Jump to content

Արդար լռություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՐԴԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ


Սերդ դարձրու ինձ հովանի... Արդարության լույսով սնիր
աչքերս, որ ամենուրեք փնտրում են կյանք ջերմագորով,
սուտը հերքող երգ ու բառում բարեբանվեմ հույսով, ծլեմ,
դառնամ հոգնած ուղեւորի կրծքում վառվող ուժ ու կորով։

Սերդ դարձրու ինձ հովանի... կայծակներով, շանթով օծիր
ձեռքերս, որ բռունցքվելիս այս լեռներն են հիշեցնում,
թող հավատը իմ արյան մեջ լինի անափ, լինի անծիր,
ու ես հերքեմ արատները, որով լույսն են կասեցնում։

Սերդ դարձրու ինձ հովանի... Ես ժայռանամ չարի առաջ,
որ չխախտվի, չխաթարվի ընթացքը հին մոլորակի,
եւ կեղծիքը, որ դարձել է հրթիռավոր հանրաճանաչ,
վերք չբացի, չդառնա ցավ տաք կողի մեջ ժամանակի։

Սերդ դարձրու ինձ հովանի... Ես քարքարոտ ճամփան երթամ
միշտ անխոտոր ու ներս մտնեմ կամարներից յոթ երկնքի,
քերծեմ հոգիս ճամփաներում, արյունոտվեմ, սակայն չտամ,
չտամ ձեռքը ծախուների։ Ինձնից արդար լույս ճառագի։