարավներինն են, Աստծունն են։
-Ես ձեր Աստծուն չեմ ընդունում,- ասում է օտարականը ու իր թիկունքից հանում հազար-հազար ձիավորներ, հազար-հազար նետավորներ, շուն ու գելեր։
Առանը ոչ մի անգամ դժվարությունից չի վախեցել, մենակ մի սովորույթ ուներ. երբ նման վիճակների մեջ էր ընկնում, գլուխը թափահարում էր, մարմնով ցնցվում էր, մռնչում.
-Ինչպե՞ս թե...
Այդ պահին Մանեն որտեղից-որտեղ՝ ինչպես երազների մեջ, երբ Առանը ընկնում էր դեւերի ու սատանաների ճանկը, հայտնվում է։ Մռնչյունին հաջորդում է խաղաղ ու սթափ միտքը։ Նորից ականջի տակ լսում է Մանեի գժվեցնող շնչառության ձայնը. -Առան, սիրելիս, դու քեզ հետ մենակ չես։ Կանչիր քե՛զ, ուրիշն ուրիշ է։
Ձայնը անհետանում է։ Աչքերը բացում է Առանը։ Ինքը մենակ է, իր դեմ՝ բանակներ, ծայրը չի երեւում, ասես մորեխի պես ծածկել էին լեռ ու ձոր։
Առանը թափահարում է ինքն իրեն, հազար-հազար առյուծի մռնչյուն է դուրս գալիս նրա կրծքավանդակից։ Առանը խոսում է ինքն իր հետ։ Առանը կանչում է ինքն իրեն, իր մեջ ապրող Առանին.
-Առան... Քեզ հավաքիր, պինդ կաց, Առան... Առա՛ն։
Առանի միջից դուրս են գալիս յոթ անգամ յոթ Առաններ։ Ամեն մեկից՝ նորից նույնքան, այդպես՝ անվերջ, անսահման։ Առանն իր զորքի գլուխ անցած՝ տալիս-ջարդում է թշնամական բանակը։ Բանակ էլ որ ասում եմ՝ հազարագլուխ վիշապ է, մի կտրված գլխի տեղ յոթն է բուսնում։ Եվ Առանը, փոքր-ինչ դառնացած, հառաչում է։ Հառաչի փոխարեն կրծքից դուրս են գալիս կրակ ու հողմ ու քշում թշնամաց զորքերը, մի քանի լեռ էլ նրանց հետ հավասարվեցվում են հողին։
-Ափսոս,- ցավ զգաց Առանը սրտում,- լեռների մի մասը տափաստան դարձավ, ափսոս։
Առանի համբավը աշխարհ է առնում։ Նրա մասին խոսում են բոլորը։ Գուսանները նրա հերոսության մասին ասքեր են պատմում երկրե-երկիր, շատ թագավորների աղջիկներ են աչք դնում նրա վրա, բայց ոչ ոքի ուշք չէր դարձնում Առանը, անդրդվելի էր, մերժում էր բոլոր առաջարկությունները, որ արվում էին։ Մի անգամ էլ Առանի ականջն է ընկնում, թե Հուրիստանի թագավորն իր զորքով հարձակվում է հարեւան տերության վրա, ոչ ոք չի կարողանում զորքի առաջն առնել։ Առանի ոտքն են գալիս.
-Մի բան արա, փրկիր մեզ։
-Բայց ես զորք չունեմ։
-Քո եւ քո ուժը բավական է,- ասում են չորս կողմից։
Առանը մտածում է՝ ինչ անի - ինչ չանի, ախր ոնց թողնի իր հերկն ու ցանքը, գնա կռվելու։ Մի կողմից էլ խորհում է՝ ոնց մերժի իր ոտքը եկած մարդկանց։ Դա էլ՝ մի կողմ։ Այդ թագավորի զորքերի մասին ամենուրեք առասպելներ են պատմում, իբր զորքի գլուխ անցած հրամանատարը պողպատից է ու նրան գնդակ չի դիպչում։ Այսպես թե այնպես, Առանը կյանքում ոչ ոքի չէր մերժել։ «Մեկ է,- ասում է ինքն իրեն,- որ չելնեմ, առաջը չառնեմ, մի օր էլ կհասնեն իմ Արցախին»։
-Հա,- պատասխանում է Առանը,- վաղ առավոտյան ես կելնեմ ու այդ զորքի հախիցը կգամ։
Հաջորդ օրը արեւը դեռ քիթը չէր հանել Քիրսի թիկունքից, երբ Առանը ոտքի ելավ, իր ձիու գլուխն ուղղեց դեպի Հուրիստանի կողմերը։ Վաղորդյան ցողերով ողողված հովը զովություն էր բերում նրա դեմքին։ Ավելի քան սթափ էր ու, ինչպես միշտ, կռվի դուրս գալուց առաջ, խաղաղ ու հանգիստ էր։ Ձիով յոթ սար ու յոթ ձոր է անցնում, յոթ գիշեր ու յոթ ցերեկ ճանապարհ է կտրում, ու հանկարծ նրա ձին կանգ է առնում, զույգ ականջները խլշած՝ նայում դեպի անորոշ հեռուն. դա նշան է, որ առջեւում վտանգ կա։ Առանը հասկանում է, որ հասել է Հուրիստանի թագավորի անհաղթելի զորքերին։ Վերջիններիս հրամանատարը, նկատելով մենիկ ձիավորին, սուրհանդակ է ուղարկում։
-Ո՞վ եք, օտարական,- սուրհանդակն այդպես է դիմում Առանին,- ի՞նչ գործ ունեք այս կողմերում։
-Ես եկել եմ Հուրիստանի զորքերի դեմ կռվելու, ռանչպար մարդկանցից խլված հողերը ետ վերցնելու, նրանց տալու։
-Ինչպե՞ս թե... Նրա առաջ ամենազոր պետությունների զորքերը չոքել են, ջարդվել-հանձնվել են, իսկ դու ի՞նչ պիտի անես մենակ։
-Ես մենակ չեմ։ Ես եկել եմ ինձ հետ...
Սուրհանդակը կարծելով, թե օտարականի խելքը պակաս է, ծիծաղում է նրա վերջին խոսքերի վրա եւ վերադառնում, ինչ տեսել է՝ նույնությամբ, առանց մի մազ անգամ ծռել-փոխելու, պատմում իր հրամանատարին։
-Լավ,- վիրավորված-վիրավորված՝ գրեթե գոչում է հրամանատարը,- այդ դեպքում ես էլ մենակ կգնամ նրա դեմ։
Վճիռը վճիռ էր։ Բայց նրա զորքը, անվտանգության համար, հրամանատարից աննկատ հետեւում էր։ Հրամանատարը դեռ չհասած Առանին, ինը մետր հեռավորության վրա, կանգ է առնում ու չի կարողանում առաջ գնալ, մոտենալ ավելի։ Զարմանքից քար է կտրում՝ սա ինչ հրաշք է։ Ոչինչ, պարզապես Առանի ձիու աչքերից արձակվող ճառագայթները նրան ետ էին պահում։ Անտես պատնեշին դեմ էր առել հրամանատարը, երբ վրա հասավ զորքը։ Հրամանատարը, տեսնելով այս խառնաշփոթը, հորդորում է յուրայիններին.
-Չսպանել խելառ օտարականին, բռնել ու կապված վիճակում հանձնել ինձ։
Սակայն ով մոտենալ էր փորձում, շնչակտուր ընկնում էր Առանի ոտքերի տակ։ Առանին շրջապատում են բոլոր կողմերից։ Նա, իր սովորության համաձայն, մի մռնչյուն է արձակում, թափահարում է բաշը.
-Առա՛ն, արի՛։ Առա՜ն...
Այդպես կանչում է իր մեջ ապրող բոլոր Առաններին ու կռվի է ելնում Հուրիստանի զորքերի դեմ, որոնց ոչ սկիզբն էր երեւում, ոչ վերջը։ Յոթ օր ու գիշեր կռվելուց հետո Առանը կռվի մեջ հանդիպում է զորքերի հրամանատարին, բարձրացնում է սուրը, որ խփի, ձեռքը մնում է օդում կախված, չի կարողանում իջեցնել։ Միայն շուրթերը շշնջում են.
-Աստված իմ, մեղա, Աստվա՜ծ...
Պարզվում է, որ զորքերի հրամանատարը տղամարդու զենք ու զրահ կապած աղջիկ է, Հուրիստանի թագավորի աղջիկը, հենց նա, ով Առանի երազներում մշտապես այցելում էր նրան, ով գլխից տարել էր Առանին։ Առանը չի հավատում աչքերին, ինքն իրեն ստուգելու համար աղջկան հարցնում է.
-Մանե՞...
-Առա՜ն,- խոսում է Մանեն,- դու ինձ հաղթեցիր արդար ու ահեղ կռվում, ուրեմն՝ ես քոնն եմ։
-Մանե... Մանե... Ասա՝ երազիս մեջ չե՞մ, էլ չե՞ս անէանալու։
-Չէ, Առան, ես տեսել եմ քո կամքն ու սերը այս կռվի մեջ, այլեւս չեմ չքանա, այլեւս չեմ փորձի քեզ, քանզի սերն ու ձին երկրորդ անգամ փորձարկելիս կորցնում են։
Առանի հաղթանակի լուրը հասնում է ամենուր։ Բայց ամենից շատ ուրախացողներից մեկը լինում է Հուրիստանի թագավորը։ Վերջապես գտնվեց մեկը, որ հաղթեց իր աղջկա զորքերին ու նրան կնության կառնի։ Աղջիկը միշտ ասում էր. «Ես կպսակվեմ միայն նրա հետ, ով ինձնից ուժեղ է եւ կարող է ինձ հովանի լինել»։
Առանի ուրախությանը չափ չկար։ Վճռում է ամուսնանալ հենց երկիր վերադառնալու յոթերորդ օրը, ուստի հրավերք է արձակում աշխարհի բոլոր ծայրերին՝ հարսանիքի հրավիրում բոլոր նրանց, ովքեր իր բարին են ցանկանում, ովքեր քեֆ ու գինի են սիրում, սիրում են հողն ու Աստված։
Գալիս է հարսանիքի օրը։ Ուշ աշուն է։ Ամարասում աշունն անկրկնելի է ամեն անգամ՝ արեւի ոսկին ու հանդերի բույրը, գետերի ու անտառների սոսափը, երկնքի կապույտը։ Սերը՝ ամենադժվարահաս։ Ամեն ինչ իր հմայքն է բերում Արցախի այդ գեղատեսիլ անկյանը։ Գալիս են հյուրերը, գալիս, ոչ սկիզբն է երեւում, ոչ վերջը։ Բայց Առանի աչքը իր եղբոր ճամփին էր՝ Արայի։ Բոլորը եկան, բացի նրանից, որ պիտի Նոյ Նահապետին ուղեկցեր Արցախ։ Եվ հանկարծ գալիս է գույժը.
-Հարսանիքի եկող մի խմբի վրա հարձակվել են ավազակները, գերեվարել նրանց...
Առանը իսկույն հասկացավ, որ ջարդված բանակի մնացուկներից են դրանք՝ աճում են օձերի վտառների պես։ Առանը մտավ հարսանքավորների մեջ, որ հավաքվել ու տեղեր էին գրավել Ամարասի բաց դաշտում.
-Իմ եւ Մանեի անունից ձեր ներումն եմ հայցում ու ստիպված եմ հայտնելու, որ թշնամիները ճանապարհին գերեվարել են...,- ու հուզմունքից չի կարողանում խոսքն ավարտել։ Սակայն ներկաներին ամեն ինչ հայտնի է դառնում։ Հարեւան թագավորությունները առաջարկում են իրենց զենքն ու զորքի միջամտությունն ու օգնությունը։ Առանը, սակայն, նրբորեն, այնպես որ՝ չվիրավորի հարսանքավորներին, հրաժարվում է նրանց ծառայությունից.
-Ոչ, ես ինքս...
-Մենա՞կ...,- զարմանում են այս ու այն կողմից ու, լսածը կատակ ընդունելով, շարունակում են ոտքի ելնել։
-Ես ինքս...
-Մենա՞կ,- այս անգամ դժգոհություն կար հարսանքավորների մռնչյունում։
-Ոչ։ Ես ինձ հետ մենակ չեմ,- ասում է Առանը, համբուրելով Մանեի ձեռքը, ուզում մեկնել։ Մանեն նրան ասում է.
-Առան, ուզում եմ ես էլ գալ քեզ հետ։
-Մանե... Դու պիտի մնաս այստեղ, գաս թե չգաս՝ ինձ հետ ես։
-Այդ դեպքում,- թախանձագին խոսում է Մանեն,- իմ բռով մեկ հող վերցրու քեզ հետ։
Եվ մինչեւ Առանը կպատասխաներ, Մանեն իր թաշկինակի մեջ մի բուռ արցախյան հող է փաթաթում ու տալիս Առանին։ Այնքան արագ է կատարվում այդ ամենը, որ Առանը չի հասցնում մի խոսք ասել, համբուրում է Մանեի հողոտ մատներն ու ոտքը դնում ձիու աստանդակին, մինչեւ մյուս ոտքն էլ կբարձրացներ, որ նստի թամբին, ձին արդեն լեռներն անցնում էր։ Հասնում է խորխորատներում վրան խփած ավազակախմբերին եւ քանի որ բնույթով խաղաղ է անչափ ու բարի՝ չի ուզում հարսանիքից առաջ արյուն թափել, ասում է.
-Ազատ արձակեք իմ եղբորը, եւ ես ձեռք չեմ տա ձեզ։
Սակայն հղփացած ավազակները, նրան մենակ տեսնելով, սկսում են հռհռալ.
-Մեզ ձեռք չես տա՞...
Եվ ավազակապետն իր ներսում ինչ-որ դող զգալով՝ դիմացի հսկայի խոսքերից խոժոռվում է, դեմքն այնպիսի անբավականություն է արտահայտում, որ նայողին պիտի թվար, թե նա հենց «էն գլխից» է դժգոհ, քանի որ մորից ծնվելիս պիտի այլ ուղղությամբ գնար, բայց սխալմամբ այս աշխարհի ուղղությամբ է եկել, հայտնվել իր իսկ աննախանձելի վիճակում, որի համար էլ, ոչ ավել, ոչ պակաս, հիմնական մեղավորը դիմացինն է։ Տվյալ պահին՝ Առանը։
Ավազակները անհասկանալի խոսքեր են ասում ու նորից հռհռում։
-Ես մի անգամ էլ եմ կրկնում...,- փորձում է համոզել Առանը։
Պատասխանը՝ նորից ծաղրանք։
-Այ թե կատակ է, հա...
Սա էլ որ լսում է Առանն ազնվայր, արյունը նորից գլխին է տալիս։ Մի կերպ զսպում է իրեն։ Արցախական աշխարհում ընդունված է՝ սեղան նստելուց առաջ կեղտոտ արյունով չկեղտոտել ձեռքերը։
Առանն ասում է.
-Հիշեցեք Աստծուն, ազատ արձակեք գերյալներին, եղբորս... Հյուրերին, օրենքն է լեռների, չեն գերում։
Այս խոսքերը լսելով, ավազակապետը մոտենում է Առանին ու կրճտացնում ատամները.
-Հիշե՞նք... Հիշեցնո՜ւմ է... Նայիր այնտեղ։ Յոթ սարից այն կողմ... Քո եղբայրն այնտեղ է ամփոփված։ Նրան այլեւս ազատ արձակել հնարավոր չէ։
Համբերությունն էլ սահման ունի։ Հենց որ եղբոր անունը լսում է Առանը, ցնցվում է այնքան ուժեղ, որ տակի ձին անգամ քիչ է մնում ընկնի, ձիու ոտքերի տակ գետինը եւս դողում է։ Թափահարում է ինքն իրեն Առանը եւ մռնչում.
-Առան... Առա՛ն։
ԵՎ ամեն կանչի վրա, երբ մռնչում է՝ Առան, նրան միանում է իր մեջ ապրող Առաններից մեկը... Այդպես՝ երկուսը, երեքը, չորսը, մինչեւ որ մի պահի մեջ, բոլորը՝ մեկ, կռվի է ելնում Առանը։ Տուր թե կտաս... Ջարդում, փշրում, հողին հավասարեցնում է ավազակախմբերին, իսկ վերջին պահին տեսնում է, որ քարի ճեղքում թաքնված ավազակապետը քծնանքով, խնդրանքով ուզում է ոտքերն ընկնի, խնդրի՝ կյանքը բաշխել իրեն, ձիու դեմքն այնքան արագ ու ուժգին է շրջում, որ պոչի ծայրը դիպչում է ավազակին, ու վերջինս մինչեւ այսօր էլ աղիողորմ գոչյուններով թռչում է դեպի խորխորատները հեռավոր...
Առանի գրպանի մի բուռ հողը կռվի մեջ սահել, ընկել էր ձիու ոտքի տակ, որից Առանի ձին դարձել էր ավելի ուժեղ ու անխոցելի։ Առանը նկատեց դա։
-Վա՜հ,- հառաչեց նա,- աստղս կմարի... Հասիր քեզ, Առան...
Ու ցավի մեջ շունչն այնքան էր տաքացել, որ հառաչը դուրս գալուն պես այրեց, ածուխ դարձրեց թշնամաց բանակի հատ ու կենտ մնացուկները։ Ամենուր սեւ ծուխն էր բարձրանում։ Ու համատարած սեւի մեջ Առանը տեսավ արցախյան այդ մի բուռ հողը, որ ասես լույս էր արձակում։ Առանը միանգամից ձեռքն առավ Մանեի թաշկինակի մեջ փաթաթված հողը, խթանեց ձիուն ու դուրս ելավ վերջին խորխորատից։
Երեք րոպե հետո արդեն Առանը գլխիկոր կանգնած էր Արայի շիրմի մոտ։ Հողը շատ զգուշորեն, մատների ծայրով, ասես սուրբ մանանա էր շաղ տալիս, փռեց մեծ եղբոր՝ Արայի շիրմին։ Շիրմից կրակ ելավ հանկարծ։ Սյունի պես ոլորվեց կրակը, ապա համբարձվեց ու Առանն իր դիմաց տեսավ եղբորը՝ Արային, այնքան գեղեցիկ, այնքան ազնիվ ու նվիրված... Այնքան անձնազոհ։ Անմեղության չափ միամիտ ու պարզ։
-Արա...
-Առան...
Կարծես մի ամբողջ հավիտենություն քնի մեջ էր Արան, հարց ու փորձ արեց ամեն ինչի մասին, ամեն ինչ իմացավ ու, զրուցելով, հասան Արարատ լեռան ստորոտը, ուր Նոյ Նահապետը սպասում էր։
-Զավակներս,- ուրախությունից արցունքոտվեցին Նոյի աչքերը,- ինչքա՞ն կարելի է սպասել...
Մեկական գավաթ գինի տալով ժառանգներին՝ Նոյը նրանց հետ թասը զարկեց Արարատին բիբլիական ու դատարկեց, ապա ճանապարհ ընկան դեպի Արցախ, դեպի Ամարասի հովիտը, ուր սպասում էին հարսանքավորները։
Դուք երբեւէ լսե՞լ եք այսպիսի երաժշտություն. չէ, դա հաղթանակի ծնծղա չէ, դա ուրիշ բան է. առաջին ձյունն անակնկալ մի քսփսոցով վրա է տալիս։ Ի՞նչ ձյուն, արցախցիներս դրան պենջարփսոկ ենք ասում, որովհետեւ շատ է նման դեռ նոր բուսնող բանջարի ծաղկաբաժակում հայտնվող սպիտակ, մանր ալյուրագնդերի։ Եվ երբ պենջարփսոկի փաթիլները դիպչում են քարին, խոտին, ծղոտին, ջրին, ծառին՝ մեղեդիներ են բարձրանում դեպի վեր... Քանի դեռ օդում են փաթիլները՝ ուրիշ ձայն ես լսում, երբ իջնում են գետնին՝ այլ ձայն է գումարվում մեղեդիներին, խոտին ընկնելիս ուրիշ ձայն են հանում, քարին՝ ուրիշ, ծաղկին՝ ուրիշ... Ամեն շրշյուն իր եղանակն է բերում, ասես միանգամից հազարավոր փանդիռներ են լարվում։ Աստվածային նվագ է հնչում, որի միջով էլ ձիու ոտնաձայներից «խրտնած» եղնիկը հանկարծ դուրս է պրծնում թփուտից ու մի աչքաճպոցում անհետանում բլրից այն կողմ, ետեւում թողնելով թեւահարումով իրենց հավասարակշռությունը ծառերի վրա նորից վերականգնող հավքերի տակ վերուվարող ճյուղերը։
Քանի դեռ Առանը ճանապարհներին էր, նրա համբավն ու պատերազմներում տարած հաղթանակների լուրերը թնդացնում էին ամբողջ հողագունդը։ Թշնամիները տեսան, որ Առանն ու նրա Արցախը անհաղթելի են, սսկվեցին իրենց որջերում, որոշելով, որ քանի դեռ չեն կարողանում ճակատ-ճակատի հաղթել, հիմա էլ քծնության, շողոքորթության զենքով կկռվեն։ Այդպես էլ վարվեցին, բայց էլի ոչինչ անել չկարողացան։ Ու եկավ։ Ու եկավ խաղաղասեր Առանի ուշացած խաղաղությունը։ Յոթ օր, յոթ գիշեր ուրախություն, քեֆ արին։ Եվ ալպիական լեռների անձավներն անգամ ասես լցվում էին ուրախության ճիչերով։ Իսկ Արարատը՝ Քիրս ու Մռավ եղբայրների հետ, վերեւից հսկում էր հայոց աշխարհի կենարար խաղաղությունը, զավակների ուրախությունը։ Նոյ Նահապետի հետ գինի խմելը, խոստովանենք, աստվածային վայելք է։