Jump to content

Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԱԼՀ/Արցախը կարա-կոյունլու թուրքմենների տիրապետության շրջանում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արցախը կարա-կոյունլու և աղ-կոյունլու թուրքմենների տիրապետության շրջանում
ԱՐՑԱԽԸ ԿԱՐԱ-ԿՈՅՈՒՆԼՈՒ ԹՈՒՐՔՄԵՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Լանկ-Թամուրի մահվանից հետո նրա հսկայածավալ պետությունը, որ ստեղծվել ու գոյատևում էր բռնությամբ ու ահաբեկումով, սկսվեց արագությամբ քայքայվել։

Օգտվելով երկրում տիրող խառնակ վիճակից թուրքմենական ցեղերից մեկի առաջնորդ Կարա-Յուսուֆը 1407թ. գրավում է Թավրիզը և մինչև 1410 թվականը նվաճում է Ատրպատականը, Հայաստանը տանը և ոըջ Միջագետքը։ Այսպիսով, կարակոյունլու թուրքմենական ցեղե­րը տիրելով Առաջավոր Ասիայի երկրներին, ստեղծում են աշխարհակալ մի պետություն (1410-1468թթ.)։

Նոր տերերը քաջ գիտակցելով իրենց տիրապետության տակ ընկած երկրների քայքայված տնտեսության վերականգնման և պե­տական գանձարանը լցնելու կարևորությունը, համեմատաբար մեղմ քաղաքականություն էին վարում հայ իշխող վերնախավի նկատմամբ։ Կարակոյունլու տիրակալերը պետական բարձր պաշտոնների էին առաջ քաշում հայ նախարարական անվանի տների որոշ ներկայացուցիչների և շատերին դարձնում իրենց նախկին տիրույթների տնօրեններ ու լիիրավ իշխաններ։

Նման իրավիճակում էր գտնվում նաև երկիրը աղ-կոյունլու թուրքմենների տիրապետության շրջանում (1468–1502թթ.)։

Նորից վերականգնվեցին Ներքին Խաչենի Հասան-Ջալալյան և Վերին Խաչենի Դոփյան իշխանական տների ներկայացուցիչների իրավունքները։

1287թ. Իվանե-Աթաբեկի մահվանից հետո Ներքին Խաչենում տիրում էր Ջալալին, որն սկզբնաղբյուրներում ներկայացվում է որպես շինարար և եկեղեցապաշտ իշխան։ Ջալալ Ա-ին փոխարինել է որդին՝ Իվանե Մեծը։ Նրա գերագահությունը ճանաչում էին ոչ միայն Ներքին Խաչենի, այլ նաև Վերին Խաչենի ու Հաթերքի իշխանները։

Արդեն 15-րդ դարի իրողություններում հիշատակվում է Իվանեի որդի Ջալալ Բ-ն, Զազան, Աղբաստը, Սայտուն, Վելիջանը։ Պահ­պանված վավերագրերը վկայում են նրանց հայրենաշեն գործունեության մասին։ Առանձնապես հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում Գանձասարի վիմագիր արձանագրությունները։

Նշված ժամանակահատվածում կատարվեց նաև արժանահի­շատակ մի իրադարձություն։ 1470 թվականին Աղվանից Հովհաննես կաթողիկոսի մահվանից հետո կաթողիկոսական աթոռը Քոլատակ գյուղի մոտ գտնվող սուրբ Հակոբա վանքից փոխադրվեց Գանձասար։ Հասան-Ջալալյան մեծագույն տոհմի հայրապետները բազում դարեր իրենց օրհնյալ խաչով ու հարկ եղած դեպքում մերկացրած սրով անսասան պահեցին Արցախի սահմանները։ Նշված ժամանակահատվածում Վերին Խաչենում շարունա­կում էին իշխել Դոփյան իշխանական տան ներկայացուցիչները։ Ճիշտ է, նրանք չունեին նախկին փառքն ու հզորությունը, բայց հին օրերի նախկին կարգի համաձայն տնօրինում էին գավառի հայության կյանքը։

14-րդ դարի 80-ական թվականներին Վերին Խաչենը ասպա­տակվեց Ոսկե Հորդայի խան Թոխթամիշի զորքերի կողմից։ Դոփյան իշխանական տունը ավելի թուլացավ և, ի տարբերություն Ներքին Խաչենի Հասան-Ջալալյաննների, 15-րդ դարի վերջերին և 16-րդ դարի սկզբներին բաժանվեց 3 ճյուղի՝ Շահանշենք, Աղբուղենք, Ջհանշենք։ Նրանցից էլ հետագայում սերվեց Մելիք-Շահնազարյան հայտնի գերդաստանը, որն իր գործունեությունը ծավալեց Վարանդա գավառում։

Հայ նախարարական տների զգալի մասը 14-15-րդ դարերում իրենց քաղաքական և տնտեսական դիրքերը զիջեցին Հայաստանին տեր դարձած քոչվոր ցեղերի ավագանուն։ Չնայած դրան Արցախի լեռնային գավառներում Առանշահիկների իշխանական տների առանձին ճյուղեր կարողացան դիմակայել եկվորների ճնշումներին և չնայած թուլացած ու տկարացած, բայց և այնպես կարողացան պահպանել դարեր շարունակ երկրամասում գոյություն ունեցած պետական ինստիտուտների կենսունակ բեկորները։

Պահպանվել է կարա-կոյունլու Ջևանշահի (1437-467թթ.) հրովարտակը, որով ճանաչվում է լեռնային Արցախի տեր մելիքների իշխանությունը։ Այս ժամանակից սկսած էլ հայկական աղբյուրնե­րում մելիքներ են կոչվում Արևելյան Հայաստանի գավառական իշ­խանները[1]։ «Մելիքը տեր էր, տիրապետող, այն էլ ինքնագլուխ ու միահեծան, ոչ ոք իրավունք չուներ ընկերանալ նրա իշխանու­թյանը։ Ամենուրեք պիտի հնազանդվեին մելիքին, կատարեին նրա հրամանները, որովհետև մելիքը բարձր իշխանության կողմից նշանակված իշխանավոր էր։ Իր կողմից մելիքը պարտավոր էր լինել արդարադատ, պիտի հոգ տաներ իր երկրի բարօրության մասին»։ Չնայած Արցախի մելիքները իրենց տիրույթներում ունեին անսահմանափակ իշխանություն, բայց և այնպես միջնադարյան խավարի ու հետամնացության պայմաններում լեռնաստանում գոր­ծում էին նաև ժողովրդավարական սկզբունքներ, որոնք հարիր են ժամանակակից քաղաքակրթությանը, այն էլ շատ դեպքում՝ եվրոպականին։ Այսպես, մելիքներին սովորաբար փոխարինում էր նրանց ավագ որդին։ Սակայն նրանք իրենց պարտականություն­ներն ու իրավունքները ստանձնում էին ժողովրդի համախոսական համաձայնությունից հետո։ Ահա Արցախում ժողովրդի և իշխանության այս միասնությունը դարձավ ազգային ինքնուրույնության պահպանման հիմնական գրավականը։ Եվ այդ միասնական կենարար ուժը հզոր ազդակ հանդիսացավ երկրի ազատության գործին։ Արցախի լեռներում հետագադարերում ծնվեց հայրենիքի՝ Մեծ Հայաստանի ազատագրության գաղափարը։

  1. «Մելիք» սեմական ծագում ունեցող բառ է, որ նշանակում է իշխանավոր, տիրակալ, թագավոր։