Գեղարվեստական խոսքի ներքին պատկերավորությամբ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արցախը՝ սեր ու ճակատագիր Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (Գեղարվեստական խոսքի ներքին պատկերավորությամբ)

Վարդան Հակոբյան

Մովսես Յախշունց. պայծառ մարդն ու բանաստեղծը

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՆԵՐՔԻՆ ՊԱՏԿԵՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

(Հոդվածը տպագրվել է մամուլում՝ որպես գրողի 60-ամյակին նվիրված հոբելյանական խոսք)

Մկրտիչ Սարգսյանի արձակը լրացնում է նրա պոեզիային։

Մկրտիչ Սարգսյանի պոեզիան լրացնում է նրա արձակին։

Եվ ամեն անգամ, երբ հաղորդակցվում ենք գրողի` գրականություն բերած յուրովի թարմ ու յուրովի գեղեցիկ աշխարհի հետ, մեզ պարուրում են այն զգացումները, որ սովորաբար ունենում ենք ամենացանկալի մարդկանց հետ հանդիպելիս։ Հենց այդպիսի մարդիկ են Սարգսյանի հերոսները։ Ու եթե ճշմարիտ է, որ գրողն իր գլխավոր հերոսներին կերտելիս նրանց մեջ իր հատկանիշներն է մարմնավորում, ապա պիտի ասել, որ Սարգսյանի կողմից նրա հերոսներին անցած ամենաբնորոշ գիծը ճշմարտասիրությունն է։ Սիրելը դեռ քիչ է, այդ ճշմարտությունը պաշտպանել է պետք։ Պաշտպանելն էլ քիչ է, այդ ճշմարտությունը հաստատել է պետք։

Մկրտիչ Սարգսյանը հաստատել է իր ճշմարտությունը։ Այդ մասին կարող են վկայություն տալ նրա բանաստեղծական ժողովածուներն ու արձակ գործերը. «Կյանքը կրակի տակ», «Ճակատագրով դատապարտվածները», ամենից շատ՝ «Սերժանտ Կարոն»... Ինչո՞ւ ամենից շատ։ Որովհետեւ սերժանտ Կարոն իր մեջ կրում է մարդկային այնպիսի վսեմ բարեմասնություններ, ոգու այնպիսի ուժ ու կորով, ազգային մեր դիմագծին բնորոշ արժանապատվության այնքան խորը զգացումներ, որոնք ավելի ամբողջական են դարձնում մարդուն մարդու մեջ, գրողին՝ իր իսկ կերտած հերոսի մեջ։

«Կերտել» բառն այստեղ այնքան էլ տեղին չհնչեց։ Սարգսյանը, ավելի ճիշտ, քանդակել է հերոսին։ Եվ պատահական չէ, որ «Սերժանտ Կարոյի» գեղարվեստական արժանիքներից մեկը, դա, առաջին հերթին, գլխավոր հերոսի կերպարի ռեալիստական գույների մեջ է։ Կարոն ազնիվ է ու քաջ, նա ճշմարտության, բարու եւ գեղեցիկի պաշտպանն է։ Բայց նրա հոգեւոր հարստությունն ավելի է ընդգծվում խիզախումներով ու համարձակությամբ։

Սերժանտ Կարոն, ինչ խոսք, մեր գրականության մնայուն կերպարներից է։ Այն պատերազմական թեմաներով ստեղծված գրական հերոսների պատկերասրահում ունի իր ուրույն տեղն ու սարգսյանական ներկապնակի հատուկ առանձնանիշերը՝ անմիջականություն, պարզություն, ապրումների խորք ու վեհություն, սեփական աշխարհայեցողություն, կյանքի բարդ ու ոչ դյուրին հարցերը բացելու խիստ յուրօրինակ մեկնակետ։

Խոսելով անվանի գրողի` «Սերժանտ Կարոն» ստեղծագործության մասին, որն այնքան ջերմորեն ընդունվեց ընթերցասեր լայն հասարակայնության ու գրականագիտության կողմից, Ս. Խանզադյանը միանգամայն իրավացիորեն նշում է. «Անչափ ուրախացա Սարգսյանի «Սերժանտ Կարոն» գրքով։ Կարոն հայ զինվորի խտացումն է՝ հայրենասիրության, մարդասիրության, թշնամուն ատելու իր հզոր կարողությամբ։ Սերժանտ Կարոն հայկական Վասիլի Տյորկինն է։ Մեր Մկրտիչը հայ զինվորի կյանքի ամենից քաջագիտակն է։ Թե՛ իր գրականությամբ, եւ թե՛ իր ասպետական, օրինակելի կյանքով, Մկրտիչը բարության մարմնացում է։ Բարի՝ դեպի մարդը, ժողովուրդը, հայրենիքը»։

Մկրտիչ Սարգսյանի խոհը ապրված է, ապրումը՝ զգացված, զգացումը՝ որքան վեհ, այնքան էլ վեհացնող է։ Դա գրողի տաղանդի բնականության մասին է խոսում։ Սարգսյանի հերոսները կենսասեր են, կյանքոտ, կրակոտ մարդիկ են նրանք եւ անպայման՝ կրակների միջով անցած։ Եվ ուրիշ է կրակներն իր արյամբ հանգցրած հերոսների փիլիսոփայությունը։ Եվ իր այդ հերոսներին սիրում, շատ է սիրում գրողը, դրա համար էլ նրանք սիրելի են նաեւ ընթերցողին։

Մկրտիչ Սարգսյանի արձակ գործերին հատուկ է նուրբ ու զգայուն քնարականությունը։ Եվ դա նրա ոճը դարձնում է դյուրամատչելի, միտքը ավելի տպավորիչ։ Սարգսյանը հեռու է պատկերային արտաքին էֆեկտներ ստեղծելու սխալ տենդենցներից։ Պատկերավորության նա հասնում է խոսքի էության մեջ։ Ու բնական է, որ նրա գրական կերպարները խիստ անհատականացված են իրենց մտածելակերպով, բնավորության գծերով։

Որքա՜ն խտացված խոհ ու խորհուրդներ ունեն իրենց մեջ «Կյանքը կրակի տակ», հիրավի, սքանչելի վեպի հերոսները։ Սակայն ինչո՞վ են նրանք ավելի շատ աչքի ընկնում, ի՞նչ կողմերով է ակնառու այդ գիրքը։ Առաջին հերթին՝ հերոսների ճշմարիտ հոգեբանությամբ, որն այնքան հավաստի գծերով է պատկերվում դաժան ժամանակների ֆոնի վրա։ Սարգսյանն այստեղ կերպարները բացում է հոգեբանական անսխալ դիտարկումներով։ Եվ դա նրա գրողական առավելություններից մեկն է, որն ավելի կենսահաստատ է դարձնում արվեստագետի խոսքը։

Մկրտիչ Սարգսյանի ձայնի մեջ չկան կեղծ նյուանսներ։ Նրա խոսքը սրտառուչ է, բնական, հեռու «զանգուլակային» զարդանկարներից ու պճնագեղություններից։ Կրակների միջով քայլող մարդը դրա կարիքը չունի, նա միայն գործում է, մաքառում, կյանքի համար պայքարում կյանքի գնով։

Գրողի ստեղծագործությունները, սակայն, շատ բան կորցրած կլինեին, եթե նրանցում չխտացվեր լույսի, բարու, մարդկայինի հարատեւության ու դրանց հաղթանակի հավերժական խորհուրդը։ Այն խորհուրդը, որ գրողը ծաղիկ առ ծաղիկ քաղել է կրակների միջից ու կրակների տակ...

Մկրտիչ Սարգսյանի գրիչը զորեղ է նաեւ երգիծանքի ասպարեզում։ Այստեղ էլ գրողը հասել է ակնհայտ հաջողությունների։ Դրա առհավատչյան է «Քաջ Նազար» վեպը, որը հանդիսանալով արձակագրի ստեղծագործության աստիճանական զարգացման նոր շրջանի ամենահարուստ արտահայտությունը, միաժամանակ նոր կողմերով բացեց Սարգսյանի ստեղծագործական հնարավորությունները։ Իր իսկ խոստովանությամբ, Հովհ. Թումանյանից, Դ. Դեմիրճյանից ու Ստ. Զորյանից հետո ձեռք մեկնել «Քաջ Նազարին», բավականին բարդ ու դժվարին խնդիր է։ Բայց այդ քննությունից էլ պատվով է դուրս եկել սիրելի գրողը։

Գրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ գրողները սկսում են բանաստեղծությամբ, հետո անցնում արձակին, կամ՝ հակառակը։ Սարգսյանը երկու ժանրերին էլ ծառայում է հավասարապես, ասես ինքն էլ ուշադրություն չդարձնելով ձեւերին. եթե կա ասելիք, այն կգտնի իր արտահայտման ձեւը։ Եվ Սարգսյանի ասելիքը հնչում է նաեւ բանաստեղծությամբ.

Այն սիրահար տղին մի մոռացեք, մարդի՛կ,
Որ սպանվեց սիրո առագաստ չտեսած,
Որ պոետ էր գուցե, սակայն դարձավ մարտիկ,
Թեեւ հերոս դարձավ, բայց չդարձավ փեսա...
Իսկ սխրանքը նրա դարձավ ասք ու լեգենդ,
Շռայլություն սիրո, վոքրոգության նահանջ,
Ողբերգությամբ հարուստ նրա կյանքը երգենք,
Որպես սրտի արդար հրաման ու պահանջ...

Սարգսյանի չափածո գործերի մեջ էլ դարձյալ հնչում է պատերազմի ու խաղաղության զինվորի մաքուր ու սթափեցնող ձայնը, որը կյանքի ճշմարտությունն է հուշում ընթերցողին։ Այս առումով խիստ հետաքրքրական է գրողի «Երգ ձեռքի մասին» սրտահույզ բանաստեղծությունը։ Բանաստեղծի խոսքն այստեղ շիկացման վերջնակետում է։ Բանաստեղծության մեջ հանդես եկող հերոսը շոշափելիորեն զգում է իր հատված ձեռքի ներկայությունը.

Կա՜, կա իմ ձեռքը, ձեռքս կա՛,
Զգում եմ անմատ մատներիս
Հազարավոր երախտագետ ձեռքերի
Հաճելի սեղմումը...

Իսկ հաջորդ տողերի մեջ նա արդեն հավաստիացնում է, որ «լիքն է շինելի թեւը դատարկ»։

Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործությունները, դրանք լինեն արձակ, թե չափածո, շնչում են խորը հումանիզմով ու լավատեսությամբ, կրակոտ հայրենասիրությամբ ու թարմությամբ, գեղարվեստական խոսքի ներքին պատկերավորությամբ ու դինամիզմով։

1984թ.