Առյուծամագիլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երամականչ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Գ (Առյուծամագիլ)

Վարդան Հակոբյան

Սրտի անունից
ԱՌՅՈՒԾԱՄԱԳԻԼ

Իսկ ես, չգիտեմ, ուրիշ ի՞նչ ասել,
Կփորձեմ այնպես ապրել աշխարհում,
Ինչպես առաջին սերը` հուշի մեջ:
Լռած լույսերի պաղ շռայլությամբ
Լուսինն իզուր է ինձ գոհացնելու
Փորձերի դիմում՝
Մոռանալով, որ իր գոյությունը
Ինչքան էլ բարի,
Անկաշառ լինի,
Հաստատումն է հենց տիրող գիշերվա։
Արեւ եմ ուզում։
Չեմ կարող երբեք
Կարմիրով ներկել լուսնյակի դեմքը՝
Զգալու համար համը արեւի։
Ես ձանձրացել եմ սուտ երազներում
Ինձ պաստառելուց,
Ուզում եմ խոհիս պաստառը շրջել
Երեսի վրա
Եվ… ձեռագրել լույսը գարունքվա։

-1-
«Գիշերը մայրն է ծագող արեւի».
Չգիտեմ ով էր
Հոգուս ականջին շշնջում կամաց
                     բառերն այս բարի,
Երբ հանկարծ մեկը
(Եկ Հիշողություն անվանենք նրան),
Անցած օրերի մշուշից ջոկեց,
Ինձ բերեց խոսքդ՝ հույսերի կերոն.
-Ես կգամ այնժամ,
Երբ ինձ մոռացած կլինես արդեն…
Ինձ բերեց խոսքն այս,
Եվ իմ մեջ ասես կսկծաց ցավն այն,
Որ քարշ է գալիս,
Մրմնջում է դեռ,
Առանց քեզ անցնող ճանապարհներիս.
                       ցավ, որ հեռացման
Այն օրը սիրով ընծայեցիր ինձ՝
Մենակությունս…
Ուրեմն, ինչո՞ւ,
Էլ ինչո՞ւ հաշտվել մենակության հետ,
Որի աչքերում
Ցանկացած պահին կարող եմ տեսնել
Անցյալին տրված ու հավատափոխ
Կրակները քո,
Որ հիշեցումն են հեռավոր ձմռան։
Հիշո՞ւմ ես, սեր իմ. ձյունեղեն քողը՝
ՈՒսերիդ վրա,
Ու մեր աչքերին անվերջ թվացող,
Ու մեր դաշնակից քայլերով կնքվող
Միամտորեն մաքուր ճանապարհ,-
Ձմեռն այսպես է թարգմանվել իմ մեջ։
Ո՞ւմ էր հարկավոր,
Երբ Այստեղ պիտի հասնեինք միայն։
Առաջին սիրո անմեղությունը,
               Հիրավի՞, չունի
Ձյուներից հեռու մի այլ հանգրվան…


Ձյունը գարունքվա խոստում էր աչքիս,
Առվակի երգ էր,
Եվ այնպես հարթ էր ամեն-ամեն ինչ,
                Որ իմ սրտի մեջ
«Բույլ մի ժպիտն» էլ
Կարող էր դարեր տառապած, տանջված
Այս երկրագնդի
                Ցավերը հերքել…
Կարող էր, սակայն,
Ժամանակը իր շուրթերին առավ
Մեր սերը՝ որպես
Քաղցր համեմունք…
Ու մի օր էլ ես
(ճակատագիրն է առաջին սիրո)
Լսեցի խոսքդ, որ խոսք չէր միայն.
-Ես կգամ այնժամ…
Իմ մաքուր ու խեղճ պատանությունն էր
                 Քեզ հետ հեռանում,
Խոսում քո վառված - մարող շուրթերով։
Հավատում էի։
Ու միայն հիմա, հիմա գիտեմ, որ
Երբեք չես գա դու,
Երբեք չի գա նա,
Բայց եւ, ո՞վ գիտե,
Թե դու մնայիր ինչ-որ հրաշքով,
Պատանեկությունս էլ չգնար գուցե։
Ի՞նչ արած, սեր իմ,
Թող այնդպես լինի։
Ծառի լոկ երրորդ ծաղկումն է հասնում
                 Պտղավորման։
Ծառը քարերից ավիշ է քամում
Եվ այդ քարեղեն աշխարհը նրա
                 Կարոտ աչքերում
Դառնում է կանաչ սիրո օազիս,
Իսկ ինքը, ինքը…
Իսկ ինքը այնտեղ ապրում է, ինչպես
Քարերին կառչած
Ծաղիկ մոգական՝ Առյուծամագիլ…

-3-
Առյուծամագիլ, առաջին իմ սեր,
Մեր բաժանման մեջ թող անչար լինեն,
                      օրերը անցնող,
Լինեն հողաբույր,
Ճանապարհ բարի քո արմատներին…
Աշխարհը քո մեջ գտնում է իրեն։
Իսկ ե՞ս… չգիտեմ, ուրիշ ի՞նչ ասել,
Կփորձեմ այնպես ապրել աշխարհում,
Ինչպես առաջին սերը՝ հուշի մեջ։
                                1970թ.