Jump to content

Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԱՌԿՊ/Արցախ-Ռուսաստան դիվանագիտական կապերի ստեղծման նախապատմությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արցախ-Ռուսաստան դիվանագիտական կապերի ստեղծման նախապատմությունը
ԱՐՑԱԽ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

15-րդ դարի երկրորդ կեսին և 16-ի սկզբներին, Մոսկովյան պետության հզորացմանը զուգընթաց, ցարական կառավարությունը սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Այսրկովկասի նկատմամբ։ Ռուսաստանը, լինելով քրիստոնյա երկիր, շահագրգռվածություն էր հանդես բերում Այսր­կովկասի քրիստոնյա ժողովուրդների ազատագրման գործում։ Իհարկե, ցարիզմը իրականում հետամուտ է եղել իր ռազմաքաղաքական նպատակներին։ Այս պարագայում էլ հայ ժողովուրդի քաղաքական նկրտումները համապատասխանում էին Ռուսաստանի շահերին և ազատագրման հույսը մարմին է առնում, դառնում շոշափելի։ Սակայն այդ բաղձանքներն ու տրամադրությունները քաղաքական անշեղ ճանապարհի վրա դնելու, երկու ժողովուրդների բարեկամական փոխհարաբերություններն ու գործակցությունը կանո­նավոր դիվանագիտական հունի մեջ առնելու համար ռուսական արքունիքի հետ քաղաքական լեզվով խոսող լիազոր վարչական մարմին էր պետք։

Բուն մայր երկրում չկար քաղաքական որևէ գործոն կամ սոցիալական ներքին որևէ ուժ, որը զորավիգ լիներ կամ ձգտում ու հնարավորություն ունենար օգնելու, միավորելու հայ ժողովրդի ջանքերը, նպատակ ու ընթացք տալու ազատագրական մղումներին։ Նման պայմաններում ռուսական արքունիքի հետ հարաբերությունները վարում էին Արցախի մելիքները, որոնց մոտ վառ էին մնացել հայ­կական պետության գաղափարները, և «գլխավորապես Գանձասարի կաթողիկոսները, որոնք բավականին անկախ էին պարսկական իշխանություններից»։ «Արցախի հայ ֆեոդալները,- կարդում ենք 1532թ. հիշատակարաններից մեկում,- համարվում են մեր ժողովրդի և ամբողջ քրիստոնյաների պարծանքը»։

Տակավին 14-րդ դարի սկզբներից Կիլիկիայի հայկական պե­տության ճգնաժամի պայմաններում հայ քաղաքական գործիչները արևմտաեվրոպական տերությունների օգնության մեջ հայ ժողովր­դի ազատագրության երաշխիքներ էին ակնկալում։ Հայ իրականության ազատագրական ձգտումները կողմնորոշվում էին դեպի Արևմուտքի քրիստոնյա տերությունները։ Հռոմի պապի և Եվրոպական միապետների հետ շուրջ երեք դարյա անպտուղ բանակցություններից հետո 17-րդ դարի երկրորդ կեսին հայ քաղաքական միտքը հակվում է դեպի Ռուսաստան։ Դա բացատրվում է հետևյալ պատճառներով.

1. նախ և առաջ հայ գործիչները համոզվեցին, որ Եվրոպական տերությունները լիովին հակված են դեպի Պարսկաստանն ու Թուր­քիան։

2.17-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանը դուրս եկավ միջազ­գային ասպարեզ։

3. Տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանը, ընդարձակելով իր պետական սահմանները, մոտեցել էր Այսրկովկասին և ձգտում էր իր ազդեցությունը տարածելով այդ երկրամասի վրա՝ կայսրու­թյան համար ճանապարհ հարթել դեպի Հնդկաստան։ Իսկ այս պայմաններում կամա թե ակամա Ռուսաստանի շահերը պետք է բախվեին Թուրքիայի, Պարսկաստանի, միաժամանակ նրանց հովանավորող Եվրոպական տերությունների հետ։

4. Այսրկովկասում Ռուսաստանին անհրաժեշտ էր քաղաքական մի ուժ, որի վրա հենվելով պիտի իրականացնի իր արևելյան քաղաքականությունը։ Որպես այդպիսի ուժ Այսրկովկասում հանդես էին գալիս Վրաստանը, Սյունիքի և Արցախի մելիքությունները։

5. Չպիտի թերագնահատել նաև ցարական իշխանությունների, մանավանդ Պետրոս Առաջինի հակաթուրքական տրամադրությունը։ Տակավին իննսունական թվականների վերջին, ուղևորվելով Արևմուտք, Պետրոս ցարը հայտարարում էր, որ մշակութային նպատակներից զատ, իրեն գրավում է. «Տիրոջ խաչի թշնամիների, թուրքաց սուլթանի, Ղրիմի խանի և բոլոր մուսուլմանական հորդաների թուլացումը»։

Հետաքրքիր է այն փաստը, որ ի տարբերություն Հայաստանի մյուս նահանգների քաղաքական գործիչների, Ղարաբաղի աշխարհիկ և հոգևոր տերերը ի սկզբանե իրենց երկրի ազատագրությունը կապեցին ոչ թե Եվրոպայի, այլ Ռուսաստանի հետ։ Նման գործ առաջին անգամ նախաձեռնվեց 1670-ական թվականներին։

1670-1671 թվականներին Գանձասարի Պետրոս կաթողիկոսը հատուկ ուղերձով դիմում է ռուսական ցարին՝ հայերին իր հովանավորության տակ վերցնելու խնդրանքով։ 1677թ. կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ Էջմիածնում հրավիրված գաղտնի ժողովին մասնակցել էին Սյունյաց ու Արցախի հայ մելիքների ներկայացուցիչները։ Նույն այդ նպատակով Հակոբ Ջուղայեցին Գանձասարի կաթողիկոսի հետ գործակցության մեջ է մտել։

Գանձասարի կաթողիկոսի հորդորանքով Հակոբ Ջուղայեցին, նախ գնում է Վրաստան և վրաց գորցիչների հետ բանակցելով, փո­խադարձ համաձայնությամբ որոշվում է, որ հայերը դիմեն Արևմտյան Եվրոպայի պետություններին, իսկ վրացիները՝ Ռուսաստանին։

Ռուս-Արցախյան քաղաքական կապերի զարգացմանը նպաս­տում էր Պետրոս Առաջինի բարյացակամ վերաբերմունքը։ Պետրոս Առաջինի ժամանակ ռուսաց կառավարության հարաբերություննե­րը հիմնականում Գանձասարի հետ էին։

17-րդ դարի վերջին 18-րդ դարի սկզբին հայ ժողովրդի ազատագրական շարժումը թևակոխեց նոր փուլ։ Երևան եկան այդ շարժման գաղափարախոսները, որոնք հանդես էին գալիս քաղաքական որոշակի ծրագրով։ Նրանցից մեկն էր իր ժամանակի հայ մեծագույն գործիչ Իսրայել Օրին։ Սյունիքի մելիքական տների հայ­րենասիրական ավանդույթներով դաստիարակված գործիչը շուտով համոզվեց, որ անհրաժեշտ է շեշտակի շրջադարձ մտցնել Հայաստանի մինչև այդ որդեգրված կողմնորոշման մեջ։ Նրա այդ ձեռնարկման առաջին քայլը հանդիսացավ 1699թ. ապրիլի 29-ի Անգեղակոթի հայ մելիքների գաղտնի խորհրդակցությունը։

Ընդունելի է Բագրատ Ուլուբաբյանի այն կարծիքը, ըստ որի Անգեղակոթի ժողովին հրավիրված են եղել նաև Ղարաբաղի մելիքները։

Պատահական չէ, որ առաջին 1699թ. թղթի տակ ժողովատեղ էր հիշատակված Անգեղակոթը, իսկ վերջին բոլոր թղթերի գրության տեղ է նշված Աղվանք գավառը, որ նշանակում է Արցախ։ Վերոհի­շյալ կարծիքի օգտին է խոսում նաև մեկ այլ փաստ։ Հայտնի է, որ Անգեղակոթի ժողովից հետո Օրին,վերադառնալով Դյուսելդորֆ՝ Կյուրֆուրստին հանձնած զեկուցագրում Իրանի դեմ մղվելիք առաջիկա պատերազմում 2-3 հարյուր հազարի էր հասցնում ռազմունակ հայերի թիվը, թեև փաստորեն միայն 5000 մարտիկներով էր նրանց մասնակցությունը խոստանում Երևանի առման համար մղվելիք մարտերին։ Ըստ երևույթին, Օրին ի նկատի ուներ Խամսայի 5 մելիքների հազարական զինական ուժը։

Անգեղակոթի ժողովը որոշում կայացրեց հատուկ նամակ ու­ղարկել Պետրոս առաջինին՝ խնդրելով աջակցել հայերին ազատվելու անհավատների ծանր լծից։ Ապա նամակում ասվում է. «մեր մտադրությունն է, որպեսզի մենք և մեր բոլոր ժողովուրդները, մեծ թե փոքր, հանձնվենք ձերդ մեծության իշխանությանն ու կառավար­մանը... և խոստանում ենք մեր կյանքն ու մեր ամբողջ ունեցվածքը ի ծառայություն ձերդ մեծության և այս գործի»։ Հայ ժողովուրդը վստահ է, այնուհետև ասվում էր նամակում, որ գալու է. «Մոսկվայի տնից ոմն իշխան, Ալեքսանդր Մեծից էլ քաջ մեկը, որը վերցնելու է Հայոց թագավորությունը և ազատելու է քրիստոնյաներին»։

Իսրայել Օրին մեծ ակընկալիքներ ուներ Արցախի մելիքներից։

1701թ. Մոսկվայում իշխան Գոլովինի հետ ունեցած զրույցում ակնարկում է, որ Մեծ Հայքում կա հինգ նահանգապետ, որոնք ռու­սական զորքերի մոտենալու դեպքում «24 ժամ էլ չի անցնի, որ նրանք կքշեն անհավատներին և 15 օր էլ չանցած, կտիրեն ամբողջ երկրին»։ Անգեղակոթի ժողովը լիազորագիր և մելիքների կողմից ստորագրված, բայց չգրված թուղթ տվեց Իսրայել Օրուն, նրան լիազորելով իրենց անունից դիմումներ գրել։ Հետագայում, Մոսկվայում Օրին այդ իրավասու թղթերը օգտագործում է։ Այս առթիվ Ա.Հովհաննեսյանը գրել է. «1703թ. խմբագրած նրանց դիմումներն անմի­ջականորեն համընկնում էին եթե ոչ Ղափանի մելիքների, գեթ Ղարաբաղի մելիքների և մանավանդ սրանց քաղաքական ղեկավարի՝ Գանձասարի Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի տրամադրությանը»։

Հայաստանում տեղի ունեցած հետագա դեպքերն արդարացրին Իսրայել Օրու վարգագիծը։ Թե՛ մելիքները, թե՛ Գանձասարի կաթո­ղիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, որ կաթողիկոս ընտրվելու օրից՝ 1703 թվականից սկսած դարձավ ազատագրական պայքարի ան­խոնջ մարտիկներից մեկը, նորանոր դիմումներ հղեցին ռուսական պետությանը՝ հայերին օգնելու և Հայաստանն ազատագրելու խնդրանքով։

Մեզ են հասել մելիքների անունից կազմված գրություններ, որոնք 1703թ. ներկայացված են եղել Մոսկվայի դեսպանական պրիկազին և հաստատում են հայ մելիքներին Օրիի արած այն հավաստիացումը, թե ցարը բարեհաճ տրամադրություն է հայտնել՝ շվեդական պատերազմից հետո իր ձեռքն առնելու Հայաստանի ազատագրման գործը։ Վերոհիշյալ գրություններին նախորդել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի բանակցությունների արդյունքների հաղորդումը հայ մելիքներին, Գանձասարի ու Էջմիածնի կաթողիկոսներին։ Այդ առաքելությամբ 1702թ. Գանձասարում և Էջմիածնում եղավ Մոսկվայում ապրող մի հայ կապիտան Միրոն Վասիլևը։

Նամակներում Օրին կաթողիկոսներին և մելիքներին հորդորում էր, որ նրանք նախապատրաստվեն մասնակցելու ազատագրական պայքարին և իրենց կողմից դիմումներ հղեն ռուսական պետությանը։

Գալիք պարսկական արշավանքի մանրամասները նախա­պատրաստելու համար Պետրոս առաջինը անհրաժեշտ գտավ հետախուզել ապագա ռազմական գործողությունների թատերաբեմը և պարզել Այսրկովկասի ժողովուրդների տրամադրությունները՝ Ռուսաստանի հանդեպ։ Օրին պատրաստակամություն հայտնեց մասնակցելու հետախուզական այդ աշխատանքներին։ Նա առիթը փորձում էր օգտագործել, մանավանդ, հայ մելիքների հետ իր կապերն ամրապնդելու համար։ Արքունիքը նպատակահարմար գտավ, որ դեսպանությունը գլխավորի հենց ինքը՝ Օրին։ Իր առաքե­լության ընթացքում Օրին հանդիպումներ ունեցավ Գանձասարի Եսայի կաթողիկոսի և Արցախի մելիքների հետ։ ժամանակի ամենալուսավորյալ անհատներից մեկը՝ Եսայի Հասան-Ջալալյանը սեր­ված լինելով Առանշահիկների հինավուրց նախարարական տոհմից, արտահայտում էր ոչ միայն հայ հոգևոր և աշխարհիկ, այլև բովանդակ արցախահայության ձգտումներն ու տրամադրությունները։ Ռուսաստանի և Ուկրաինայի հայ եկեղեցական համայնքները Գանձասարի կաթողիկոսությանը ենթարկելու նպատակին հետամուտ՝ Եսային քաղաքական շեշտված հակում ուներ դեպի Ռուսաստանը։ Հայ իշխող դասի ներկայացուցիչների մեջ առաջիներից մեկն էր նա, որ ի սկզբանե հակված էր դեպի Օրիի մոսկովյան ծրագիրը և հետագայում հանդես եկավ որպես այդ ծրագրի կենսագործ­ման եռանդուն պրոպագանդող և կազմակերպիչ։ Այդ հանդիպումը առավել կարևորվում է, որովհետև Արցախի հայ տերերը սերտ կապեր և ազդեցություն ունեին ոչ միայն հայկական ողջ լեռնաստանի, այլև հայաշատ վայրերի վրա։ Օրիի Արցախի մելիքների հետ հանդիպման մասին է վկայում հայ գործիչների 1721թ. նամակը՝ հասցեագրված Պետրոս Առաջինին։ Նամակի հեղինակները վկայում են, որ Օրին տեղեկացել է իրենց երկրի բոլոր եկամուտների, ճանապարհների, մետաքսի արտադրության և Պարսկական զորաբանակի մասին։ Եսայի կաթողիկոսից և Ղարաբաղի չորս վանահայրերից զատ, այդ նամակի տակ կա Ջրաբերդի Մելիք-Եսայու ստորագրությունը։

Հայ ժողովրդի բաղձանքները անձամբ Պետրոս Առաջինին հաղորդելու համար, 1710թ. Եսայի կաթողիկոսը Պարսկաստանից վերադարձող Օրու դեսպանությանը միացավ և ուղևորվեց դեպի Ռու­սաստան։ 1711թ. Աստրախանում չպարզված հանգամանքներում Օրին մահացավ։ Նրա գործը շարունակեցին Եսայի Հասան-Ջալալյանը, Արցախի մելիքները, Մինաս Վարդապետ Տիգրանյանը։ 1716թ. Գանձասարում Մինաս վարդապետը հանդիպեց Եսայի Հասան-Ջալալյանի հետ, նպատակ ունենալով ճշգրտելու հետագա գործողությունների ծրագիրը։ Նույն թվականին Եսայի Հասան-Ջալալյանը Ղարաբաղի մելիքների անունից դիմեց Պետրոս Առաջի­նին՝ խնդրելով նրանց վերցնել Ռուսաստանի հովանավորության տակ «...Յառաջ քան զայս առաքեալ ի քումմ է թագավորութեն Իսրայէլ Օրի դեսպանն եկն երկիրս Հայոց և զհամբավ բարեյաղթութեանդ սփռեալ տարածեաց ի լսելիս մեր ամենեցուն...: Իսկ այժմ կրկին առաքեալ ի մեծէ թագավորութենեդ եղբայրս մեր զՄինաս վարդապետս, որ ի յազգէ մերմէ, եկն եհաս երկիրս մեր և առ մեզ և զբարի և աստուահաճոյ մեզ, և մեր լսելով զուարճացաք և ցնծուցաք ի հոգի և ի մարմին և յօժար սրտիվ կամիմք ընդ հովանեավ թևոց քոց լինիլ... մեք պատրաստք եմք ընդ առաջ քո ըստ իմուն կարողութեանս և մեր նահանգիս մէլիքովս և մեծամեծովք և փոքումբք և յորժամ կամեսցի հզօր և մեծ թագավորդ յաճապարել այսր կամօքն աստուծոյ...»։

Այսպիսով, երկարատև փնտրտուքից հետո 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարի սկզբներին Գանձասարի կաթողիկոսների և Արցախի մելիքների ջանքերի շնորհիվ հայ իրականության մեջ առաջացած ազատագրական ձգտումները կողմնորոշվում էին Ռուսաստանից հայ ժողովրդի ունեցած ակնկալությունների օգտին։