Սրտի անունից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Առյուծամագիլ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Գ՝ Սրտի անունից

Վարդան Հակոբյան

Վայրի սեր
ՍՐՏԻ ԱՆՈՒՆԻՑ

-Ծաղկամանում
Խորանալու ճամփա չունեն
          արմատները
Եվ չունեն հող,
Դրա համար շրջվում տխուր,
Փաթաթվում են
Ծաղկանց հողոտ ցողուններին։
Ափսոսանքը, արցունքվել է
Արշալույսի անմեղ-անմեղ
               աչքերի մեջ,
Եվ նա իրեն նման չի էլ,
Եվ նա իրեն
Մեղավոր է զգում, ասես
                քո մեղքի մեջ,
                իմ մեղքի մեջ,
Ինձ է նայում տխուր, մոլոր
Ու սրտի մեջ որոնում է
Քաղցր մի գույն,
Որ իր դեմքին տեղավորի
Որպես ժպիտ՝
                Գոնե մեկդ ներող լիներ...
Որոնում է, բայց գույն չկա,
Նրա խորքում խռովել են
Երանգներն այդ կրակենի։

Արշալույսի աչքերի մեջ
Հեռացումդ ծխում թեթեւ
Ու ամպի պես
Ծանրանում է օրվա կրծքին։

Իմ օրերի ծաղկամանում՝
Ծաղկունքի մեջ ծաղկամանի,
Թախիծ կար մի ոսկեւորիկ,
Կար ափսոսանք երազների
Եվ սուտ հրճվանք,
Որ ուզում էր փոխանցել նա
իմ աչքերին,
Խոնարհ, խռով իմ աչքերին։
Բայց աչքերս
Ինչ մինչեւ այդ տեսել էին,
Չէին ուզում տեսնել նորից,
               հոգնել էին,
Թե կորցնելուց,
Թե գտնելուց...
Հոգնել էին երազներս,
Փռվել անհոգ ոտքերիդ տակ,
Արդեն պետք չէր,
Ու չէր օգնի ոչ մի խորհուրդ,
              ոչ մի շշուկ
Եվ ոչ մի խոսք.
Երազներս սպասում էին
Վերջին արդար դատաստանիդ,
Որ... վերջն է իմ,
Որ վերջն է եւ քեզնով ապրող
              իմ երգերի։
Բայց իմ սիրտը
Կծկվել էր սիրահոժար,
Պտղունց մի բուռ այն հողի պես,
Որի ներսում
Կապանքներ կան... արմատների՝
Երազանուն,
Երազասեր...
(Միթե, իրավ,
Նույն հավատն ու երգը չունեն
Ծաղկամանի
Կաղապարված մի բուռ հողը,
Եվ սիրտը՝ որբ սիրով ապրող...
Կաղապարված, բանտված հողը
Ծաղկամանի,
Որ իր խորքում ուժ է գտնում
Նորից գարուն արարելու,
Սեր ու ծաղիկ տալու համար)...

Այսպես, ահա,
Պատուհանիս ծաղիկները
Ինձ հաղորդ են անում սիրո
Գաղտնիքներին.
-Թող որ գնա,
Թե որ մի օր պիտի գնար,
Բախտի առաջ չեն խոնարհվում...

(Մեր աչքերը հանդիպեցին,
Ծաղկամանում
Բաժանվեցին մեր աչքերը)...
Հավատում է սիրտս ծաղկանց
Կյանքով փորձված հավատամքին.
-Ծաղկամանում
Խորանալու ճամփա չունեն
         արմատները
Եվ չունեն հող,
Դրա համար շրջվում տխուր,
Փաթաթվում են
Ծաղկանց հողոտ ցողուններին։

Լսո՞ւմ ես, կյանք,
Եվ դու, սեր իմ, բաժանումի
                ճամփա ելած,
Ո՞ւնկ եք դրել դուք երբեւէ
Ծաղկամանիս շշուկներին,
Շշուկ-շշուկ ծաղիկներին,
Որ սնվում են ոչ թե հողով,
Երկնի ցողով,
Այլ ցողաջինջ սրտի... սիրով։

Զրուցում է իմ հոգու հետ
Ծաղկամանը՝
Բյուր երգերի միջով անցած,
Սակայն եւ նոր,
եւ թարմացած։
Ես տեսնում եմ
Կարոտը այն կայծակնահար,
Որ հույսերի անձրեւախոս
Ամպերն է լուռ ծվատում դեռ
Ծաղկամանիս հայացքի մեջ,
Ու ճչում եմ.
-Թող հույսերն այդ անձրեւ դառնան,
Սիրով փարվեն ծաղկամանիս։
Ծաղկամանն իմ
Գլխի վրա որոտացող
                ամպ չի տեսնում,
Կայծակների հուր չի տեսնում
Տարին բոլոր,
Եվ, թե հանկարծ տեսնում էլ է,
Մեն ու միայն... պատուհանից՝
Հորիզոնով իր երկփեղկված...
Թող ինձ ներեն
Ոսկեթախիծ ծաղիկներն իմ.
Նոր եմ նրանց հասկանում ես։
Պատուհանն իմ այսուհետեւ
Ես կբանամ արեւելքից...

Ներեցեք ինձ, իմ ծաղիկներ,
Նոր եմ զգում արեւատենչ
                տանջանքը ձեր,
Որ եւ իմն է,
Նոր եմ զգում թախիծը ձեր
                երազների,
Որ եւ իմն է,
Նոր եմ զգում սերն արեւի
Ու հմայքը,
Ու հրայրքը, որ եւ... ձերն է։
Ներեցեք ինձ, իմ ծաղիկներ...



Ավարտվել է կյանքի խաղը
                մեր սիրո հետ,
Ավարտվել է,
Վարագույրը քաշիր կամաց,
                սակայն այնպես,
Որ լույսերով լցվի տունն իմ,
Լցվի հույզով,
Ոչ թե միայն մամռակալող
                իմ մենությամբ։
Եվ քանի որ
Վերջին անգամ պիտի լինես
Հարկի տակ իմ երազների,
                բարի եղիր,
Իմ օրերի դեռ նոր բացվող
ՈՒ բացվելիք թերթիկներին
Թողնելու քո օրհնությունը...
Բարի եղիր,
Եվ տար քեզ հետ այն ամենը,
Ինչ բերել ես քո սիրո հետ,
Տար եւ բույրդ՝
Շունչդ պահող հույսս վերջին
                քո դարձումի...

Հասկանո՞ւմ ես,
Հավաքիր եւ հուշերը քո,
Ոչինչ, ոչինչ, մի թող ինձ մոտ,
Որ զղջումի ձյուներ մաղեն
Հոգնախռով երազներիս։
Եվ մինչ հիմա
Թե մեղքերը իմն են եղել,
Դու մեղավոր դարձիր այսօր,
                գեթ մի օրով
Նման եղիր այս աշխարհի
Բոլոր, բոլոր աղջիկներին,
Իմ աչքերին օտա՛ր եղիր...
Բարի եղիր, սեր իմ, գոնե
Բաժանումի հանգչող պահին,
Մի՛ նայիր իմ աչքերի մեջ,
Եվ մի՛ փորձիր
Իմ ձեռքի մեջ սիրտս սեղմել,
Վախենում եմ գժվեն հանկարծ,
Չլսեն ինձ իմ ձեռքերը...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ներիր, ներիր, բաժանումն այս
Հանդիպումի նման էր շատ...

1971թ.