Jump to content

Առ հրաժարվածը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Առ հրաժարվածը


Կյանքը՝ գեղեցիկ պարգև աշխարհում,
Եվ կյանքից հեռու ի՞նչ ճանապարհ կա.
Ո՛վ մարդ, քո սիրտը ո՞ւր է վերանում,
Կապած, կաշկանդած երկրիս վերա։

5 Ինչպե՞ս կարող ես նորա կապանքից
Եվ ծանրութենից դու ազատ մնաք.
Հող պիտի դառնաս, ծնեք ես հողից,
Թե Ստեղծողին կամիս հավատաք։

Հողից կարող ես դու նորից փոխվեք
10 Սողուն կամ զեռուն, ճընի կամ ծծմակ,
Ցեցի պես շարժվել, դարձյալ հող լինեք,
Մեզ ցեխ պատրաստել ծեփե՜լ պատ ու ծակ

Նայի՛ր լուրջ աչքով, ահա անապատ.
Ի՞նչ պիտի գործես, որ Տիրոջ առջև
15 Ստանաս դու վարձ։ Անմիտ Հուսահատ,
Զուրկ ես աշխարհից և չունես պարգե։

Հավատը գործով միայն է հաճո.
Եվ առանց գործի չունիս դու հավատ,
Քարոզի՛ր անխոնջ գործը Աստուծո,
20 Եվ մի՛ հեռանալ անմարդ անապատ։

Կարդա՛, ակա՛նջ դիր Ավետարանին,
Եվ նորա տողերն ձգի՛ր աչքիդ տակ.
Տե՛ս, ի՞նչ է ասում քեզ աստվածային
Արյունով քրտնած բազմաշխատ Մշակ։

25 Ա՛ռ փշյա պսակ և մտի՛ր աշխարհ.
Այդտեղ է, ով մարդ, Աստուծո Տաճար.
Այդտեղ քո կյանքը վաստակո՛վ վարժիր,
Այդտեղ սրբությամբ դու գո՛րծ կատարիր։

Այդտեղ ասպարեզ քրիստոնեության,
30 Այդ կյանք բարվոքող մեծակշիռ ուսման.
Թե ունիս ականջ լսելու լսի՛ր,
Թո՛ղ մթին այրիք, ճգնավոր, փախի՛ր։

1804 թվին
մայիսի 6
Ռուս ուխտատեղում