Jump to content

Աստուձ խիալ արից սըվթա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Աստուձ խիալ արից սըվթա

Աստուձ խիալ արից սըվթա[1]
Ստիղծից նախ մարդըն Աթամ.
Աթամի կուղէմէն քաշից,
Յիվան տըվից նըրան համդամ:

— Համդամ գ’ուզիք՝ է՛ս ձիզ ղարար,—
Տէրըն ասաց,— չո՛ւտիք էս բար,
Թէ չէ կու տեսնիք մինձ զարար,
Վուր առիլ իք էս պըտղի համ:

Համ առնիլըն ուզից նախամայր Յիվան,
Չարըն գըթաւ նըրան, տըվին իրար կամ:

(Կամով նընգաւ չարի թոռըն),
Քաղից արգիլված խնձորըն,
Խաբից Աթամ նախահօրըն,
Կերան ու դառան մերկանդամ:

Մերկացան ու ամաչեցին,
Փօշման դառան ու լացեցին,
Տէրըն վուր էկաւ՝ խաբեցին.
Թէ՝ օձըն էր՝ արաւ սիթամ:

Սիթամ արից Տէրըն էլ, քըշից դըրախտէն,
Քանի վուր պատվիրքըն չըպահին թամամ:

Թամամ մութ բըռնից աշխարհըն,
Ի՞նչ է Աթամ-Յիվի Ճարըն.
Սատանէն գըթաւ հընաըն.
Ասաց՝ գ’ուզի՞ք, ձիզ լուս կու տամ:

Կու տամ, ասաց, գիրըն առաւ.
Յորդանանու գիդըն տարաւ,

Աթամ վուր էդ շարթըն արաւ՝
Նաթիջում դըժոխք գընաց ջամ:

Ջամ հազար տարի անց Տէրն էկաւ աշխարհ,
Ազատից հոգիքըն, բան չըթուղից քամ:

Քամ ու նիղ օրիր տեսան շատ:
Ով ունեցաւ յոյս ու հաւատ,
Իղրաղին մընացողըն հաստատ
Տէրըն կու յիշէ ամէն ժամ:

Ժամըն ու ժամանակն է նիղ.
Մահըն գուքայ ամենան տիղ.
Կու լինի դադաստան ահիղ.
Աղաչիմ Փըրկիչըն՝ յուսամ:

Յուսամ Սայաթ-Նովէս, միղքիրըս քաւիմ,
Թէ չէ դադաստանին յիս ի՞նչ ջուղաբ տամ:

թարգմանություն
Աստված սկզբում միտք արեց

Աստված սկզբում միտք արեց՝
Ու նախ Ադամ մարդը ստեղծեց,
Ադամի կողիցը քաշեց
Եվան նրան ընկեր տվեց:

— Ընկեր կուզեք՝ էս ձեզ պատվերք,
Տերն ասաց՝ էս միրգը չուտեք,
Թե չէ մեծ վնաս կքաշեք,
Թե է՛ս պտղի համը առնեք:

Համ առնելն ուզեց նախամայր Եվան,
Չարը գտավ նրան, դաշն արին կամով:

Կամով ընկավ չարի թոռը,
Քաղեց արգելված խնձորը,
Խաբեց Ադամ Նախահորը,
Կերան ու դարձան մերկանդամ:

Մերկացան ու ամաչեցին,
Զղջում արին ու լացեցին,
Տերն որ եկավ՝ խաբեցին,
Թե՝ օձն էր՝ արեց պատիժ:

Պատիժ արեց Տերն էլ, քշեց դրախտից
Քանզի պատվիրանը չպահին լրիվ:

Լրիվ մութ բռնեց աշխարհը,
Ի՞նչ է Ադամ-Եվի ճարը,
Սատանեն գտավ հնարը,
Ասաց՝ կուզե՞ք ես ձեզ լույս կտամ:

Կտամ ասաց. գիրն առավ,
Հորդանան գետը տարավ,

Ադամն որ պայման առավ՝
Դժոխքի ջամ[2] - կաթսան մտավ:

Ջամ հազար տարի անց Տերն եկավ աշխարհ,
Ազատեց հոգիներն, բան չթողեց պակաս:

Պակաս ու նեղ օրեր տեսան շատ:
Ով ունեցավ հույս ու հավատ,
Ուխտին մնացողին հաստատ,
Տերն կհիշե ամեն ժամ:

Ժամն ու ժամանակն է նեղ,
Մահը կգա ամենայն տեղ,
Կլինի դատաստան ահեղ
Աղաչեմ Փրկչին՝ հուսամ:

Հուսամ Սայաթ-Նովես, մեղքերս քավեմ,
Թե չէ դատաստանին ի՞նչ պատասխան տամ:


  1. Խաղը գտել և հրապարակել է Գ. Թարվերդյանը (1937 թ.)
  2. ջամ — կաթսա, լավորակ հայելի, նաեւ՝ բազում, շատ