Jump to content

Աստղերի բուրմունքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՍՏՂԵՐԻ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ՝ ՋՐԵՐԻ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ


Երբ երազում տեսնում ես
ինձ, անգամ՝ յոթ միլիոն
լուսային տարվա հեռավորությունից,
դա ես կատարելապես զգում
եմ քնիս մեջ՝ այդ պահին
շուռ գալով այն կողիս վրա,
որ բացակայում է
ինձանից, քանի որ
նրանով Տերն արարել է քեզ։
Երկինքը Քիրսի ոտքի տակ
թավալվող հովիտ է, ուր ծաղկում են
աստղերը։ Մտքի տեսողություն-
ահա միակ լույսը եւ ազատության
նշանն առաջին։ Ամեն ճանապարհի մեջ
կա հակաճանապարհ, գալն ու գնալը
հավասարապես տեղաբաշխված
են յուրաքանչյուր քայլում՝ որպես
տիեզերական դինամիկա։

Ծաղիկների հետ իմ երկխոսության առաջ-
նությունը պատկանում է ոչ թե աչքերիս,
այլեւ, առաջին հերթին, ձեռքերիս։ Կինո-
ազդրերով աղջիկ՝ օձի բերանով քաշ-
ված։ Տեսնես որտեղ են պահվում 3 գդալներն
արծաթե, որ Սարագոսի պոետական
մրցույթում շահել է
երիտասարդ Սերվանտեսը։ (Բանաստեղծությունը
խոտի, քարի, աստղի, հոգու, նյութի եւ այլնի
համակարգումն է՝ միշտ անավարտ)։

Երբ շողը վարանում է՝ մութը
վազանցում է լույսին։ Եվ սովորական դար-
ձածն արդեն չես տեսնում, որովհետեւ
աչքդ անգիր է արել։ Ա-
սում են, սպիտակն է որոշում, թե որ
գույն որքանով է ինքը, իհարկե,
սուբլիմացիայից հետո, երբ կարող էր
Ռիչարդ Ֆեյնմանը բուֆետում՝ հայտնության պահին,
«դուրս թռնել հերթից» եւ «Ջիգա» պարել։

Լույսի առաջ փխրուն՝ որպես
ստվերներից շինված աշտարակ։
Անփոխադարձության մեջ, համոզված եմ,
բռնաբարության տարրեր կան։ Եվ
եղանակի ու ժամանակի փոփոխություն-
ները պայմանավորված են հոգեբանությամբ
սիրո։ Երբ կողքիս կագնածի հետ
խոսում եմ գոռալով, նշանակում է՝ ուզում եմ
հասկացնել նրան, թե որքան է հեռու ինձանից։

Մանկության առուներին հասկանալու համար,
հաճախ ձեռքս մտնում է մազերիդ
մագնիսական դաշտը։ Արարքի եւ մարդու մասին
մեր ենթադրությունները գերազանցում են
մարդուն եւ արարքին։ (Բառը հանկարծ
չջարդի Ալադինի կախարդական լապտերը)։ Օրվա
զգեստները սիմվոլիկ են որպես
կորնգանի ծաղիկներ, որ մնացել են աղբյուրի
ակում, եւ, ջուր խմելիս, ծամում են կովերը։
Աչքերի բուրմունքը՝ ջրերի հարթության վրա։