Աշնան ցավերից կմեռներ ծառը,
թե տերե՜ւ-տերեւ չապրեր բերկրանքը
հավքի պես անցած իր կանաչության։
Բոլորովին մերկ, տխուր եւ... հպարտ
կանգնել է հիմա՝
լուռ, սիրահարի անմեղ կեցվածքով
ապրում է գալիք իր օրերի մեջ
եւ չի նկատում մերկությունը իր։
Զգում է, սակայն՝
արմատով,
հողով...
Ու երազում է։
Թե մերկ չլիներ, չերազեր գուցե։
Իսկ թե չերազեր
ծառը, չէր ծաղկի,
տեսած հողմերի հիշողությունը
պահում է իր տաք ավիշների մեջ,
որ ավելի հորդ ծաղկումը լինի...
Ինձ նվիրում եմ ես իմ երազին
եւ ինչ-որ ունեմ, տալիս եմ նրան՝
թե սիրտ ու հոգի,
թե ցավ ու բերկրանք,
թե համառություն,
թե կորով ու կամք։
Եվ նոր եմ տեսնում, որ այն նույն ծառից
ոչ հեռու ընկած պտուղն եմ նրա։
Աշնան ցավերից կմեռներ ծառը,
թե բույրն իր պտղի
իր իսկ արմատով, հողով չիմանար,
թե տե՜րեւ-տերեւ չապրեր բերկրանքը
ծաղկման, հավերժի եւ կանաչության։