Jump to content

Սալորենին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍԱԼՈՐԵՆԻՆ


Մայթին կանգնել ու ծաղկել է լքված
սալորենին...
Խոնարհվեմ մինչեւ արմատը նրա,
արմատից էլ խոր՝
               մինչեւ հուշը իմ,
մինչեւ հեռավոր իմ մանկությունը,
որտեղ մայրիկս
խոսում բարձրաձայն, հանդիմանում է
ցուրտ փետրվարին
մեր հին բոստանում ծաղկով ճառագած
մի սալորենու.
- Ինչ է, բուսել ես Զառունց բոստանում,
թե դու էլ նրանց նման գի՞ժ լինես,
հարցնող լինի՝
այս ձյուն-ձմռանը ինչո՞ւ ես ծաղկել...

Ես՝ ավանդական գժերից մեկը
Զառունց օջախի,
        եկել, կանգնել եմ,
        խոնարհ կանգնել եմ,
մի լքված,
գժված,
ծաղկած ծառի մոտ, հեռու քաղաքում,
այլեւ մի քայլ անել չեմ կարող...

Եվ այնպես պարզ եմ, պարզ եմ հասկանում,
թե սալորենին ինչո՞ւ է ծաղկել...