Jump to content

Տաղ խռովքի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՏԱՂ ԽՌՈՎՔԻ


Վեր կաց, գնա ձյունի միջով, անվերադարձ դու գնա
եւ ցավերին քո սրտի, որ կփորձեն ետ պահել,
խեղդիր քո մեջ, ոտնահարիր, ականջ մի դիր, մի մնա,
գնա՝ քանի օր կա մի քիչ եւ ճամփադ է դեռ ջահել։

Թող ձյունը գա եւ հետքերդ թող չերեւան, թող կորչեն՝
իբրեւ դու չես եկել անցել, չես էլ եղել աշխարհում,
քո լինելու-չլինելու միջեւ ճամփան շատ կարճ է,
ոչ քեզ ճամփա դնող ունես, ոչ էլ ճամփադ են պահում։

Մի քիչ հուշ առ ափերիդ մեջ, մի քիչ հավատ եւ մեկնիր,
թե խանգարի հուշն էլ հանկարծ, նետիր մի կողմ, ինչի՞դ է,
երբ հեռանաս քո ներկայից, կանգնիր մի տեղ ու երգիր,
ու լաց եղիր, ու գնա, այդ ճամփան է, որ ճիշտ է։

Չմտածես տխուր բաներ, քեզ ինչ՝ հասնել-չհասնել,
հոգնես՝ նստիր, հանգիստդ առ, վեր կաց նորից ու գնա։
Ով էլ հարցնի քեզ քո մասին, ասա՝ վաղուց չեմ տեսել...
Խոսքով արի՝ ուշացար, վեր կաց՝ դեհ՝ վեր, մի՛ մնա...