Jump to content

Առեղծուածը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՌԵՂԾՈՒԱԾԸ.


Ահա՛ վար առայ՝ սև քողը սըգի
Ես իմ քնարից.
Եւ կուզեմ նորից
Գարնան, վառ սիրոյ քաղցը նւագի
Մելանոյշ մրմունջ
Երգել անտրտունջ...

Այս մէկը ահա՛ տանջանքի է լար,
Ցաւերից հիւսուած.
Որ միշտ տխրամած
Լոկ վիշտ է երգում տխո՜ւր, միալա՜ր
Աշխարհի ունայն,
Խւերից համայն․․.

Այս մի քանիսն էլ՝ բռնութեան ծովից
Պոռթկած են են մէկ-մէկ,
Որ միշտ վշտաբեկ՝
Վրէժի՛ անմար և անյաղթ րոցից
Կ'երգեն անողոք
Անէծք ու բողոք...

Սա... լարն է սիրոյ բարա՜կ, ոսկեթե՜լ.
Հովւերգով սիրուն
Երգում էր գարուն...
Եւ հին օրերից գիտէ սիրտ դիւթել՝
Ինչպէս մի անգամ
Ասաց բարեկամ...

Խփե՛մ... և երգե՛մ սէ՜ր, ծաղի՜կ, գարո՜ւն,
Եւ իմ սրտի խոր...
Ա՜հ, այս ի՞նչ ժխոր,
Խեղդուած հեծկլտանք... դիակներ... արիւն...
Ո՞վ է արտասւում,
Ո՞վ հաց աղերսում...

Լարը ղօղանջեց... ո՞վ էր որ կուլար,..
Ո՞վ էր՝ ինձ կանչեց...
Ա՜խ, տխո՜ւր հնչեց,
Կըտըրուե՜ց, մեռա՜ւ սիրոյ երգի լար...
Եւ ես կըսկըծից
Զարթնիցի քընից...