Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԱՌԿՊ/Արցախ-Ռուսաստան առնչությունները
Դարերի ընթացքում հայ ժողովուրդը, գալարվելով թուրք-պարսկական բռնակալության ճիրաններում, մշտապես վառ էր պահել ազատության տենչը՝ այն կապելով հյուսիսի մեծ հարևանի՝ Ռուսաստանի հետ։ 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին հիշատակում է «ռուզիկներին» կամ «ռուզերին»՝ ռուսներին, որոնք «ոչ ավելի քան զերիս ժամանակս իբրև զմրրիկս ընդ համատարած աշխարհածով ելիցն Կասբից յանկարծ հասնէին ի մայրաքաղաքս Աղուանից ի Պարտավ, ուր ոչ ուստեք լեալ կարողութիւն ընդդիմայիլ նոցա ...»։
943 կամ 944 թվականներին ռուսական ջոկատները Կուր գետով բարձրանալով հայտնվեցին Պարտավի մատույցներում։ Սկզբում նրանց հաջողվեց գրավել քաղաքը։ Սակայն տեղի իշխանները իրենց ուժերը ի մի բերելով կարողացան ազատագրել Պարտավը։
Կուր գետի ափերին կատարված հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվել են վերոհիշյալ ժամանակներից մնացած ռուսական նավերի մնացորդներ։ Ռուս առևտրականները Ռումի(Սև) ծովի, Սլավոնական(Դոն) գետի և Ջուրջանի(Կասպից) ծովի վրայով մորթիներ և այլ ապրանքներ են տարել Բաղդադ և Մերձավոր Արևելքի այլ քաղաքներ։ 1466թ. Շիրվանշահ Ֆառուխ Յասարը դեսպան Հասան Բեկին ուղարկեց Մոսկվա՝ Իվան Գ-ի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու։ 1467թ. իր հերթին ռուսական դեսպանությունը Վասիլի Պանինի գլխավորությամբ եկավ Շամախի։ Նրա կազմում էին մի քանի վաճառականներ, որոնց թվում նաև տվերցի հայտնի ճանապարհորդ-վաճառական Աֆանասի Նիկիտինը։
Փաստորեն այս կամ այն առիթով ռուսների Այսրկովկասում հայտնվելը հնարավորություն է ստեղծում երկուստեք ծանոթանալու և պատկերացում կազմելու միմյանց մասին։ Ռուսաստանի և ռուսների մասին տեղեկություններ է հաղորդում նաև Կիրակոս Գանձակեցին։