Արցախը՝ սեր ու ճակատագիր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նրա երգերի ներքնատար շարժումները Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (Արցախը՝ սեր ու ճակատագիր)

Վարդան Հակոբյան

Գեղարվեստական խոսքի ներքին պատկերավորությամբ

ԱՐՑԱԽԸ՝ ՍԵՐ ՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Բագրատ Ուլուբաբյան... Այս անունն աշխարհի բոլոր ծագերում, այնտեղ, ուր թեկուզ մեն ու մենիկ մի հայորդի կա, հնչում է որպես անդուլ պայքարի, ազատության, անձնվեր մաքառումի խորհրդանշան։ Սիրով է հնչում, հնչում է ակնածանքով։ Ու մտածում ես՝ այս որքա՜ն հեռու են հասել հայոց արցախյան կաղնեծառի արմատները։ Մեր ժողովրդի ոգու լույսն ու գեղեցկությունը, դարերի արհավիրքներում ձեռք բերած ամրությունը, նրա ընդհանրական կերպարը ներկայացնող գույները անասելի խիտ ու ընդգծված են Ուլուբաբյանի մեջ։

Երբ ես նրան առաջին անգամ տեսել եմ երեւանյան մայթերի վրա՝ Մասիսների ֆոնին, ինձ թվացել է, թե հայոց բիբլիական լեռան ձյուների փայլն է մազերին։ Բայց, ավաղ, հետո ցավով նկատեցի, որ պատմական Վարարակնում քայլելիս էլ՝ ճերմակն առկա է գլխին։ Ու ինձ սկսում եմ համոզել՝ այդպես էլ պիտի լինի. չէ՞ որ նա այսօր ոչ թե յոթանասուն, հարյուր յոթանասուն տարեկան է, այլ այնքա՜ն, որքան... Այո, նա հայ ժողովրդի ցավից է ծնվել։ Բագրատ Ուլուբաբյանի տարիքը որոշելու համար, ուրեմն, նախ պետք է ճշտել՝ երբ է ծնունդ առել արցախյան ցավը։ Եվ ի՞նչ... Կարելի է նայել Արցախի լեռներին, սար ու ձորերին, նրա մութ ու մառախուղի մեջ հավերժակռիվ տվող երկնքի կապույտին ու նկարել Ուլուբաբյանին։ Եվ՝ հակառակը, եթե ձեռքիդ վրձին է, նայիր սիրելի գրողի ու պատմաբանի խոհուն ու լուսե դեմքին ու նկարիր Արցախ աշխարհը՝ իր երկնքով ու ցավով, իր Ավարայր ու Սարդարապատ ուղարկած զորագնդերով ու այսօրվա Ավարայրով, իր տագնապով ու հաղթանակով, աղբյուրների զուլալությամբ ու հավերժությամբ։

Բոլոր այն թշնամական նետերը, որոնք ուղղված են Արցախին՝ ուղղված են հայ ժողովրդի սրտին. ահա Ուլուբաբյան գիտնականի ու մտածողի ելակետը։ Եվ այստեղ էլ նրա գրիչը կատարում է սխրանքներ, արցախագիտության մեջ ապահովում գիտական առաջընթացի նոր որակ ու մակարդակ։

Արցախի մասին, մանավանդ՝ այսօր, գրում են շատերը։ Բայց անողոք է պատմագիտությունը։ Բագրատ Ուլուբաբյանն իր ամեն քայլով ու ապրած դժվարին, խիստ դժվարին կյանքով է նվաճել Արցախի պատմությունը գրելու իրավունքը, որովհետեւ նա Արցախը ճանաչում է ոչ միայն աշխարհագրությամբ, այլեւ հոգու ներքին շարժումներով ու քարտեզով, անհիշելի ժամանակներից մինչեւ մեր օրերը՝ ամեն մի պահով։

Նա Արցախը գիտե ոչ միայն աշխարհի մեծահռչակ պատմագետների ու մտածողների ճշգրիտ դիտարկումներով ու պատմագիտական աշխատություններով, այլ... իր ամեն քայլով, իր արյան ամեն մի գնդիկով։ Ուլուբաբյանը, լինի գեղարվեստական գործերի մեջ («Հեղեղ», «Հատիկը չի մահանում», «Սարդարապատ» եւ այլն), թե պատմագիտական աշխատություններում («Ոսկե շղթա», «Գրաստ», «Դրվագներ», «Զրուցարան» եւ այլն), մշտապես հանդես է գալիս որպես իր ազատատենչ ժողովրդի անվեհեր դատապաշտպան. նա երբեք չընկրկեց ոչ հալածանքների, ոչ մահափորձերի, ոչ աքսորների, ոչ էլ մյուս խարդավանքների առաջ, որոնք նրա համար ստեղծում էին կոմունիստական բռնակալներն ու դաժան ճակատագիրը։ Եվ տեղն է նշել, որ նա մշտապես կագնած է մեր ժողովրդի պատմության ռազմադաշտի առաջին գծում։ Նա հայոց հին ու հինավուրց խաչքարերի պես միշտ հպարտ է։

Արցախյան համազգային շարժումն այսօր վերածվել է մի նոր գոյամարտի, մեր ժողովրդի նոր Ավարայրն է այն։ Եվ, ինչպես սպասվում էր, Բագրատ Ուլուբաբյանը դարձավ այդ նույն Ավարայրի անկրկնելի պատմիչը։ Բայց միա՞յն պատմիչը։ Իհարկե՝ նաեւ այդ շարժման հոգեւոր առաջնորդն է նա։ Այսինքն՝ նա ինքն է ու ինքը, մի անհատականություն, որի կյանքն ու գործը վաղուց միացվել են մայր ժողովրդի կյանքին ու գործին։ Նա ստեղծում է մնայուն ու բարձրարժեք գործեր (ինչպես՝ «Արցախի պատմությունը», «Արցախի գոյապայքարը»), որոնցում «տիրապետողը ազգային ոգու արծարծումն է» ու «հայրենասիրությունը, հայ ժողովրդի ազատագրական պայքարի ու հարատեւումի լուսեղեն խորհուրդը»։ Նրա «Զրուցարանը» այսօր սեղանի գիրք է յուրաքանչյուր հայի համար, պատմության մի նոր հանրագիտարան՝ գրված այնքան մատչելի լեզվով, այնքան խորը դիտարկումներով ու փաստարկումներով։ Գիրքը, ի դեպ, արժանացել է ԼՂՀ նախարարների խորհրդի՝ հայ մեծ պատմիչ Եղիշեի անվան մրցանակին։ Այո, բավականին արտասովոր է բազմավաստակ գրողի ու գիտնականի ուղին, որ այնքա՜ն նման է իր ուղեւորին։ Մեծ ու անգնահատելի է Ուլուբաբյանի դերը՝ որպես հասարակական ու քաղաքական գործիչ, որպես գրական գործի կազմակերպիչ։ Ինձ բախտ է վիճակվել կանգնել Արցախի գրական ընտանիքի այն ղեկի մոտ, որի վրա Ուլուբաբյանի ձեռքահետքը կա անջնջելի։ Եվ, խոստովանում եմ, այդ ձեռքահետքերից իմ ձեռքը ուժ ու եռանդ է ստանում մշտապես, ավելին՝ իմ հայացքի ուղղությունն ճշգրտում եմ այդ հետքերով, որոնցից Ուլուբաբյան ու Ջանյան են բուրում։ Որոնք մաքառման խորհուրդ ունեն իրենց մեջ։ Ու լույսի խորհուրդ։

Արցախ աշխարհի օրհներգիչ Բոգդան Ջանյանն ասում է՝ Բագրատ Ուլուբաբյանը մեր արցախական այն ուժեղ, զորաշունչ անհատականություններից է, որը ինչ հողի վրա էլ ոտք է դնում, հողը դառնում է Արցախ, արցախյան։ Հիրավի, այդպես է։ Ասել է թե՝ Արցախը նրա համար ոչ միայն սեր ու պաշտամունք է, այլ նաեւ` ճակատագիր։

Ավելացնենք, կրկնակի գեղեցիկ է, երբ Բագրատ Ուլուբաբյանը քայլում է հենց ծննդավայր Արցախում ու արցախյան հողի վրա, հայրենի Վարարակնում ու Մուշկապատում, դրանից Քիրսն ավելի Քիրս է դառնում, երկինքն ավելի երկինք, մեր հաղթանակներն ավելի հաղթանակ, արցախյան հողն էլ՝ կրկնակի հող ու արցախյան։ Որովհետեւ Բագրատ Ուլուբաբյանն է քայլում, գլխին՝ Մասիսից ու Քիրսից առած ճերմակ, հոգու մեջ՝ արցախյան գարուններն անկրկնելի։ Որովհետեւ քայլում է հայոց դպրության ու մշակույթի՝ դարերի խորհուրդն ու լույսն իր մեջ ամբարած, ո՞վ ասաց՝ յոթանասունամյա, բազմադարյա նահապետը։ Նա դարերի հեռվից է գալիս ու գնում է հեռուն։