Jump to content

Առաջաբան (խմբագրի կողմից)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից







ԱՌԱՋԱԲԱՆ

[խմբագրել]

Սույն ժողովածուն միայն հավուր պատշաճի կազմված հոբելյանական հրատարակություն չէ՝ Հայաստանի Հանրապետության Հիմնադիր֊նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի 60֊ամյակի առթիվ, գնահատանք ու հարգանքի տուրք՝ պետական գործչի նրա վաստակին։

Վերջին տարիներին հետեւողականորեն աճում է Լեւոն Տեր֊Պետրոսյանի քաղաքական ժառանգությանը անդրադառնալու, նրա գնահատականները, վերլուծություններն ու կանխատեսումները հիշելու, դրանց իրավացիությունն ու ճշգրտությունը հիշեցնելու հաճախականությունը։ Սա նշանակում է, որ նրա քաղաքական ժառանգությունը ոչ միայն պահպանել է իր արդիականությունը, հասարակական հնչեղությունը եւ գործնական֊քաղաքական նշանակությունը, այլեւ բազմապատկել է իր այդ հատկանիշները։ Մինչդեռ, ժամանակին հրապարակված լինելով միայն օրվա մամուլում, դրանք այժմ մատենագիտական եզակի օրինակներ են՝ մի քանի գրադարանների պահոցներում, շատերին անմատչելի։ Էլ չենք խոսում այն ելույթների մասին, որոնք մնացել են անտիպ։ Անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների ու հեռանկարների խնդրին վերաբերող հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որի բոլոր հիմնական դրույթները հազարավոր անգամ վկայակոչվել, հիշատակվել ու հիշվել են, բազմաթիվ հրապարակումներից հետո էլ շարունակում է մնալ փնտրված։ Մինչդեռ Հայաստանի առաջին Նախագահն իր ելույթներում պարբերաբար անդրադարձել է ոչ միայն Հայաստանի համար կարեւոր այս խնդրին։ Նրա հրապարակային ելույթները ներառում են առտնին խնդիրներից սկսած մինչեւ պետականության հիմնադրույթներ ու քաղաքական սկզբունքներ, իրական ու կեղծ քաղաքական հասկացությունների, իրական ու ոչ իրական արժեքների զանազանումից մինչեւ պատմության ու արդի զանազան երեւույթների գնահատականներ, իրավիճակների վերլուծություն ու ապագայի կանխատեսումներ։ Հրապարակվող ժողովածուն լավագույնս է ներկայացնում հայ հասարակական ու քաղաքական մտքի երկու բեւեռների՝ քաղաքական ռոմանտիզմի եւ իրատես քաղաքականության պայքարը, եւ այդ պայքարում իրատես քաղաքականության հաղթանակի՝ 1988 թվականից սկսվող տասնամյակի պատկերը։

Այսօր առավել ցայտուն ու տեսանելի է, որ ժամանակին չնկատված ու չգնահատված, կասկածի տակ դրված, վիճելի համարված շատ բան, որ, ի հեճուկս առաջին Նախագահի անհաշտ քաղաքական ընդդիմության, այնուամենայնիվ, հնարավոր է եղել դնել գործնական քաղաքականության հիմքում եւ իրագործել, իրոք տվել է իր անուրանալի դրական ու մնայուն արդյունքները՝ անկախության ձեռքբերում ու անկախ պետականության կայացում, զինական հաղթանակներ, Լեռնային Ղարաբաղի փրկություն, նրա փաստական անկախության ու անվտանգության ապահովում, համակար գային բարեփոխումներ, ժողովրդավարության արմատավորում եւ այլն։ Նույն կերպ տեսանելի է, որ այն դեպքերում, երբ ժամանակի ,հայրենասերե ու ,ազգայինե ընդդիմությանը հաջողվել է արգելափակել նրա նախաձեռնությունները, խոչընդոտել որեւէ ծրագիր, ապա այսօր քաղում ենք դրա ավելի քան դառը պտուղները։ այս վերջին դեպքի համար բերենք հետեւյալ ցայտուն օրինակը, որ կապված է 1990 թ. սեպտեմբերի 3֊ին Գերագույն խորհրդի փակ նիստում Լեւոն Տեր֊Պետրոսյանի մի ելույթի հետ, որ, բնականաբար, ժամանակին չի հրապարակվել։

Հանրապետության Հիմնադիր֊նախագահին «պարտվողականության» մեջ մեղադրող «հաղթողականների» իշխանությունը շատ է խոսում իրավական հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մասին։ Մասնավորաբար վկայակոչվում է «ԽՍՀՄ օրենքների շրջանակներում» ԼՂՀ֊ի անկախության հռչակումը 1991 թ. սեպտեմբերի 2֊ին եւ նույն թվականի դեկտեմբերի 10֊ի անկախության հանրաքվեն։ Սակայն, երբ միջազգային որեւէ ատյանում նրանց առաջարկվում է իրավական հիմքի վրա խնդրի քննարկում, անմիջապես խուսափում են ու բողոքում նման առաջարկից։ Բանն այն է, որ հիշյալ որոշումները կայացնելիս Լեռնային Ղարաբաղը չուներ մարզային իշխանության սահմանադրական մարմին՝ Մարզային խորհուրդ (այստեղ 1989 թ. հունվարից հաստատված էր հատուկ կառավարում)։ Մինչդեռ որոշակի նշանակության իրավական հիմքի մասին այսօր, թերեւս, կարելի էր խոսել, եթե Հայաստանի ու Ղարաբաղի «հայրենասեր» ու «հաղթողական» գործիչները ժամանակին, դրանից մեկ տարի առաջ՝ 1990 թ. սեպտեմբերին անսային Լեւոն Տեր֊Պետրոսյանի խոսքին, ընդունեին նրա ներկայացրած պարզ ու իրագործելի ծրագիրը, որի շնորհիվ մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղն իր անկախության հռչակագիրն ընդունելիս եւ հանրաքվեն կայացնելիս կունենար նույն ԽՍՀՄ օրենքներով ճանաչված մարզային իշխանության օրինական մարմիններ։ Նրանց այդ «հերոսացման» պատճառով է, որ իրավական սույն փաստարկն այժմ անուժ է, քարոզչական բնագավառում անգամ՝ թույլ, ավելի լուրջ տեղերում՝ ժպտահարույց։ Համապատասխան փաստաթուղթն այս ժողովածուում հրապարակվում է առաջին անգամ (տե՛ս սույն ժողովածուն, էջ 113―122)։ [1]

Վերջին 7֊8 տարիների իրողությունների համատեքստում հասարակական գիտակցության մեջ ակամա համեմատության հիմքի վրա վերանայման ու վերարժեւորման գործընթացներ են տեղի ունեցել ամենատարբեր տեսանկյուններով։ Հայաստանի Հանրապետության Հիմնադիր֊նախագահն այն ղեկավարն է, որն իր գործունեության ողջ ընթացքում բոլորի համար առավելագույնս բացել է ղեկավարի իր աշխատանոցի մանրամասները։ «Ժողովրդի հետ կապի» տակ նա հասկանում էր ոչ թե ցուցադրական ու հաճախադեպ այցերն ու թատերականացված «կենդանի հանդիպումները», այլ, առաջին հերթին, հրապարակավ՝ հոդվածների, հարցազրույցների, ելույթների տեսքով նրան տեղյակ էր պահում երկրի քաղաքական օրակարգում առկա բոլոր խնդիրներին, իր քայլերին ու ծրագրերին։ Սույն ժողովածուն կօգնի ընթերցողին հիմնական գծերով վերականգնել այդ պատկերը եւ վերապրել այդ կապը։

Ժամանակին, հայտնի հանգամանքների պայմաններում ու հասկանալի պատճառներով, Լեւոն Տեր֊Պետրոսյանը երկու հիմնական լսարան ուներ. առաջին՝ արդեն կողմնորոշված հավատացողների, երկրորդ՝ կանխակալ չհավատացողների ու չընդունողների։ Ավելի պակաս էր երրորդ՝ ուշադիր ընթերցողների ու ընկալել ցանկացողների լսարանը։ այժմ, բոլորովին այլ հանգամանքների դեմ֊հանդիման ու բոլորովին այլ իրողությունների պայմաններում, հիմնականը դարձել է այս երրորդ լսարանը։ Առաջարկվող ժողովածուն ուղղված է նաեւ այս պահանջարկը բավարարելուն։ Սրանց ավելացել է նաեւ հասարակության շատ կարեւոր մի մաս՝ մտածողության անցյալի բարդույթներից ազատ այն սերունդը, որ ժամանակին անչափահաս, այսօր արդեն իր ուժերի հասարակական ու քաղաքական դրսեւորման լավագույն տարիքում է։

Նկատող հայացքները բազմիցս են արձանագրել, որ չնայած հրաժարականից հետո Հանրապետության Հիմնադիր֊նախագահի լռությանը, երկրի քաղաքական կյանքում նա միշտ ներկա է որպես կարեւոր քաղաքական գործոն։

Սա ճիշտ դիտարկում է։

Հայաստանի քաղաքական կյանքում նրա մշտական եւ գործուն ներկայությունը պայմանավորված է առնվազն երեք հանգամանքով։ Առաջինն այն անուրանալի վաստակն է, առարկայական ու պատմականորեն անկորնչելի այն արդյունքները, որ ձեռք են բերվել նրա ղեկավարությամբ ու նրա առաջնորդած ճանապարհով։ Երկրորդ՝ նրա թողած քաղաքական հետագիծը՝ պետականության հիմքում դրած նոր արժեքային համակարգը, քաղաքական մտքի այն դպրոցը, որ ձեւավորվեց նրա շուրջ ու նրա անմիջական ազդեցությամբ։ Երրորդ՝ մարդու, մտավորականի, քաղաքական ու պետական գործչի, երկրի ղեկավարի արժանապատվությունը մարմնավորող նրա այն կերպարը, որ դրոշմվել է հասարակական հիշողության մեջ։ Նրան հաջորդած վարչախումբը, համեմատության մեջ երեք դեպքում էլ շատ մեծ հաշվով եւ անհուսալիորեն տանուլ տալով, ի սկզբանե ձեռնամուխ եղավ համեմատության այդ եզրերը ոչնչացնելու՝ նրա թողած հետագիծը նսեմացնելու ու կերպարը վարկաբեկելու, ընդհուպ՝ նրա վաստակն ու արդյունքները գողանալու ու սեփականելու անհեռանկար ու անբարո գործին։ Ինքնահաստատման ու սեփական գոյության իրավունքը արդարացնելու համար նույն մեղկ ճանապարհն ընտրեց նաեւ վարչախմբի տարատեսակ ու հերթափոխային «պաշտոնական», պատվիրված ընդդիմությունը։ Ուստիեւ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի էությունն ու դինամիկան 1998֊ի իշխանափոխությունից առ այսօր իրականում արտահայտվում է ոչ թե իշխանություն – ընդդիմություն երեւութական պայքարում, այլ՝ մի կողմից՝ «նախկիններ», մյուս կողմից՝ իշխանություն եւ ընդդիմություն իրական հա կադրությունում։ Իրականում ա՛յս բանաձեւն է ցուցադրում հայաստանյան քաղաքական իրականության երկու բեւեռները, արտահայտում երկու տարբեր արժեքային համակարգերի ու պետականության հիմնադրույթների մասին պատկերացումների տրամագծային հակադրությունը, երկրի զարգացման ուղիների՝ այդ հակադրության վրա հենված երկու իրարամերժ քաղաքական ըմբռնումների տարբերությունը։ Այս բեւեռներից մեկն օժտված է զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու անսահմանափակ ու մենաշնորհ իրավունքով, մյուսը՝ փաստորեն զրկված է այդ հնարավորությունից։ Հրապարակվող ժողովածուն կմեղմի հասարակությանը տրվող տեղեկատվական բազայի այս ահռելի տարբերությունը, կնպաստի նրա ճիշտ կողմնորոշվելուն։

Հայաստանյան հասարակությունը ոչնչի այնքան մեծ լարումով ու ակնկալիքով չի սպասում, որքան Հանրապետության Նախագահի «նորից խոսելուն»։ Ընդ որում՝ այդ սպասումը կար եւ արտահայտվում էր արդեն իսկ նրա հրաժարականից 2֊3 ամիս հետո։ Առաջարկվող ժողովածուն, թեեւ ընդգրկում է հեղինակի քաղաքական ժառանգության փոքր մի մասը, սակայն ըստ էության եւ ամբողջությամբ կարող է լրացնել օրերցօր խորացող հասարակական այս պահանջը՝ ուշադիր ընթերցողին տալ նրան հուզող հարցերի պատասխանները։ Ահա թե ինչու, հավատացած ենք, որ սույն ընտրանին Հայաստանի Հանրապետության Հիմնադիր֊նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի 60֊ամյակի առիթով հոբելյանական հրատարակություն, պետական գործչի նրա վաստակին գնահատանք ու հարգանքի տուրք լինելուց զատ, ունենալու է նաեւ կարեւոր գործնական֊քաղաքական նշանակություն։

* * *

Վաղուց ընդունված է, որ երկրի ղեկավար գործիչները, մասնավորաբար առաջին դեմքերը, իրենց աշխատակազմում ունեն հատուկ ստորաբաժանում կամ անձ («սպիչռայթեր»), որը պատրաստում է նրանց ելույթներն ու հոդվածները։ Հայտնի է, որ Լեւոն Տեր֊Պետրոսյանը երբեւէ չի ունեցել եւ չի օգտվել այսօրինակ ծառայությունից, չի ստորագրել ու չի կարդացել ուրիշի գրածը, ինքն է իր բոլոր ելույթների ու հոդվածների հեղինակը։ այս հանգամանքը, որպես յուրահատկություն, էականորեն բարձրացնում է հրապարակվող փաստաթղթերի արժեքը, ավելացնում դրանց ուսումնասիրման հնարավոր տեսանկյունները։ Ժողովածուն կարելի էր կազմել նյութերի տարբեր դասակարգմամբ՝ ժանրային (ելույթներ, հարցազրույցներ, հոդվածներ եւ այլն), թեմատիկ (Շարժում, Լեռնային Ղարաբաղ, պետական շինարարություն, քաղաքական միտք եւ այլն)։ Ընտրեցինք, նման դեպքերում թերեւս ավելի քիչ հանդիպող, ժամանակագրական հաջորդականության սկզբունքը՝ հետեւյալ նկատառումով։ Հանրապետության Նախագահի թողած այս ժառանգությունն առաջին հերթին վավերագրեր են, մեր պատմության ամենադրամատիկ ու հիշարժան նորագույն շրջանի՝ 1988 թվականից սկսված աննախադեպ համաժողովրդական շարժման, անկախության ձեռքբերման, պետականության կայացման, Լեռնային Ղարաբաղի ազատագրման ժամանակաշրջանի պատմության համար ամենաբարձրակարգ ու հավաստի պատմական սկզբնաղբյուրներ։ Եւ, որպես այդպիսին, առավել կարեւոր են ոչ այնքան դրանց ժանրային կամ թեմատիկ հատկանիշները, որքան հենց ժամանակագրական հերթագայությունը։ Այսպիսի դասավորությունն ընթերցողին հնարավորություն է տալիս նորից վերապրել նորագույն շրջանի մեր այդ տասնամյա պատմության հեւքը եւ ամենօրյա ելեւէջները, համաժողովրդական կամքի եզակի դրսեւորումները, անհաղթահարելի թվացող դժվարությունների հաղթահարման ու անհավատալի թվացող հաղթանակների բերկրանքը, վերհիշել, շատերի կողմից գուցե մոռացված, երկրի նորօրյա պատմության, նույնիսկ սեփական կենսագրության բազմաթիվ էջեր։

Պարզ ընթերցողը կարող է մտնել անկանխատեսելիությամբ ու ալեբախումներով հարուստ այս շրջանի շուրջ տասնամյա ղեկավարի եւ առաջնորդի քաղաքական աշխատանոցը, տեսնել բազմաբնույթ, բազմազան ու բազմաթիվ խնդիրների հսկայական ներկապնակը, ժամանակի ալեկոծումները, պատկերացնել ջանքերի այն չափը, սառնասրտության ու համբերության այն պաշարը, գերմարդկային լարման ու նաեւ իմաստության այն աստիճանը, որ պետք է ունենար Հանրապետության Նախագահը՝ փոթորիկները հաղթահարելու, խութերը շրջանցելու, անելանելի իրավիճակներից ելք գտնելու, իրեն վստահված նավը խաղաղ նավահանգիստ հասցնելու համար։

Պատմաբան հետազոտողի համար այս կերպ հստակ ներկայանում է նույն շրջանի՝ կարեւորագույն իրադարձություններից, խնդիրներից եւ իրողություններից հյուսված տասնամյա պատմության իրական ողնաշարը։ Քաղաքագետի համար ավելի դյուրին է դառնում նկատել նույն այս տարիներին գործնական քաղաքականության հիմքում դրված սկզբունքների, հիմնադրույթների հետեւողականությունն ու անխաթարությունը, հետեւել դրված խնդիրների իրագործման, ծրագրերի իրականացման գործընթացին, տեսնել դրանց ներքին կուռ տրամաբանական կապը, իրադարձությունների միջով ձգվող հստակ առանցքային գծերը, հանգել օբյեկտիվ գնահատականների եւ հավաստի հետեւությունների։

* * *

Սույն հատորում ընդգրկված փաստաթղթերի մեծ մասը ժամանակին հրապարակվել է մամուլում։ Սակայն հրապարակումները միշտ չէ, որ զերծ են եղել,երբեմն անխուսափելի, հաճախ նաեւ անփութության հետեւանք հանդիսացող թերություններից։ Խոսքը վերաբերում է հատկապես այլ լեզուներից կատարված հայերեն թարգմանություններին։ Ուստի սույն հատորում հրապարակվող փաստաթղթերը, որոնց բնօրինակները՝ հիմք ձեռագիր կամ մեքենագիր տարբերակները, ելույթների ձայնագրությունները կամ տեսաֆիլմերը պահպանվել են Նախագահի արխիվում, համեմատվել են վերջիններիս հետ, դրանց օգնությամբ շտկվել վրիպումները, էականները՝ ծանոթագրվել տողատակում։ Օտարալեզու փաստաթղթերը, որոնք ժամանակին թարգմանվել եւ հրապարակվել են հայերենով, կրկին համեմատվել են բնագրի հետ, շտկվել են թարգմանական բնույթի թերությունները եւ բացթողումները, եթե դրանք մտքի կամ իմաստային փոփոխության են հանգեցրել՝ ծանոթագրվել են։ Ժամանակին հայերեն չթարգմանված կամ վատորակ թարգմանության դեպքում, օտարալեզու նյութերը նորից են թարգմանվել սույն հրատարակության համար։

Բանավոր ելույթների հրապարակումից առաջ հեղինակը սովորաբար նախապես խմբագրել է տեքստը, ինչի մասին հրապարակման վերջում ծանուցվել է։ Նման դեպքերում, եթե պահպանվել է բանավոր ելույթի սղագրության այն օրինակը, որի վրա մինչեւ հրապարակվելը աշխատել է հեղինակը, ապա համեմատությունը կատարվել է այդ օրինակի հետ։ Սակայն միշտ չէ, որ հեղինակը հնարավորություն է ունեցել բանավոր ելույթների սղագրական տեքստերը խմբագրել, եւ թերթերի հրապարակումները կատարվել են անմիջապես ձայնագրությունից՝ սեփական վերծանության հիման վրա։ այսպիսի դեպքերում հրապարակումների բնագրերը համեմատել ենք ԳԽ նիստերի պաշտոնական սղագրությունների հետ, եթե այդպիսիք ունեցել ենք ձեռքի տակ։ Բոլոր դեպքերում՝ բանավոր, ժամանակին հեղինակի կողմից չխմբագրված ելույթների վրա կատարվել են նվազագույն խմբագրական փոփոխություններ՝ այն խստագույն պայմանով, որ չտուժի ոչ միայն միտքը, այլեւ պահպանվեն բանավոր ելույթին բնորոշ առանձնահատկությունները։ Մի շարք փաստաթղթեր անտիպ են եւ հրապարակվում են առաջին անգամ՝ բնօրինակների հիման վրա։

Սույն հրապարակման մեջ պահպանել ենք միայն այն վերնագրերը, որոնք հեղինակային են (հիմնականում՝ հոդվածները)։ Մյուս դեպքերում դրված են նկարագրական – տեղեկատվական վերնագրեր, որոնք նշում են նյութի տեսակը (ելույթ, հարցազրույց, ուղերձ, խոսք եւ այլն), տեղը, առիթը, ժամանակը։ Իսկ այն վերնագրերը, որոնք դրված են եղել խմբագրությունների եւ հարցազրույցների հեղինակների կողմից, նշված են վերջում։ Քանի որ Հանրապետության առաջին Նախագահի արխիվի նյութերի վերջնական մշակման աշխատանքները չեն ավարտվել, դրանք հղված են նախնական մշակման ժամանակավոր պայմանական համարներով՝ ՀՀԱՆԱ (Հայաստանի Հանրապետության Առաջին Նախագահի արխիվ) համառոտագրմամբ։ Խմբագիրը շնորհակալություն է հայտնում Արա Սահակյանին, Երջանիկ Աբգարյանին, Միքայել Հայրապետյանին, Արայիկ Մանուկյանին եւ Շահեն Կարամանուկյանին՝ ժողովածուի նյութերի, եւ հատկապես խմբագրի «Առաջաբանի» ու «Վերջաբանի» մասին նրանց խիստ արժեքավոր դիտողությունների ու առաջարկների համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաեւ սույն հատորի ստեղծման մյուս մասնակիցներին՝ նյութերի համակարգչային մուտքագրողներ Լիզա Ճաղարյանին եւ Սաթենիկ Հակոբյանին, համակարգչային ձեւավորող Ռուբեն Թարումյանին, սրբագրման աշխատանքներին բերած իր օժանդակություն համար՝ Գոհար Խաչատրյանին, եւ հատկապես Ավետիս Ավագյանին՝ ամբողջ ընթացքում իր կատարած բազմաբնույթ աշխատանքի համար։

Խմբագրի կողմից

  1. Մեծ ուշացումով, էական կորուստներից հետո միայն, Լեռնային Ղարաբաղում հասկացան այս ծրագրի արդյունավետությունը եւ 1991 թ. Մայիսի 16֊ին հանդես եկան համապատասխան հայտարարությամբ, իսկ ՀՀ Գերագույն խորհուրդը հուլիսի 16֊ի որոշմամբ պաշտպանեց այն, սակայն վերականգնել կորսվածը այլեւս հնարավոր չեղավ։