Ձկնորսին սերը
Առտուները, արևին ծագելուն առաջ, Կումիկ, ծովերուն վրա ամառվան տոթերեն և ձմեռվան քամիներեն չորցած կռնծած մորթով քսան հինգ տարու երիտասարդ, նավակայքն խոնավ և ստվերոտ մթնոլորտը կը շնչեր այն ջերմեռանդությամբը զոր հավատացյալը կունենա աղոթատեղիին մեջ, աստվածային պատկերներուն առջև։ Հոն վերը կը պառկեր, տանիքին թանձր սև գերաններուն խաչաձևումեն կազմված խցիկ մը, անճանաչ խշտիքի մը վրա, ողորմելի շնհարկ՝ ուր ան իր խոնջաբեկ անդամները կը փռեր, իբր թե փետրալից անկողնի մը վրա ըլլար։ Անոր քով, գետինը, վարակի մը ծակը աշտանակի վերածված, կիսամաշ մոմ մը կը կրեր, չորս կողմը կույտ–կույտ հալած եղերով․ որոնք մանր պտիկներով վեր կը բարձրանային, հետզհետե լայնանալով ու տարածվելով։ Աթոռակ մը, որուն հարդը տակեն դուրս կը պոռթկար, փոքր արկղ մը, փայտե կտորվանքներե հարմարցված, հայելիի եռանկյուն բեկոր մը որմախորշի մը մեջ տեղավորված, ահա ամբողջ կահ կարասին որուն մեջ Կումիկ կապրեցներ իր դժդնակ չարքաշ ամուրիությունը։ — Արթննալուն պես, կարճ փոթուռը սրունքներեն վեր քաշելով, վար կը նետվեր, նավակայքը, ուր կը մակաղեին՝ գիշերն ի բուն՝ նավակներն ու մակույկները, իրենց տերերեն որբ, քով քովի, ձողակերտ ցանցերուն վրա հանգչած՝ որոնց ներքև ջուրը, զսպված, կը ծեծկվի, կը խլրտա մթության մեջ խոլ հածյուններով, խորհրդապահորեն․ — Կումիկ ատոնց մեջ իրը ուներ, իր մակույկը, կուպրով ծեփած պարզ ողնափայտ մը, իր կյանքը, իր հոգին։ Անոր կրթնած՝ աչքը նավակայքին բացվածքեն դուրս, դիտելով Ոսկեղջյուրի հայելին զոր արևածագի հովերը քիչ ետքը պիտի գան պարուտակել, սիկառը կը քաշե ուժգին շնչառությամբ, մազոտ կուրծքը հոլանի, ոտքը բոբիկ, գլուխը ճենճոտ ֆեսով մը։— Թնդանոթաձիգ ռազմիկի ճարտարությամբ մըն է որ հետո ան իսկույն լանչքի, թեվերու, թևճակներու շարժմամբ մը կը հրե մակույկը որ կը քալե, կառաջանա, կը սուրա մինչև նավակայքին բերանը, հոն կապիկի պես վեր կը շուլլվի Կումիկ և մակույկին մեջ կը ցատկե, թևճակները անցընելով։ Ու կը բացվի․․․։ Իր տարրին վրա է։ ― Իրիկվան, դեղին նավամատույցը, չավելան դրած, հանրության կը կարդա իր ձուկերուն դրվատ աքը, նախշուն և հրավիրող։ Երբ որ ն պարպվի շիշ մը օղի գրպանած, մակույկը կը մտնա և թիակի երկու հարվածներու մեջտեղը, օրհնյալ շիշը բերնին տնկելով, վրա բաց երդի մը մռլտուքներովը նավակայքը կը հասնի,հոն, վեր կ առնե մակույկը, Հացի կտորտանքներ կը թխմե կոկորդեն վար, փարջ մը ջուր կը խմե ու խցիկը կելլա, որ վայրկյան մը կը լուսավորի գետնատարած աշտանակեն։ Բո՛ւֆ, մոմը կը մարի՝ նոր եղեր կաթեցնելով չորսդին, և Կումիկ կը խորդա․․․։
Օր մը, Կումիկ, իրիկվան դեմ, իր դրկից ձկնորս Սարգիսին խուցը մանկամարդ աղջիկ մը տեսավ որ բոպիկ ոտքերը երկընցուցած՝ գերանի մը կրթներ էր։ Ածուխի պես սև աչվըներ ուներ, թուխ դեմքով, վավաշոտ շրթունքներով։ Երիտասարդ ձկնորսը նայեցավ անոր, ուշադիր խորունկ նայվածքով, սրտին ու հոգիին աչվըներովը նայեցավ։ Աղջիկը, անտարբեր, մերկ ոտքովը կատուի մը հետ խաղալու զբաղած, շտեսավ Կումիկին զննումը։
— Ա՛ռ, աղջիկս, ըսավ ձկնորս Սարգիսը, ծրար մը երկնցնելով աղջկանը, ամա՛ն, մորդ ըսե չափուխ վլաճ զերե շամաշըր շուն իմ։
Աղջիկը ծռեցավ, ձեռքովը փայփայեց կատուն, առավ ծրարը և սանդուխքեն իջավ գնաց։ Կումիկ, ներսդին բան մը զգալով զոր մինչև այն ատեն չէր զգացած, հարցուց Սարգիսին թե ո՞վ էր այդ աղջիկը։
— Չամաշըրճի Հոռոփին ախճիկն է․․․ ի՞նչ է. ծո, ալքդ խածա՞վ․․․։
― Ինչո՜ւս պետք, ճանըմ, ըսավ Կումիկ անտարբեր ձևանալով և իր խցիկը ցատքեց, որ ճիշտ քովն էր։
Հետևյալ օրը, ծովին վրա, բազմալար կարթը վարած միջոցին, Կումիկ սևաչվի աղջիկը կը մտածեր, անոր թափթփած մազերը, վավաշոտ շրթունքը և ոտքին մատվըները, որոնք կատվին հետ կը խաղային։ Ինքնաբերաբար, մակույկը վեր քաջելեն հետո, նորեն Սարգիսին խուցը ելավ փոխանակ իրենին։ Աղջիկը հոն չէր։ Մյուս իրիկունը նորեն ատանկ։ Երրորդ գիշերը աղջիկը եկած էր, ծրարը բերելու․ գերանին կրթնած, բոպիկ ոտքը մուճակեն դուրս հանելով նորեն կատվի հետը կը խաղար, անոր բուրդին տաքուկ շոշափումեն կարծես մեղկ հաճույք մը զգալով։ Կումիկ, գունատ և մտածկոտ, դուրս ելավ, իր խուցին դրանը առջև կեցավ։ Երբ աղջիկը կերթար, կանչեց․
— Սա իմին շամաշըրներս ալ կը վլա՞ք, հարցուց։
— Ինչո՞ւ չէ, ըսավ աղջիկը ու համարձակ մը Կումիկին խուցը մտավ։ Ձկնորսը խոհուն էր։ Նստավ իր անկողնին վրա, և աղջիկն ալ հրավիրեց նստիլ կոտրած աթոռակին վրա։
— Բերո՛ւզ, ըսավ, սուտ եմ․ չամաշըր չունիմ․․․ ամա․․․
Աղջիկը զարամցած, մանչուն երեսը կը նայեր։
— Մի՛ սրդողիր, անուշ քուրիկս, ավելցուց Կումիկ, չամաշըր չունիմ տալու ամա ուրիշ բան մը ունիմ ըսելու․․․։
Աղջիկը ոտքի ելավ, աչքերը բացած։
— Ինծի կառնե՞ս, Բերո՛ւզ, ըսավ երիտասարդը պաղատանքով մը ծնրադրելով անոր առջև։
Աղջկան նայվածքը մեկեն ի մեկ մեղմացավ, անուշցավ, նստավ նորեն աթոռակին վրա, երկու ձեռքերովը այտերը պըռնած, տղուն նայելով պիշ-պիշ։
— Ասկեց կելլամ, Բերո՛ւզ, դուրսը աղվոր օտա մը կը պըռնեմ, կը շարունակեր Կումիկը, քի կարգվինք նե ըռհաթ ըլլաս․․․․ էկու չէ մըսեր, Բերո՛ւզ․․․ հոգիդ սիրեմ․․․ չես խաբվիր։ — Կառնեմ, ըսավ Բերուզ, ոտքի ելլալով... ամա մեյ մը մորս հարցանեմ...։ ֊
-Բեք աղեկ, հարցո՛ւր։
Ոտքի ելան, Կումիկ անձկոտ փողփողումով մը՝ Բերուզ, իր դեմքի բնական զվարթ արտահայտությունովը։ Ու բաժնվեցան։ Դրանը առջև, փիսիկը, որ կը սիրեր այդ աղջիկը, անոր ոտքերուն քսվրռտկեցավ կռնակը ուռեցնելով։ Բերուզ ծռեցավ, շոյեց անոր կռնակին բուրդը և գիշեր բարի ըսելով ելավ գնաց։
Իր խշտիքին վրա, այդ երջանիկ գիշերը, ոսկի երազներ երազեց երիտասարդ ձկնորսը. ծրագիրներ պատրաստևց այդ աղվոր սևաչվի աղջկան սիրտը բոլորովին շահելու համար, վասնզի անոր ոչ այնքան փութկոտ ձևերը շատ վստահություն չէին ներշնչեր իրեն։ Ալ դժոխք կերևնար իրեն նավակայքին այդ ծակը, ուր կյանքին ծաղիկը ապրեր էր։ Իր ապագա կյանքին հետին մանրամասնություններուն իջավ, մինչև իսկ պզտիկ պզալիկ կլորիկ մանչու մը ճվոցը լսել կարծեց Բերուզին գրկին վրայեն։ Հույսերու, սարսուռներու, երանությանց առաջին գիշերը ապրեցավ Կումիկ, բայց հետևյալ առտուն նորեն արևը չէր ծագած երբոր փոթուրը սրունքներեն վեր քաշելով իջավ նավակայքը և մակույկը լողացընելով ծով ելավ։ Իր եռանդեն ձուկերը տուժեցին, որոնցմե մեծ քանակությունով բռնեց։
— Հայտե՛, հայտե՛, եկեք, եկեք, նոր մարդ պիտի էվելնա, կը մրմռար իր մունջ երեներուն, Բերուզս ուտել կուզե, կը Հասկընա՞ք կոր...։ Եվ ողնափայտին խորը խորակաձուկերուն ոգեսպառ թապլտուքները բոլորովին տարբեր հաճույք մը կը պարգևեին հիմա սիրահարված ձկնորսին։ Աղջկան սիրտը բոլորովին գերելու հափշտակաթյան մեջ, Կումիկ այդ օրը իր բռնած ձուկերուն լավագույններեն մեկ օխայի չափ զատելով տարավ իր խուցը պահեց, պնակի մը մեջ։ Հետո, նավամատույցին վրա, ախորժաբեր հրավերներու սաղմոսերգության մը ուժովը, շուտ մը ծախեց չավելային պարունակությունը և օղիին շիշը լցնելով մտավ մակույկ. ճամբան, մինչև նավակայք, թևճակի երկու հարվածի մեջտեղ, ըմպեց կենդանատու նեկտարեն, երևակայությունը զինելով, իր պատրաստած առաջին նվերին ազդեցությանը վրա տարապայման խանդավառված։
Մթնշաղ էր երբոր նավակայքեն ներս քշեց մակույկը։ Ընդհանրապես Բերուզը այդ միջոցներուն կերևար։ Ձկնորսը ոտքը իր խցիկին սանդուխին դրած պահուն, հեռվանց, նավակայքին խորեն տեսավ աղջկան շրջազգեստին ծփանքը: Հուզված, աճապարեց վեր ելավ սանդուխեն, անկեց առաջ խուցը մտնելու և իր սրտին հատորը ընդունելու համար։ Խուցիկին դռնեն, սակայն, ակնարկ մը նետելով, աղաղակ մը արձակեց և ներս խուժեց։ Կատուն շորս թաթերովը ձուկերուն վրա ինկած, — այն ձուկերուն զորս Կումիկ Բերուզին պիտի մատուցաներ և որոնք, իր մտածումովը, հաղթանակին նվիրագործումը պիտի ըլլային, — կատաղի ախորժակով մը կուտեր։ Կումիկ՝ մոլեգնության տագնապի մը ենթակա՝ ուժգնորեն բռնեց կատվին պոչեն և անգամ մը դարձնելով օդին մեջ, գետինը զարկավ։ Կենդանին, իր խընճույքին մեջ այդպես վայրենորեն ընդհատված, վայրկյան մը գետնաթավալ մնաց՝ սրտակտուր մլավյուն մը արձակելով. բայց ձկնորսը, աղետին առջև, ավելի կատղած, նորից բռնեց զայն ետևի թաթերեն, և անոր մարմինովը օգին մեջ շրջանակներ գծելե հետո ցնորագին արագությունով՝ զարկավ հաստ գերանի մը։ Կատվին գանկը ճեղքվեցավ, ըղեղը արյունին խառնված չորս կողմը ցայտեց, և մարմինը, զոր ա՛լ ձգեց Կումիկ, անշունչ ինկավ գետինը, բերանը բաց, արյունաթաթավ։ Այդ նախճիրին առջև, ձկնորսը, հանդարտած, սփոփանքի «օխ» մը արձակեց։ Եվ պիտի երթար ձուկերը աշքե անցընելու, երբ ետին դառնալով Բերուզը տեսավ, որ խցիկին դուրսը կայնած, սառած աչվըներով կատվին անշունչ դիակը կը դիտեր։ Աղջիկը տժգույն դրան սեմին վրա եկավ։
— Դո՞ւն ըրիր ասիկա, Կումի՛կ, հարցուր դողդոջուն ձայնով մը։
— Քեզի համար ձուկ պահեր էի, շունշանորդի հայվանը կուտեր կոր... վրա հասա, իշտե թո՛ղ նորեն ուտե նայիմ... փառքը առավ։ Եվ հետո, նորեն ձուկերուն մոտենալով, բռնեց պնակը և Բերուզին դարձավ։
— Նա՛, հոգիս, ըսավ, երկու հատը կերեր է, զարար չունի, վաղը տահա շատ կը պերեմ։
— Չուզե՛ր, պատասխանեց աղջիկը կատվին ջախջախված գանկը դիտելով միշտ, և հանկարծ երիտասարդին դառնալով.
— Կումի՛կ, ըսավ, մարըս խայիլ չըլլար կոր։
— Հե՞, ի՞նչ կըսես, Բերո՛ւզ, ամա՜ն։
— Մարըս խայիլ չըլլար կոր, կրկնեց աղջիկը ուժգին ու վրիժառու շեշտով մը և դուրս ելավ խցիկեն, վերջին ակնարկ մը նետելով արյունոտ դիակին վրա․․․։
Ու վար իջավ աճապարանքով։ Կումիկ, շանթահարված, կը պոռար վերեն պնակը ձեռքը։
Բերո՛ւզ, ոտքդ պագնեմ․․․
— Մարըս խայիլ չըլլար կոր, ըսավ վերջին անգամ մը մանկամարդ աղջիկը, և նավակայքին ստվերներուն մեջ անհայտ եղավ․․․։