Ա.
Ցուցամատից մինչեւ ձգան՝
օրը լիքն է սարսուռ դողով.
եւ շոգ էր շատ,
եւ սառչում էր ցուցամատը։
Կարծես պիտի պոկվեր, ընկներ,
անշարժանար ցուցամատը,
բայց շտապեց
սեւ ձգանի վրա պահվել։
Մի վայրկյան եւ... պրկվեց ճիգով,
ինչպես ջրից թրջված բեռը
քաշեին դուրս՝
ձգեց մի կերպ, ծռմռվելով։
Ցուցամատը պիթոն օձի
պոչ էր կտրած, թպրտացող
մինչ իրիկուն,
արդեն վերջին կծկումն արավ։
Բ.
Եվ գնդակը ճամփա ընկավ։
Ճանապարհն այդ մի վայրկյան էլ
չկա գուցե,
բայց անցնում է դար ու դարեր։
Տարածություն եւ ժամանակ։
Եկեղեցու խաչի միջով
ճեղքեց, անցավ...
Արյունոտվեց հարսանիքը։
(Այդ նույն պահին Հայաստանի
վանքներն ամեն զանգ զանգեցին
միանգամից,
ցնցվել էին հիմքերն ամեն)։
Կիտրոնի տաք ճյուղը ջարդվեց,
տերեւները արցունքի պես
սահեցին վար,
եւ Իսպանիան շնչահեղձ էր։
Գնդակն անցավ սիրո միջով,
որ դեռ երգ չէր դարձել, բնավ,
փթթում էր
բաց - չբացված սրտի խորքում։
(Այդ նույն պահին Հայաստանի
աղջիկները լաց լացեցին
աղեկտուր
եւ ամենն այդ տեսավ Աստված)։
Գրենադա, խոսք չեմ գտնում։
Որովհետեւ այդ գնդակը
գնդակ չէր լոկ,
այլ արյան մեջ ընկած ասեղ։
(Իսկ աշխարհի ծագերն ամեն
իրար ամուր շաղկապված են
երակներով
պնդաճակատ պոետների)։
Գ.
Եվ իր ճամփով դժվար ու հեշտ
լուռ գնում է նույն ասեղը,
ծայրի վրա՝
միշտ փորփրվող վերքը դարի։
(Անգամ հիմա, երբ որ հանկարծ
խոսք է բացվում նախճիրներից,
կծկվում է
Չարենցը եւ սիրտը բռնում)։
Նախնադարից մինչ մեր դարը,
մինչ սիրտը մեր
դեռ անարգել
թռչում են սեւ ասեղները։