Jump to content

Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԱՌԿՊ/Քաղաքական կացությունը Արցախում 18-րդ դարի վերջերին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ 18-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ

18-րդ դարի վերջերին գահին տիրելու համար Իրանում նորից պայքար սկսվեց։ 1794թ. թուրքական ծագում ունեցող Կաջարների ներկայացուցիչ ներքինի Աղա Մուհամադ խանը իրեն շահ է հռչակում, որից հետո եռանդուն գործունեություն ծավալում Իրանի տի­րապետությունը Այսրկովկասի վրա վերահաստատելու և ռուսների առաջխաղացումը կանխելու համար։ Շուտով նա պահանջ ներկայացրեց վրաց Հեարակլ 2–րդ արքային՝ խզել իր կապերը Ռուսաստանի հետ և անվերապահորեն ենթարկվել Իրանին։ Նա հպատակու­թյուն էր պահանջում նաև Այսրկովկասի տարածքում եղած խանու­թյուններից։ Սակայն Հերակլ 2-րդ արքան, որն ապավինել էր Ռուսաստանի հովանավորութանը, մերժեց այդ պահանջը։ Աղա Մուհամադ խանը մերժում ստացավ նաև Ղարաբաղի Իբրահիմ խանից։

Աղա Մուհամմադ խանին առավել շատ անհանգստացնում էին ռուսական կողմնորոշում ունեցող Արցախի մելիքները։ Այդ էր պատճառը, որ նա խոստացավ մելիքներին հաստատել իրենց իշ­խանություններում և տապալել Իբրահիմ խանին, եթե նրանք ենթարկվեն պարսից շահին։ Սակայն Արցախի մելիքները վճռականությամբ մերժեցին սպառնալիքներով ուղեկցվող այդ պահանջը։ Դեռ ավելին, նրան դիմակայելու համար անգամ դաշնակցեցին Իբրահիմ խանի հետ։ Միայն շրջահայացություն ցուցաբերեց Ջրաբերդի մե­լիք Մեժլումը՝ միանալով Աղա Մուհամմադ խանին Իբրահիմ խանին տապալելու համար։ Արցախի անհնազանդ տերերին պատժելու նպատակով 1794թ. ամռանը Սուլեյման Շահզադեի զորքերը մտնում են Արցախ և խայտառակ պարտություն կրում։

Արցախում կրած պարտությունը կատաղեցնում է Աղա Մուհամմադ խանին և նա դաժանությամբ պատժում է ողջ վերադարձած զորապետներին։

Եվ ահա, 1795թ. պարսկական 80000-անոց խառնիճաղանջ բա­նակը, անձամբ Աղա Մուհամմադ խանի գլխավորությամբ անցնում է Արաքս գետը, մտնում Արցախ և պաշարում Շուշի ամրոցը։ Աղա Մու­համմադ շահը չի կարողանում կոտրել Շուշիի պաշտպանների դի­մադրությունը։ Արցախցի մի ծերունու պատմածի հիման վրա Վարդան Օձնեցին նկարագրում է, թե ինչպիսի խիզախություն են դրսևորել Շուշի ամրոցը պաշտպանելիս 60 հայ քաջորդիներ, որոնք ծածուկ դուրս գալով ամրոցից՝ հանկարծակի հարձակում են գործել թշնամու վրա, խուճապի մատնել և մեծ կորուստներ պատճառել նրանց։

Քիչ նեղություն չէին կրում շահի զորքերը նաև այն 12 հազար հայ ընտանիքներից, որոնք ամրացել էին Շուշին շրջապատող կիր­ճերի մեջ և շարունակ թիկունքից հարվածում էին պաշարողնե­րին։ Շուշիի ամրոցի պարիսպների տակ կրած պարտության համար, Աղա Մուհամմադ խանի հրոսակները վրեժխնդիր են լինում անզեն ժողովրդից։ Պարսից շահը առանձնակի դաժանություն էր ցուցաբերում գերի ընկած բերդապահ հայերի նկատմամբ։ Նա հրամայեց ձիերը պայտել այնպես, որ պայտերը լինեն սմբակների երեսին, իսկ մեխերը դուրս ցցված լինեն սմբակների տակից։ Ապա փռել տվեց գերիներին գետնի վրա և այդպես պայտած ձիերով կոխկրտել տվեց նրանց։ Սմբակներից դուրս ցցված մեխերը կատարելապես հոշոտեցին, մսի և արյան զանգված դարձրին այդ թշվառնե­րին։

Չկարողանալով գրավել Շուշին, Աղա Մուհամմադ խանը, ասպատակելով Շուշիի շրջակայքում գտնվող հայկական բնակավայրերը, շարժվում է դեպի Թիֆլիս։ Քաղաքի բնակիչների մի մասը սրի է քաշվում, իսկ մնացածները տարվում են գերի։

Յոթ օր քաղաքը թալանելուց, ավերելուց հետո, շահի զորքերը՝ հարուստավարով և հազարավոր գերիներով ծանրաբեռնված շարժվում են Մուղանի դաշտ՝ այնտեղ ձմեռելու։ Մինչև այդ շահը փորձեց հնազանդեցնել Շամախու և Նուխու խաներին։ Բայց նրա զորքերը պարտություն կրեցին։ Կատաղած շահը իր թույնը թափեց Թիֆլիսից բերած գերիների վրա։ Ավելի բարբարոսական պատիժ շահը պատրաստել էր Արցախից բերված 52 հայ գյուղապետների համար, որոնք ձերբակալվել էին Շուշու պաշարման ժամանակ։ Նրա հրամանով շինվեց մի քարակիր պատ 52 նեղլիկ ծակերով, որոնց մեջ մտցրին գյուղապետների գլուխները։ Ապա պատի մյուս կողմից նրանց պարանոցներին անցկացրին հաստ պարաններ, որոնց ծայրերը կապեցին ամեհի ջորիների գավակներին ու հարված­ներով ստիպեցին անասուններին քաշել այդ պարանները և նրանք այնքան քաշեցին, որ թշվառների գլուխները պոկվեցին։

Աղա Մուհամմադ շահի հաջողությունները Այսրկովկասում թու­լացրեց Ռուսաստանի հեղինակությունը տարածքաշրջանում։ Այն վերականգնելու համար ցարական իշխանությունները անհապաղ միջոցառումներ ձեռնարկեցին։ Սկզբում՝ ռուսական կառավարու­թյան որոշմամբ 1795թ. դեկտեմբերին Թիֆլիս է ժամանում 2000 հոգուց բաղկացած ռուսական մի ջոկատ՝ Վրաստանը Աղա Մուհամմադ շահի նոր ոտնձգություններից պաշտպանելու համար։ Օգտվելով առիթից, որ Խորասանում բռնկված խլրտումները ճնշելու համար Պարսկաստան է ճանապարհվել Աղա Մուհամմադը, 1796թ. գարնանը ռուսական արքունիքը գործնականորեն նախա­պատրաստվում է արշավանքի։ Ռուսական էքսպեդիցիոն կորպուսը գլխավորելու էր կոմս Վալերիան Զուբովը։ Վերջինիս Եկատերինա կայսրուհու խնդրանքով ուղեկցում էր արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանը որը քաջատեղյակ էր Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող քաղաքական կացությանը։

1796թ. մայիսի 10-ին ռուսները գրավում են Դերբենդը։ Ռուսական զենքի համար արշավանքը սկզբից ևեթ բարեհաջող էր։

Շուտով ռուսներին են հանձնվում նաև Ղուբան, Շամախին ու Բաքուն։ Ռուսական զորքերի այս հաջողությունները պայմանավորված էին նաև այդ վայրերի հայերի աջակցությամբ։ Հովսեփ Արղությանի կոչով ամենուր ստեղծվում են կամավորական ջոկատներ։Ռուսական իշխանությունները Այսրկովկասի քրիստոնյաներին ոգևորելու նպատակով հայտարարվել է, որ պատերազմական ձեռնարկության ամենագլխավոր նպատակն էր՝ «վերականգնել Հերակլի իշխանությունն իր կալվածքներում, հայ մելիքներին և նրանց հպատակ Ղարաբաղի բնակիչներին դնել միմիայն Ռուսաստանից կախված դրության մեջ»։

1796թ. աշնանը կոմս Վ․Զուբովը համալրում է ստանում և հոկ­տեմբեր ամսին մի զորաջոկատ՝ գեներալ Ս․Մ․ Ռիմսկի-Կորսակովի հրամանատարությամբ ուղարկում Գանձակի վրա։ Քաղաքը գրավելուց հետո նրանք պետք է միանային ռուսական հիմնական ուժերին և հասնեին Կուր ու Արաքս գետերի խառնվելու վայրը։ Հովսեփ Արղությանը այնուհետև խորհուրդ է տալիս «անցնել Կուր գետը և, կանգ առնելով Մուղանի դաշտում, հրաման տալ Շուշու Իբրահիմ խանին, որ նա ինքը գա ձերդ պայծառափայլության մոտ կամ գոնե ուղարկի իր ավագ որդուն հայ մելիքների հետ։ Ձերդ պայծառափայլության այդ հրամանի կատարումը կդառնա Իբրահիմի դեպի Ռուսաստանն ունեցած հավատարմության և ջերմեռանդության ապացույց։ Այնտեղ բոլոր կարևոր գործերը վերջացնելուց հետո կարելի է անարգել գնալ Թավրիզի կամ Արդեբիլի վրա, ուր որ ավելի հարմար կդիտվի։ Իսկ հիշյալ Իբրահիմ խանից անհրաժեշտ է պահանջել նրա որդուն հազար զինվորների հետ և հինգ հայ մելիքնե­րին՝ նրանց հինգ հազար զորքերի հետ, զանազան գործողություննե­րի համար, մասնավորապես իբրև առաջապահ գնդեր, որովհետև նրանց խորթ չի պատերազմական ոգին։ Իսկ եթե Շուշու խանը ձեր հրամանը կատարել չկամենա, այդ կլինի նրա անհավատարմու­թյան և խորամանակ խաբեության բացարձակ ապացույց։ Այս դեպքում կարելի է գործադրել հայ մելիքներին, որոնք հարմար զենք կդառնան նրան պաշտոնազուրկ անելու և բարձր աստիճանից ու բերդից զրկելու համար, իսկ այնուհետև ամբողջ Ատրպատականը կարելի է հնազանդության մեջ պահել առանց զենքի։ Հայ զորքի թի­վը, ի մեծ օգուտ Ռուսաստանի, կբազմապատկվի և կհասնի մեծ քանակության, և բոլոր ձեռնադրությունները վերջիվերջո կհանգեն բարեհաջող վախճանի։ Շուշու խանը, իր կարծիքով, իր բերդերը համարում է անառիկ, բայց այդ կարծիքի վերաբերմամբ կարող է հեշ­տությամբ խաբված լինել, որովհետև նրա բերդը և ուժն առավելապես հայերն են կազմում, որոնք թեև կտրիճ ու քաջ են, բայց ճշմարտապես անձնատուր եղած լինելով ռուսաց գահին, ոչ միայն զենք չեն վերցնի ռուսների դեմ, այլև ամեն կերպ կաջակցեն Իբրահիմի կորուստյան, եթե նա ուխտադրուժ կհանդիսանա։ Պետք է միայն հայ մելիքներին գաղտնաբար հուսադրել նորին մեծության ողորմությամբ և հովանավորությամբ»։ Իբրահիմ խանը կեղծավորաբար ջերմ հարաբերություններ պահպանելով Զուբովի հետ, միաժամանակ ռուսների դեմ դիվային ծրագրեր էր մտմտում։ Իբրահիմ խանն իր մոտ կանչեց Վարանդայի մելիք Շահնազարի որդի մելիք Ջումշուդին և մահ սպառնաց նրան, եթե հայերի մեջ ռուսամետ շարժում նկատի։ Միաժամանակ նա Նուխու և Շամախու խաների հետ հակառուսական դաշինք կնքեց։ Դրանից հետո Իբրահիմ խանը դավադրություն կազմակերպեց Զուբովի դեմ, բայց հաջողություն չու­նեցավ։

Որերորդ անգամ Այսրկովկասի քրիստոնյա բնակչության ոգևորությունը մթագնեց Ռուսաստանից ստացված վատ լուրով։ Սուրհանդակը ռուսական զորքերին ետ դառնալու հրաման բերեց։ 1796թ. նոյեմբերի 6-ին մահացել էր Եկատերինա II-ը և նոր կայսր Պավել I-ը, կամենա լով իր ուշադրությունը նվիրել եվրոպական գործերին, միաժամանակ լինելով իր մոր քաղաքական ծրագրերի հակառակորդը, չէր ցանկանում շարունակել այդ արշավանքը։ Ռուսական զորքերի հեռանալը ծանր հարված էր հայության համար։ Ժողովուրդն ապրում էր տագնապալից օրեր։ Մշտապես կրկնվող պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի, Սյունիքի և Գանձակի շրջաններում սովն ու մահտարժամը սովորական երևույթներ էին։ Հայության մի մասը ստիպված լքում էր իր հայրենիքը, հեռանալով Վրաստան և Ռուսաստան։

Աղա Մուհամմադ շահը, ճնշելով Խորասանում ծագած ապստամբությունը, սկսեց եռանդով նախապատրաստվել Այսրկովկաս ներխուժելու համար։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո, 1797թ. գարնանը Աղա Մուհամմադ շահը նոր արշավանք սկսեց դե­պի այսրկովկասյան երկրները։ Շահն Խուդափերինի կամուրջով, անցնելով Արաքսը, շարժվում է դեպի Շուշի։ Ղարաբաղի Իբրահիմ խանն իր մերձավորներով լքում է ամրոցի պաշտպաններին և ապաստանում Դաղստանի Ումմա խանի մոտ։ Այս անգամ Աղա Մու­համմադ շահը գրավում է Շուշին և ավերում այն, սրի անցկացնում բնակչությանը։ Շահի դաժանություններից զերծ չէին մնում նաև իր իսկ անմիջական սպասավորները։ Եվ նրանցից մեկը՝ Սաֆար Ալին, գիշերով մտնում է շահի ննջարանը ու դաշույնի հարվածներով վերջ դնում բռնակալի ոճրաշատ կյանքին։ Դրանից հետո պարսից զորքը խառնիճաղանջ խմբերով հեռանում է դեպի Իրան, ուր պայ­քար էր սկսվել իշխանության համար։