Առաջի մայրիկը
Օգոստոսի ջերմոտ արևեն էրած մոխրացած փոշիով լեցուն այն ճամբաներեն, որոնք հազարումեկ ոլորումներով կերկարաձգվին մինշև Պալըգլի գերեզմանատունը, չորս-հինգ հոգի ճորճորալով կերթային՝ քրտինքներու շիթեր նետելով գետինը, ձայն-ձուն չհանելով անտանելի հոգնության մը ծանրության տակ ճնշված, ուժասպառ։ Այս հինգ անձերեն մեկը տերտեր մըն էր թավամորուս, գունատ բակեղով և հինումաշ վերարկույով։ Երկուքը փոքր տղեկներ էին, մեկը աղջիկ, մեկ մանչ․ աղջիկը ութը տարու կար, նիհար, վատուժ, անարյուն մորթով, գծավոր կարճ շրջազգեստին տակեն կերևային ազազուն ճյուղերի նման սրունքներ․ մութ խարտյաշ մազերը, որոնց վրա հայտնապես չէին պտտած մոր մը խնամոտ մատները, թնճուկ եղած էին գլխուն վրա ու մինչև աչքերը կիջնային, սքողելով անոնց մեղմավառ ցոլմունքը։ Վազքը. որով պարտավորված էր վազել հեք աղջնակը՝ մյուսներուն հասնելու համար, սրտաճմլիկ անգիտակցությունը, որով մեքենաբար կհետևեր այդ հևացող թափորին, տարտամ վշտի մը ալեկոծումը իր մանրուկ սրտին մեջ, կմիանային վերցնելու, անհետացնելու համար անոր վրայեն այն սրտագրավ հրապույրը, այն սիրցնող քողարկությունը, որոնք փոքրիկ աղջիկներուն զարդերն են։ Բայց ավելի տխրազդեցիկ էր հինգ տարեկան մանչը, որուն ձեռքեն բռնած էր քույրը։ Մանտրտիկ ոտքերը այնքան հոգնած էին, որ ալ փոշիին մեջեն չէին ելլեր ու քսքրռտվելով խեղդող ամպեր վեր կհանեին, անոր աչքերը կուրցնելով. մանրանկար բաճկոնակն ու տափատը կկաղապարեին անոր վտիտ մարմինը ու տեղ֊տեղ կցուցունեին բարակ ոսկորներու ցցվածքներ։ Լայնեզր դեղնագույն հարդե գլխարկ մը մինչև աչվըները կիջներ, և իր ձևացուցած շուքին մեջ կպարփակեր ամբողջ այդ իրանը դյուրաբեկ։ Երբ տղեկին մանր ոտքերը կհոգնեին, ա՛լ կսկսեր կախվիլ քրոջը ձեռքեն, ու գրեթե քաշկռտվելով երթալ. այն ատեն քույրը կըսեր.
— Ախպարի՚կ, քալէ, տահա մայրիկին չհասանք։
― Ե՞րբ պիտի հասնենք, քուրի՛կ։
— Հիմակ։
Եվ երկուքը մեկանց նոր ուժով մը ոգևորված կհասնեին առջևեն գտցողներուն, որոնցմե մեկը, ատեն֊ատեն, գլուխն ետին դարձունելով, կըսեր բիրտ ձայնով մը.
― Ա՛խ, լակոտնե՛ր, ինչո՞ւ հետս եկաք. սատկեցունեմ պիտի ձեզի։
Այս մարդը անոնց հայրն էր, գռեհիկ, խորշոմած դեմքով, թափթփած հագուստներով։ Սաստիկ սրտնեղություն կզգար այդ ապարդյուն ճամբորդությունեն, օգոստոսի այդ այրող մրկող արևին տակ. ու երբ կարմիր մեծ թաշկինակովը երեսին քրտինքը կսրբեր, ակռաներուն մեջեն կմռլտար.
― Այս կինն ալ մեռնելու ատենը գտավ...
Եվ հուղարկավորներու այդ սակավաթիվ տխրատեսիլ թափորը լուռ ու մունջ կշարունակեր իր ճամբան՝ դեպի Պալըգլըի գերեզմանատունը։
Հոն, անսահման գերեզմանոցին մեջ հովը կխջրտացներ կանաչ ծառերը, մեռելության համայնալուր ղողանջ մը կարծես տարածելով տաք բալուտ մթնոլորտին մեջ. ծառերուն ստվերները, մահվան ուրվականներուն պես, ճերմակ գերեզմանաքարերուն հետ կխաղային, անոնց զատվածքներուն վրա կոտրտվելով քմահաճորեն։ Տխրությունը բնության գեղածիծաղ շքեղությանը մեջ կարձանանար հոն. բայց մռայլին ու պայծառին այդ հակադրությունն էր մանավանդ, որ ի հանգես կբերեր մահվան հավիտենական սևությունը և բոլոր անսահման կսկիծները, զորս մեծածավալ այդ մահարանը ցանած է կենդանիներու սրտին մեջ։
Գետինը, մեռելաթաղին խրճիթին ետևոքը հիմակ կհանգչեր ճաղը, զոր չորս մեռելակիրները բերած էին՝ իրենց հուժկու սըրունքներուն բովանդակ արագությամբը, հուղարկավորներուն ժամանումեն շատ առաջ։ Երկու տղեկները դագաղին քով կեցած էին։ Աղջիկը ասդին առնելով աղտոտ ծածկույթը, բացած էր մորը երեսը․ խեղճ կինը տառապագին կյանքե մը ետքը մեռած ըլլալու էր, որովհետև նիհար էր, սարսափելի կերպով նիհարկծկված շրթունքներուն ճեղքեն երկու-երեք դեղնած ակռաներ կերևային կիսախուփ աչքերուն մեջեն հազիվ նվաղկոտ նշույլ մըկընդնշմարվեր․ ամբողջ մորթը մագաղաթի կտոր մըն էր կարծես, զոր անցուցած էին այդ ճղճիմ գանկին վրա։
Աղջիկը կնայեր իր մորը կսկծալի դեմքին ու կուլար։ Իսկ մանչը, մահվան անգիտակից, սկսած էր գերեզմանեերեզման ցատկել, քրոջմեն ապահովություն ստանալե ետք մայրիկը կքնանար ու․․․ պիտի արթննար ալ։
Տերտերը, հանգստանալե ետք, խաշը ձեռքը առավ և մեռելակիրներուն հրամայեց, որ ճաղը փոսին քով տանին։
Թաղման հանդեսը շատ անշուք և կարճ տևեց։
Միայն, երբ մարմինը փոս իջեցնելե ետք սկսան Հողերը թիակով մեջը նետել խոռոչային խորաթինդ աղմուկով մը, տղեկը, որ ձեռքն ետին կապած կեցեր էր փոսին եզերքը՝ հարցուց հորը․
— Աղապա, ինչոո համար մայրիկս ասանկ կընեն կոր։
Մարդը, որ հոգնած էր և սրտնեղած, առանց խեղճ տղուն պատասխանելու մրմռաց․
— Այս լակոտներուն ալ մերամ հասկցնելու է։
Քիչ մը ետքը նորեն նույն ճամբուն վրա կգտնվեին հինգ հուղարկավորները, արյունքրտինք թափելով օգոստոսի հրատապ արևին տակ, որ կապույտ մթնոլորտին մեջ ակնախտիղ փողփողողներ առաջ կբերեր։ Ութամյա աղջիկը ետևնուն կերթար՝ եղբորը ձեռքեն բռնած, որ այս անգամ կթզկար, մայրիկս, մայրիկս կուզեմ աղաղակելով ու թապըլտկելով փոշիներուն մեջ։ Երեք֊չորս ամիս անցեր էր մայրիկին մահվանեն ի վեր, ու հիմակ Խաչիկ աղան, երկու զավակներուն հոգատարութիունը պատրվակելով, երկրորդ անգամ կարգվեր էր իր դասակարգեն էոարիքոտ աղջկան մը հետ։ Պսակվելուն երկրորդ օրը, երբ տրղաքները «վարպետ տուտուեն»[1]) վերադարձին, տեսեր էին այդնոր դեմքը, որ խեռ ու չար նայվածք մը կարձակեր իրենց վրա, հայրենին ըսած էր խռպոտ ձայնով մը․
— Ասկե ետքը մայրերնիդ աս է․ էյեր անոր խոսքը մտիկ չընեք նե, ձեզի կսատկեցունեմ։
Հեք որբերը, դողդողալով պագեր էին «նոր մայրիկ»-ին ձեռքը, որ կեղծավոր շեշտով մը, իր էրկանը երեսը նայելով, ըսեր էր․
― Խելոք կենաք նե, պիտի սիրեմ ձեզի։
Բայց չէր սիրած։Մեղրալուսնի մեկ քանի շաբաթներն անցնելե ետքը, Խաչիկ աղա սկսեր էր իր կենցաղը, առտուն մութնուլուսուն դուրս ելլել տունեն և իրիկունները շատ ուշ տուն դառնալ, օղիեն գրեթե ապուշցած։Իսկ վայրագ կինը, ընտանիքին տիրապետող միակ տարրը, սկսած էր չարշրկել մանուկները, կատաղորեն ծեծելով զանոնք՝ երբ ամենափոքր հանցանք մը գործէին։
Փոքրիկը՝ մորուին կռփոցներեն սաստիկ խռշտանգված կսկսեր աղաղակել․
— Ես առջի մայրիկը կուզեմ․․․
Այս խոսքերը ավելի կզայրացներ անողորմ կինը, որ կկրկնապատկեր իր հարվածները։ Եվ երբ քույրր միջամտեր խեղճ եղբայրը ազատելու համար, ինքն ալ լիառատ բաժին մը կստանար կռփոցներեն․ խեղճ մանկուհին ձայն չէր հաներ, բայց կմրմնջեր․
— Ա՜խ, առջի մայրիկս․․․
— Երկու մանուկներուն այս դժոխային կյանքը երթալով կվատթարանար։ Գիշեր մը, մոլեգին տփոց մը ուտելե ետք, իրարու պլլվելով անկողնին մեջ պառկած ատեննին, քույրը ըսած էր եղբորը, ականջին․
— Արթին, վաղը առջի մայրիկին երթանք, հա՞։
— Ամա՛ն, քուրիկս, հա՛։
Հունվարի ցրտասարսուռ հովը սառեցուցեր էր գետինները ծածկող ձյունը։ Դեռ նոր էր լուսցած։ Այն ճամբաներեն, որոնք հազարումեկ ոլորուքներով կերկարաձգվին մինչև Պալըգլրի գերեզմանոցը, երկու տղաքներ կերթային, ձեռք-ձեռքի դողալով ղողդողալով կծու ցուրտեն, որ անոնց գրգլյակներեն ներս՝ մինչև ոսկորներուն ծուծը կթափանցեր։
Ձյունին վրա կգծագրվեին այդ երկու տխեղծ մարմինները չորցած շյուղի պես երերուն, որոնց մանտրկիկ ոտքերն հազիվ հետք կձգեին քարացած ձյունին վրա։
Երկու որբերն էին, որ առջի մայրիկին կերթային Պալըգլրի գերեզմանատունը։
Քանի մը անցորդներ, զարմանալով այդ երկու փոքրիկներուն վրա, որոնք այդքան կանուխ ամայի փողոցներե կանցնեին, կանգ առին ու հարցուցին անոնց, թե ո՞ւր կերթան։
— Առջի մայրիկին,— պատասխանեցին որբերը միաբերան լալկան ձայնով։
Եվ կշարունակեին իրենց ճամբան անխոտոր, երբեմն սահելով իյնալով, հծծյուններ արձակելով, միշտ ձեռք-ձեռքի։
Մանավանդ Արթինին ուրախությունը անբացատրելի էր, առջի մայրիկը տեսնելու, անոր տաքուկ գիրկը նետվելու և ետքի չար մայրիկին ձեռքեն հավետ ազատելու գերագույն ակնկալությունը ահագին համեմատություններ կստանար անոր ճղճիմ ուղեղին մեջ, ու այն ատեն իր քրոջը դառնալով՝ կըսեր ժպտագին.
— Քուրի՛կ, աճապ մեր աղվոր մայրիկը մեղի տեսնա նե,― ընտո՞ր պիտի սիրե։ Ո՜հ, ինչ ալ երկայն էր գերեզմանոցին այդ տրտմաթախիծ ճամբան և խածոտող ցուրտը, որ ճըվիկ-ճըվիկ կբերեր փոքրիկ ուխտագնացներուն անհյութ, անարյուն անդամները:
Ծանր մեռելաբույր լռություն մը կտիրեր մեծածավալ գերեզմանոցին մեջ. ձյունը եկած ամեն բան ճերմկցուցած էր հոն, սոսկալի միօրինակություն մը փռելով ամենուրեք. տերևազուրկ ճյուղերը, ձյունով բեռնավորված, ամեն դի կցցվեին ցուրտ և ուրվատեսիլ, գերեզմաններեն դուրս սպրդող կմախքներուն ահարկությամբ:
Ա՛լ բնությունը հակապատկեր չէր ձևացուներ, այլ սրտաբախ համապատկեր մը, որուն միօրինակ երանգները մեռելի մը դիմագծերուն չափ տխրազդեցիկ էին։
Ձյունը կսկսեր տեղալ՝ պարուրաձև պտուտքով մը իջնելով լռիկ-մնջիկ։
— Հոս է, ըսավ փոքրիկ աղջիկը, երկար ու մանրազնին փնտռտուքն մը ետքը։
Եվ երկուքը մեկանց սկսան իրենց վտիտ սառած մատներովն ասդին անդին առնել գերեզմանին վրա կուտակված ձյունը։
Հարություն կհարցուներ քրոջը.
― Աղվոր մայրիկը տա՞կն է։
― Տակն է,— կպատասխաներ աղջիկը։
Ու կփորեին, կփորեին։
Ու ձյունը խոշոր պատառներով կտեղար, նորեն ծածկելով մեծ դժվարությամբ բացված ծակերը։
Խեղճ փոքրիկները ցուրտեն գրեթե ընդարմացած, մայրիկը երևան հանելու անսանձ ըղձանքեն մոլեգին, ամբողջ մարմնով պառկած էին հիմակ գերեզմանին վրա, քով-քովի, իրենց արյունոտ մատներովը հողը պնդելով, ձյունը խածխծելով ու ոտքերովնին դոփելով զայն․ երբեմն ալ իրենց նվաղկոտ ձայնը կլսվեր լալագին.
— Աղվո՜ր մայրիկ, առջի՛ մայրիկ... մենք ենք... Արթինը... Սուրբիկը... Եվ ձյունը կտեղար զարհուրելի հանդարտությամբ, անհարթությունները հավասարցնելով, և ա՜լ սկսելով կաղապարել երկու մանուկներուն ազազուն անդամները, որոնք հետզհետե անշարժության կդատապարտվեին. կսկիծին ու ցուրտին սաստկությունը գինովություն կուտային այդ մատաղ ուղեղներուն։
Դեռ կշարժեին սակայն․ իրենց մատները դեռ կպտըտցունեին հողին վրա. գերագույն ճիգ՝ առջի մայրիկն երևան հանելու։ Ու երես-երեսի, շունչ-շնչի՝ հազիվ կրնային հծծել․
— Առջի մայրի՜կ, մենք ենք...
Բայց ձյունի խավերը շատցան, ճերմակ կտկուղ պատանքի մը մեջ պլորեցին երկու գիրկընդխառն մարմինները, որոնցմե հուսկ հետին հծծուն մըն ալ բարձրացավ գերեզմանոցին տըրտմակուռ հանդարտության մեջեն․
— Առջի մայրի՜կը…
- ↑ «Վարպետ տուտեն» տնային տեր-թոդիկյան դպրոց։