Jump to content

Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախի քաղաքական վիճակը թուրք-պարսկական պատերազմների տարիներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԹՈՒՐՔ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

16-րդ դարի սկզբներից մինչև 17-րդ դարի 30-ական թվականնե­րի վերջը, Հայաստանը այս անգամ ռազմական թատերաբեմ էր դարձել Առաջավոր Ասիայում քաղաքական առաջնության ձգտող Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի միջև։

1502թ. շահ Իսմայիլը, պարտության մատնելով աղ-կոյունլուներին և գրավելով մայրաքաղաք Թավրիզը, հիմք դրեց կըզըլբաշների Սեֆյան պետությանը։ Շահ Իսմայիլը պետական կրոն հայտարարելով շիիզմը, իսլամի մյուս տարատեսակի՝ սուննիզմի հետևորդնե­րի դեմ անհաշտ պայքար սկսեց։ Սուննիզմը հովանավորող Թուրքիան, ընդունելով այս մարտահրավերը, ռազմական թատերաբեմ դարձրին երկու տերությունների միջև գտնվող հայոց երկիրը։

Մինչև 1507թ. շահ Իսմայիլը նվաճում է Հայաստանի մի զգալի մասը, Արևմտյան Քրդստանը, Բաղդադն ու արաբական Իրաքը։ 1512թ. սուլթան Սելիմ Ահեղը հարձակման անցնելով, նախաձեռնու­թյունը վերցրեց իր ձեռքը։ Կարճ ժամանակաընթացքում թուրքերը զավթեցին Հայաստանի հարավ-արևմտյան մի շարք նահանգներ ու գավառներ, այդ թվում Երզնկայի ու Կամախի շրջանները, Բարձր Հայքի ու Տուրուբերանի մի քանի գավառներ, Ծոփքն ու Մշո դաշտը։ Այդպիսով, Օսմանյան թուրքերը պատմության մեջ առաջին անգամ տիրացան հայկական հողերին։ Հաջորդ տարիներին պատ­երազմը շարունակվում է փոփոխակի հաջողություններով։

Պարբերաբար կրկնվող արշավանքները, կոտորածն ու գերեվարությունը և սրանց հաջորդող սովն ու մահտարաժամը ամայացնում էին Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, ոչնչացնում արտադրողական ուժերը։

16-րդ դարի թուրք պատմագիր Փեչևին որպես ականատես նկարագրում է այն ավերածությունները, որ կատարեց օսմանյան բանակը Երևանի նահանգում, Նախիջևանում, Սյունիքում և Ղարաբաղում. «Նրանք Երևանում–գրում է Փեչևին,-շահի որդու և մի շարք անվանի խաների ու սուլթանների հոյակապ և գեղազարդ պալատները, պարտեզներն ու այգիները, հատկապես «Սուլթանական բաղ» անունով հատնի դրախտանման այգիները, բոլորը հրի մատնեցին, այրեցին ու հողին հավասարեցրին։ Այնուհետև մտան Ղարաբաղ կոչված երկիրը, որն իր լեռներով և հարուստ այգիներով շատ հայտնի մի գավառ է Աջեմի (Պարսկաստանի-Վ.Բ.) երկրում։ Անսպասելի կերպով երկիրը մի այնպիսի փոշով ծածկվեց, որ մարդը մարդուց չէր կարելի ջոկել, լուսավոր ցերեկը մութ գիշերվա վե­րածվեց։ Այս գավառի բնակչությունն այնպես էր ցրվել ու ոչնչաց­վել, որ մարդու հետք անգամ չերևաց։ Սակայն գտնվեցին որոշ տեղերում պահված և քարայրներում թաքցված գանձեր ու զանազան ապրանքներ։ Բանակն անսահման հարստություն ու ավար ձեռք բերեց, իսկ հարստությունների մի մասը, որ տանելու հնարավորու­թյուն չկար, կրակ տվին ու այրեցին»։

Այս ամենին եթե ավելացնենք նաև ժամանակակից Հովհաննես Ծարեցու նկարագրությունը համատարած մահտարաժամի մասին, որ առաջացավ երկրում պատերազմի ժամանակ կամ հետագայում տեղի ունեցած նախճիրներից, ավերումներից ու ավարառումներից հետո պատկերը ամբողջական կլինի։

1552թ. Շահ-Թամազը արշավում է դեպի Արևմտյան Հայաստան։ Թուրքերի հակահարձակման հետևանքով Շահ-Թամազը հետ է նահանջում՝ իր հետ բռնագաղթեցնելով հազարավոր հայերի։ Տեղահանված հայերի մի մասը գերադասեցին ապաստանել համեմատաբար ապահով Ծարա իշխանության սահմաններում:

1555թ. պատերազմող կողմերը Ամասիայում հաշտություն կնքեցին։ Այսրկովկասը անցավ Պարսկաստանի գերիշխանության տակ։

Հայ և այսրկովկասի մյուս ժողովուրդների ազատագրական պայքարի հետագա հնարավորությունները խափանելու նպատակով 16-րդ դարում պարսկահպատակ տարածքներում ստեղծվեցին ռազմա-վարչական 3 միավորներ՝ Շիրվանի, Չուխուր Սադի (Երևան և Նախիջևան) և Ղարաբաղն բեկլարբեկությունները։

Ամասիայի հաշտության պայմանագրից հետո Այսրկովկասով անցնող երկու տերությունների բաժանարար գիծը չէր բավարարում Թուրքիային և Պարսկաստանին։

1578թ. Պարսկաստանում գահին տիրացած Մուհամեդ Խուդաբանդայի դեմ պայքար սկսեցին կըզըլբաշ ընդդիմադիր ցեղապետերն ու ավագանին։ Քաղաքացիական պատերազմի ասպարեզ դարձան Խորասանի, Համադանի, Առանի և Ղարաբաղի երկրամասերը։

Ստեղծված խառնակ վիճակից օգտվելով Թուրքիան ծավալուն պատերազմական գործողություններ սկսեց Պարսկաստանի դեմ։

1578թ. թուրք զորավար Մուստաֆա Լալա-փաշայի զորքերը մտնելով Այսրկովկաս, գրավեցին Շիրվանը։ Երկու տարի անց նրանք խուժեցին Ղարաբաղ, այնուհետև ավերեցին Երևանն ու հասան Գեղարքունիք։

Թուրքական մահաբեր Յաթաղանին ուղեկցում էր սովն ու մահտարաժամը։

Պատմիչի վկայությամբ մարդիկ սնունդ հայթհայթելիս այլևս չէին տարբերվում գազաններից։ Մարդիկ ուտում էին ինչ պատահեր, երբեմն էլ հարձակվում էին անպաշտպան անասունների վրա, միսը հում-հում ուտում։ Իսկ ուժասպառ եղածները փողոցներից հավաքում էին ոսկորները և բերանները առնելով մռնչում էին։ Հին տրեխները և կաշե փոկերը եփում ուտում էին։ Գարնան բացվելուն պես սևացած մաշկով մարդկանց հոտը թափառում էր դաշտերում՝ սնվելով վայրի խոտաբույսերով։ Մարդկանց մեծ մասը ուռչելով մահանում էր։ Տասնյակ դիակներ անթաղ մնացին։ Այս կամ այն գյու­ղերում քաղցից խելագար մարդիկ իրար միս էին ուտում։ Անթաղ դիակներ ուտելով՝ վայրենացել էին շները։ Գայլերի ոհմակները, մտնելով գյուղերը, խժռում էին անպաշտպան մարդկանց։

Թուրքերը չբավարարվելով դրանով, մի քանի տարի անց Օս­ման Յուզդեմիր զորավարի գլխավորությամբ Ղրիմի թաթարները և հյուսիսային Կովկասի խառնամբոխ ցեղերը, անցնելով Կուր գետը, ասպատակեցին Գանձակը, Պարտավը, Ջրաբերդը, Խաչենը, Վարանդան, Դիզակը՝ մահ ու ավեր սփռելով մինչև Երասխ գետը։ Այս ավառարությունից ժամանակավորապես փրկվեց միայն Արցախի Ծար գավառի բնակչությունը։ 1582թ. թուրքական մեկ այլ զորաբանակ, զավթելով Սևանա լճի ավազանի գավառները, մտան Ծար և տեղի բնակչությանը հալածեցին մինչև Գանձակ։

1580–ական թվականներին թուրքերի անընդմեջ կրկնվող արշավանքների հետևանքով պարսիկները դուրս մղվեցին Հայաստանից, Վրաստանից և Ատրպատականից։ Օսմանցիները տիրացան Թավրիզ քաղաքին։ Այդ ժամանակ Սեֆևյանները իրենց իշխանությունը լիակատար կործանումից փրկելու համար նրանց ներկայացուցիչ և պարսից գահին տիրացած շահ Աբբասը (1587-1629թթ.), բանակցելով թուրքերի հետ, 1590թ. մարտին պարսիկների համար շատ թանկ գնով հաշտություն կնքեց։ Նրանք ստիպված եղան թուրքերին զիջել Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Ատրպատականը՝ Թավրիզ քաղաքով։

Հայ ժողովրդի համար ստեղծվեց առավել ծանր մղձավանջային վիճակ։ Առանձնապես ժողովրդի համար սոսկալի չարիք դարձավ մանկահավաքը։ Սուլթան Սուլեյման I-ը, իր ենիչերական զորամասերը համալրելու նպատակով, կարգադրեց երկուսից-հինգ տարեկան տղաներին հավաքել, առանձնացնել և զորանոցային պայմաններում նրանց վարժեցնել զինվորական գործին։

Նման պայմաններում հայ ժողովուրդը ընտրեց չարիքներից փոքրագույնը՝ փորձելով համագործակցել պարսիկների հետ և ազատվել թուրքական անագորյուն լծից։

Հայերից, վրացիներից, քրդերից ներկայացուցիչներ գնացին Շահ-Աբասի մոտ և նրան խնդրեցին, որ նա ազատագրի Հայաստանը, Վրաստանը, Ատրպատականը օսմանյան թուրքերի լծից։

Արցախից՝ Սարուխան բեկը և իր եղրայր Նազարը Ոսկանապատ գյուղից, Օղլան քեշիշը և իր եղրայր Ղալաբեկին՝ Հաթերքից, Ջալալ բեկն իր եղբոր որդիներով Խաչենից, մելիք Սուջումը՝ Դիզակից, մելիք Փաշիկը՝ Քոչեզ գյուղից, մելիք Բարան՝ Բրիտաս գյուղից, Մելիքսեթ եպիսկոպոսը՝ Վերին Զակամից՝ Մելիքզատա գյուղից, մելիք Հայկազը՝ Քշտաղսի գավառի Խանածախ գյուղից։ Իսկ Դիզակի գավառի չորս գյուղերի բնակիչներ միանգամից թողեցին իրենց բնակավայրերը և գնացին Պարսկաստան։ Շահը սրանց բնակեց­րեց Սպահան քաղաքում։

Թուրքիայի դեմ պատերազմելու համար երկարատև նախապատրաստությունից հետո 1603թ. շահ Աբբասը անցավ Արաքսը և խանդավառ ընդունելություն գտավ մեծահարուստ Ջուղայի հայ խոջաների կողմից։ Արաքսի ափից մինչև խոջա-Խաչիկի ապարանքը փռված էին գորգեր։ Շահ Աբբասին հաջողվեց գրավել նաև Երևանի բերդը։ Թուրքերը կենտրոնացնելով իրենց ուժերը անցան հակահարձակման։ Շահ Աբբասը, վարելով այրված հողի տակտի­կան, հրամայում է իր զորքին հետ նահանջել, ամայացնելով թուրքերի հարձակման ուղղությամբ ընկած շրջանները, իսկ բնակչությանը քշել դեպի խորը թիկունք, թշնամուն զրկելով հանգրվանի և պաշար ձեռք բերելու հնարավորությունից։

Արարատյան դաշտավայրը դարձավ հարևան գավառներից հավաքագրված գաղթականության հավաքատեղի։ Բռնագաղթի ենթարկվեցին նաև Սևանա լճի ափամերձ շրջանները, այդ թվում նաև Ծարի բնակչության մի մասը։

Հայոց պատմության մեջ իր չափերով նախընթացը չունեցող այս ահռելի գաղթաշարժը կործանարար եղավ հայ ժողովրդի համար։ Պարսկաստանի խորքերը քշվեցին շուրջ 300 հազար հայեր։ Հայոց հողի վրա թուրք-պարսկական բախումները շարունակվեցին մինչև 1639թ.։ Այն ավարտվում է Կոստանդնուպոլսում կնքված հաշ­տությամբ։ Պարսկաստանին անցան Հայաստանի արևելյան նահանգները՝ Գուգարքը, Շիրակը, Արշարունիքի մի մասը, Արարատյան դաշտը, Սյունիքն ու Արցախը և Վասպուրականի արևելյան հատվածը։ Չնայած Շահ Աբբասը և նրա հաջորդները հայության նկատմամբ կատարեցին դաժանություններ, բայց և այնպես Իրանի խորամանկ տիրակալը, լավ ծանոթ լինելով հայ զինվորների քաջու­թյանը, փորձեց Արցախի մելիքների ուժը օգտագործել թուրքիայի ծավալապաշտության դեմ։ Այդ նպատակով նա խրախուսեց մելի­քական կարգը, օրինականացրեց նրանց իրավունքներն ու պար­տականությունները։

Առանձին ծառայությունների համար շահերը մելիքներին գյուղեր էին նվիրում, նրանց իրավունք էր վերապահվում պահել մշտական զորք։ Մելիքները պարտավոր էին պաշտպանել երկրի սահմանները, շահին հարկեր վճարել, մասնակցել նրա արշավանքներին։

Չնայած Արցախի մելիքությունները պարսից տերության կազ­մում օգտվում էին միայն ներքին ինքնավարության կարգավիճակից, բայց և այնպես հայկական այդ մանր իշխանությունների տե­րերի ճկունության, քաջության և անձնական բազմաթիվ այլ բարե­մասնությունների շնորհիվ դարձան հայության ինքնության պահ­պանման երաշխիք, նպաստեցին հայկական ինքնատիպ մշակույթի զարգացմանը և դարձան ապագա ազատագրական պայքարի գաղափարախոսներն ու առաջնորդները։

Արցախի մելիքների մի մասը իրենց անձնական կապերի շնոր­հիվ մեծ հեղինակություն ունեին պարսից արքունիքում։

Աղբյուրների վկայությամբ Գեղարքունիքի տեր մելիք-Շահնազար Ա-ն (1570-ական թվականներ-1606թ.) վայելել է պարսից ար­քունիքի հովանավորությունը։

Մելիք-Շահնազար Ա-ին հաջողվեց իր որդու՝ Յավրի բեկի հետ միասին թուրք ասպատակիչներին հալածել Գեղարքունիքից։

Այդ ծառայության համար Շահ-Աբբասը հրովարտակով վավե­րացրեց սերնդե-սերունդ իրենց գավառում իշխելու Մելիք-Շահնազարյանների մելիքական իրավունքը։

1606թ. շահ Աբբասը դեպի Թիֆլիս կատարած ռազմերթից վերադառնալու ժամանակ Մազրայում հյուրընկալվեց Մելիք-Շահնազար Ա-ի որդիներ Յավրի և Քամալ բեկերին։ Վերջիններիս շահը թանկագին նվերներով պատվեց, դաստակերտեր ու գյուղեր տվեց և թագավորական կնիքով հաստատեց նրանց իրավունքները Գեղարքունիքի վրա։

Շահի արքունիքում մեծ հեղինակություն ուներ նաև Քաշաթաղ գավառի մելիք-Հայկազը, որի ապարանքը առայսօր պահպանվում է Աղավնագետի հովտի գյուղերից մեկում նախկին Լաչինի շրջանի Սուլթանքյանդում։ «Իբրև խոշոր կալվածատերեր և արևե­լյան վասալներ՝ մելիքները մեծ հարստություն էին դիզում և ապրում էին ճոխության մեջ, հետևելով, իհարկե, պարսկական ճաշակին և բարձրաստիճան ավագանու նիստ ու կացին, բայց մնալով միաժամանակ կատարյալ ժողովրդական մարդիկ, ժողովրդի մեջ ապրող և ժողովրդի հետ շփվող՝ առօրյա կյանքի բոլոր մանրամասնությունների մեջ։ Նրանք ունեին շատ խոշոր տնտեսություն և ծառաների հոծ բազմություն»։

Երկրամասի անդորրը պահպանելու համար Արցախի մելիքները լեռնային անմատչելի ծերպերում ժամանակի ընթացքում կառու­ցել էին տասնյակ ամրոցներ, որոնք բազմիցս դիմակայել են ահարկու թշնամու գերազանցող ուժերին։

Շահ-Աբբասը մի կողմից խրախուսելով Արցախի մելիքներին և մյուս կողմից էլ նրանց միասնության մեջ վտանգ տեսնելով, հետագա բարդություններից խուսափելու նպատակով Պարսկաստանի խորքերից քրդական ցեղեր տեղափոխեց և բնակեցրեց Սյունիքի ու Արցախի մելիքությունների միջև՝ Արաքսի ափից մինչև Մռովի փե­շերը։ Այդ ժամանակներում տեղի էին ունենում նաև լեզվական ներ­թափանցումներ։ Եվ այսպես էր, որ Արցախի Բերդաձոր գավառը դարձավ Լաչին, Քարվաճառը՝ Քելբաջար, Ծարը՝ Զառի, Լեռնաբերդը՝ Լևի, Մոզը՝ Մոզքյանդի, Ջերմաջուրը՝ Իստիսու և այլն։

Տնվորի կեցվածքով եկվորները անմիջապես չկարողացան տեր դառնալ հայկական երկրամասին։ Դրա մասին է վկայում Քարավաճառի(Քելբաջարի) և Քաշաթաղի(Լաչին) շրջաններում ներկայումս պահպանվող 17-18-րդ դարերում կառուցված եկեղեցիների, մատուռների մնացորդները։

Չնայած դժնդակ ժամանակներին, Արցախի մելիքական տնե­րը, ապավինած լեռնաստանի անմատչելի բարձունքներին, չնայած տկար, բայց և այնպես շարունակեցին պահպանել հայկական պե­տականության բեկորները։ 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի սկզբների Արցախի մելիքությունների պատմության վերաբերյալ գրավոր սակավ տեղեկություններ են պահպանվել։ Դրան հակառակ՝ պահպանված եկեղեցիների, խաչքարերի, հասարակական նշանակության կառույցների՝ կամուրջների, աղբյուրների վիմագրերը լույս են սփռում վերոհիշյալ ժամանակաշրջանի պատմության մութ կողմերի վրա։

Վավերագրերից ու վիմագրերից հայտնի են այդ շրջանի մի շարք մելիքների անունները։ Սոդքի մելիք Քամալին հաջորդել է նրա ավագ որդի Աստվածապովը։ Սրան էլ հաջորդել է իր որդի Մելիք-բեկը՝ հիշատակված մինչև դարի 17-րդ դարի 70–ական թվականների վերջը, որին էլ փո­խարինել է Շահնազար Բ-ն։

Սրանց հետ միասին հիշվում են մելիքների Ծարա ճյուղի այլ ներկայացուցիչներ՝ Ջհանգիր բեկը (հիշ. 1676 թ.), Մելիք Սիրզախանը (հիշ. - 1684թ. - 1701թ.), Մելիք Բեկը (հիշ.-1717թ.)

Այդ շրջանից մեզ հասած հիշատակարաններից մեկում Ծարը ներկայացվում է Փոքր Սյունիք ձևով, որտեղ մինչև 18-րդ դարի 30-ական թվականները բնակվում էին բացառապես հայեր։ Ընդ­հուպ մինչև 18-րդ դարի առաջին քառորդի վերջերը, շրջանի (ներկայիս Քարավաճառի) տարածքում գոյություն են ունեցել շուրջ 140 մեծ ու փոքր գյուղեր։ Արցախահայության խռովահույզ կյանքը բեկբեկումներով հասավ 18-րդ դարի սկզբների ազատագրական պայքարի շրջանը։