Ելույթ Մուսա լեռան հերոսամարտի 68-րդ տարեդարձի հանդիսության ժամանակ
ԵԼՈՒՅԹ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 68֊ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
[խմբագրել]Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Խորհրդային Հայաստանի խաղաղ երկնքի ներքո մենք հավաքվել ենք տոնելու Մուսա լեռան հերոսամարտի 68֊րդ տարեդարձը, մեկ անգամ եւս հաղորդակցվելու մեր նախնիների սխրագործությանը, ոգեկոչելու անցյալ փառքերը եւ լավատեսության նոր լիցք ստանալու ապագայի նկատմամբ։
1915 թվականին հայ ժողովրդի երեքհազարամյա պատմության մեջ արձանագրվեց ամենաողբերգական եւ ճակատագրական դրվագը։ Մի ժողովուրդ, որ դարեր շարունակ ապրել եւ ստեղծագործել էր իր պապենական հողի վրա, ունեցել վերելքի եւ վայրէջքի հաջորդող ժամանակաշրջաններ, ենթարկվել բազմաթիվ փորձությունների, բռնագաղթերի եւ օտարացման, այնուամենայնիվ, մի ներքին բնազդով կառչել էր իր լեռնաշխարհին՝ լավագույն կյանքի ակնկալումով հասնելով մեր քաղաքակիրթ դարին։ Սակայն այդ դարը եկավ միանգամից ի դերեւ հանելու նրա բոլոր հույսերը, հոշոտելու նրա որդիներին ու դուստրերին, ամայացնելու նրա հայրենի երկիրը։
Հայ ժողովրդի բնաջնջումն իրագործվեց հրեշավոր ծրագրով, որը հղացվել էր դեռեւս անցյալ դարի յոթանասնական թվականներին՝ ռուս֊թուրքական պատերազմից անմիջապես հետո։ Հունաստանի, Բալկանյան երկրների ազատագրման փաստը ամենահետին թուրքին անգամ բերել էր այն համոզման, որ եւս մի պատերազմ՝ եւ իրենք կորցնե- լու են նաեւ Հայաստանը։ Հայ ժողովրդի դատավճիռն, այսպիսով, անկախ նրա բռնած դիրքից ու գործունեությունից, կայացված էր։ Ուստի միանգամայն հակապատմական է մեր օրերում դրսեւորվող այն մտայնությունը, որ իբր՝ եթե հայերն իրենց տեղում հանգիստ նստեին, չապստամբեին Օսմանյան պետության դեմ, քաղաքական կուսակցությունները չգրգռեին ժողովրդին, ապա թուրքերը մեզ ոչինչ չէին անի։ Միանգամայն հակապատմական, միաժամանակ վնասակար եւ հուսալքող մտայնություն, որ գլխիվայր է շրջում պատմական իրականությունը։ Ֆիդայական շարժումն ու ազգային քաղաքական կուսակցությունների ստեղծումը ոչ թե պատճառը, այլ հետեւանքն էին թուրքական հայաջինջ քաղաքականության։ Եւ եթե հարկ է անպայման մեղադրել հայ ժողովրդի քաղաքական առաջնորդներին ու ղեկավարներին, ապա նրանց պետք է մեղադրել միայն այն բանում, որ չեն կարողացել ժողովրդին կոչել անհաշտ պայքարի, չհավատալ հակառակորդի խաբեություններին, գիտակցել հայ-թուրքական հակասության բուն էությունը։ Թուրքական լծից ազատագրվելու միակ միջոցը զինված պայքարն էր, քանի որ եթե հայերը ձեռքերը ծալած նստեին անգամ, միեւնույն է՝ թուրքերը նրանց պետք է ոչնչացնեին։ Դժբախտաբար, այս բանը չհասկացան ժողովրդին առաջնորդելու կոչված կուսակցական ղեկավարները, իսկ երիտթուրքական հեղաշրջումից հետո, խաբվելով թուրքերի կեղծ բարեկամական ցույցերից, նույնիսկ կորցրին զինված պայքարի նախորդ տասնամյակներին ձեռք բերած նվազագույն աչալրջությունն ու մարտունակությունը։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին կատարվեց արդեն ամենաճակատագրական սխալը՝ զանգվածային մասնակցությունն ընդհանուր զորահավաքին, որով հայ ժողովուրդը փաստորեն զրկվեց իր ամենամարտունակ ուժերից։ Հետո եկավ եղերական ապրիլը, եկավ 1915 թվականի մղձավանջային ամառը, եւ Հայոց դրախտային աշխարհը վերածվեց մոխրակույտի։
Սակայն մի՞թե կարող էր երեքհազարամյա քաղաքակրթություն ունեցող մի ժողովուրդ, որը դարեր շարունակ փայփայել էր Հայոց պետականության վերականգնման երազանքը, սնվել անցյալի հերոսական ավանդներով ու կերտել «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը՝ չանսալ դիմադրության իր ներքին բնազդին եւ չդրսեւորել իր անհողդողդ կամքն ու ազատատենչ ոգին։ Բարեբախտաբար՝ ոչ։ Եւ ահա, տասնյակ տարիներ Հայոց լեռներում թնդացին խրոխտ ֆիդայիներ Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Անդրանիկի, Գեւորգ Չավուշի եւ շատ շատերի անմահ անունները՝ որպես արդարության ու վրիժառության խորհրդանիշներ, որպես ժողովրդական ոգու դրսեւորման արտահայտություններ։ Ֆիդայական շարժումը կոչված էր սանձելու մեր վայրագ թշնամիների ամենօրյա ոտնձգությունները, պաշտպանելու հայ գեղջուկի ոտնահարված պատիվն ու խանգարված անդորրը, հույսի շող ցոլացնելու նրա լքված հոգում։ Եւ այդ շարժումը լիովին կատարեց իր պատմական առաքելությունը՝ մեկ անգամ եւս հավաստելով հայ ժողովրդի զինական կարողությունն ու անձնազոհությունը։
Այդ տարիներին գրվեց նաեւ հայ ժողովրդի պատմության ամենահերոսական էջերից մեկը՝ Զեյթունի լեռնականների անօրինակ սխրագործությունը։ 1895 թվականին բռնկված այդ ապստամբությունն ապացուցեց, որ համախմբվածության եւ կազմակերպվածության դեպքում թշնամու դեմ կարելի է պայքարել ոչ միայն ֆիդայական խմբակային եղանակներով, այլեւ զանգվածային ռազմական գործողություններով՝ հակառակորդի կանոնավոր բանակներին հակադրելով հայրենի լեռների անառիկ դիրքն ու մարտիկների ոգու կորովությունը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները լիովին հաստատեցին պատմական այս իրողությունը։ Անզեն ծերունիների, կանանց ու երեխաների հոշոտելու սովոր գիշակեր հրոսակները Հայոց աշխարհի տարբեր վայրերում հանդիպեցին կատաղի դիմադրության՝ բազմիցս մատնվելով խայտառակ պարտության ու խուճապահար փախուստի։ Վանի եւ Շատախի հերոսամարտերը, Ուրֆայի, Շապին֊Գարահիսարի, Սասնո եւ Յոզղաթի ինքնապաշտպանական գոյամարտերը մասամբ ի դերեւ հանեցին հայ ժողովրդին հիմնովին բնաջնջելու թուրքական ծրագրերը՝ վկայելով ազգի ներքին զինական կարողության եւ հոգու արիության մասին։
Դիմադրական շարժման այդպիսի օջախներից մեկն էր նաեւ Մուսա լեռը, որի հայաբնակ գյուղերի մի բուռ հայությունը, ավելի քան քառասուն օր կենաց-մահու անհավասար պայքար մղելով թուրքական կանոնավոր բանակների դեմ, կարողացավ պահպանել իր գոյությունն ու փրկվել համընդհանուր կոտորածից։ Եւ այստեղ եւս ոչ թե քաղաքական գործիչների ու գյուղական ավագանու կազմակերպված գործունեությունն էր նրանց առաջնորդողը, այլ ռամկական վճռականության ժառանգածին բնազդը։ Մինչ գավառի երեւելիները հավաքված խորհրդակցում էին բռնելիք ընթացքի մասին, ժողովուրդն արդեն սկսել էր տարերայնորեն բարձրանալ լեռը. նա ինքն էր կայացրել վերջնական վճիռը եւ պարզել ապստամբության դրոշը։ Սրանով եւ մանավանդ իր հաղթական ելքով է նշանակալից Մուսա լեռան հերոսամարտը, որը, թեեւ ոչ նույն ընդգրկմամբ ու ծավալումով, տեղ է գրավում Վասպուրականի հայության փառապանծ ապստամբության կողքին։
Արեւմտահայության տարերային ընդվզումները 1918 թվականին վերաճեցին արդեն համաժողովրդական պատերազմի, որի կիզակետը հանդիսացավ Սարդարապատի հաղթական ճակատամարտը, երբ հայ ժողովուրդը սեփական ուժերով հաստատեց իր գոյության իրավունքը եւ փրկեց իր լայնածավալ հայրենիքի մի փոքրիկ հողակտորը։
- ՀՀԱՆԱ, 12/10.09.83։ Բնագիր։ Մեքենագիր։