Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԱՌԿՊ/Ռուսական արքունիքի քաղաքականությունը Այսրկովկասում
18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրության հարցը դարձավ հայկական դիվանագիտության առանցքը։ Հայտնի է, որ դրա արդյունքն է նաև 1722-30թթ. Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Ավան հարյուրապետի և Եսայի Հասան-Ջալալյանի գլխավորած ազատամարտը Սյունիքում և Արցախում։
Վերոհիշյալ ժամանակահատվածում Այսրկովկասը Ռուսաստանին միացնելու հարցը ռուսական դիվանագիտության համար ձեռք բերեց հատուկ նշանակություն։ Այս ընթացքում կառավարական շրջանակներում առաջ էին քաշվում դեռևս Պետրոս Առաջինի օրոք կազմված մերձկասպյան արշավանքների ծրագրերի իրագործման նախագծերը, որտեղ նորից առաջնային դերակատարություն էր վերապահվում Արցախի մելիքներին։ Իբրահիմ խանից հալածական մելիքների մոտ դեռևս կենսունակ էր հյուսիսի մեծ հարևանի օգնությամբ երկրի փրկության հրագիրը։ Նրանք ճիգերի վերջին լարումով իմի բերելով երկրամասի տնտեսական և ռազմական կարողությունները նորից լծվեցին հայկական պետականության վերակերտման գաղափարին։
1769թ. հունիսին Հերակլ Երկրորդի կազմած և Ռուսաստան առաքած «Վրաստանին կից երկրների նկարագրությունից» գրության մեջ ասված է. «Խամսան մի երկիր է, որտեղ կան յոթ մելիքություններ։ Նրանք բոլորը քրիստոնյաներ են, դավանանքով՝ հայեր, և սրանք ևս պարսից թագավորի արքունիքին հարկատու են եղել։ Երբ քայքայվեց Պարսից թագավորությունը, այնտեղի քոչվոր ցեղերից մեկի առաջնորդը, որ մահմեդական էր տոհմով՝ ջոանշեր, հզորացավ և այս Խամսայի կենտրոնում կա հնուց ի վեր ամուր բերդ, խաբեությամբ գրավեց այն։ Մի քանի անգամ մեր և այս ջոանշերի միջև տարաձայնություններ եղան և զօրությամբն աստծու մեզանից և մեր զորքերից պարտվեցին և ավերվեցին, ո՛չ այն քրիստոնյա հայերը, ո՛չ, այլ միայն այն ջոանշերները։ Այժմ այնպիսի պատճառներ ծագեցին, որ մեր և նրանց միջև խաղաղություն է տիրում։ Խամսան ունի մեծ ամրություն, շատ լեռներ՝ անտառապատ ու ժայռաշատ և դաշտե րունի ջրառատ, հույժ բերքատու։ Իր երկրում ջոանշերը կարող է հավաքել երկու հազար հինգ հարյուր զինվոր, իսկ հայերը հանդես կգան չորս հազար հինգ հարյուր։ Այս երկիրը գտնվում է հարավ արևելյան մասում և տիրում են սրանք մինչև Ղարաբաղի և Գանձակի սահմանները և գտնվում են Շիրվանի, Նախիջևանի, Գանձակի ու Ղարադաղի միջև։ Այս Խամսայի բնակիչները շատ քաջ են, պատերազմող և խիզախ, և այս մելիքների միջև վրեժխնդրության և թշնամության ծագումը ջոանշերների ձեռքը գցեց այս հայերին»։
Դեպի Այսրկովկաս կատարվելիք արշավանքը ռուսական կառավարությունը մտադիր էր իրականացնելու նշանավոր զորավար Ա.Սուվորովի հրամանատարությամբ։ Սուվորովը ապագա արշավանքի հաջողությունը կապում էր Արցախի մելիքների եռանդուն գործունեության հետ։ Մելիքների և Սուվորովի կապը իրականացվում էր Հ.Արղությանի և Հովհ.Լազարյանի միջոցով։ 1780թ. Սուվորովը Հովհ.Լազարյանից զեկուցագիր է ստանում Հայաստանի քաղաքական դրության մասին, որտեղ նշվում է, որ «Հայաստանը ամայացած է, բնակչության մեծ մասը ստիպված է բնակություն հաստատել տարբեր տեղերում, սակայն հայ մելիքները Ղարաբաղում դեռևս պահպանում են իրենց անկախությունը և անհրաժեշտ դեպքում կարող են հանել իրենց զորքերը, որպեսզի վերականգնեն հայկական պետությունը, միայն թե անհրաժեշտ է Ռուսաստանի ռազմական և տնտեսական օգնությունը...»։ Սուվորովը ցանկություն է հայտնում ժամանել Ղարաբաղ և տեղում ծանոթանալ գործերի վիճակին, նույնիսկ կազմում է Հայաստանի քարտեզը, որը ներառում էր գլխավորապես Ղարաբաղի մելիքությունները։ Ղարաբաղի մելիքները նաև ուղղակի նամակներ էին հղում ռուսական կառավարությանը, որի մեջ հայտնում են իրենց հպատակությունը և խնդրում օգնել ազատագրելու իրենց երկիրը։ Այդ նամակներում մելիք Բեգլարը և մելիք Հաթամը իրենց համարում էին «Հայոց թագավորաց ազնիվ զինվորաց մնացեալ ժառանգք»։
Սուվորովը, որի մայրը ծագումով արցախցի էր, մեծ հռչակ ուներ Ղարաբաղի հայերի մեջ և մելիքները ձգտում էին ապագա արշավանքը գլխավորի մեծ զորավարը։ «Խնդրում ենք,- գրում են մելիքները,- մինչև 10 հազար հետևակ և գոհ կլինենք, եթե դա իրականացվի գեներալ պորուչիկ Սուվորովի գլխավորությամբ»։
Սակայն շուտով Սուվորովին տեղափոխում են Կազան և նրան այլևս չվիճակվեց զբաղվելու Այսրկովկասի հարցերով։ Ռուսական կառավարության հանձնարարությամբ այդ հարցով զբաղվում էր Գ.Ա. Պոտյոմկինի ամենավստահելի բարեկամներից մեկը՝ նրա ազգական գեներալ պորուչիկ Պ.Ս. Պոտյոմկինը։ Իր նախորդների պես նա ակտիվ շփումներ ունեցավ հայ երևելի գործիչների, հատկապես Հ.Արղոթյանի և Հովհ.Լազարյանի հետ։ Պ.Պոտյոմկինը մանրամասն տեղեկություններ էր հավաքում Այսրկովկասում ստեղծված քաղաքական և տնտեսական կացության մասին։
18-րդ դարի 80-ականների սկզբին ռուսական արքունիքում նոր եռանդով սկսեցին քննարկել Հայաստանի ազատագրության հարցը։ Այդ ծրագրերում ամենասուր ուշադրություն էր դարձվել իրական ուժի՝ Արցախի մելիքների վրա։ 1783թ. ապրիլի 25-ին Գրիգորի Պոտյոմկինին հասցեագրված իր նամակում Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը հիշեցնում էր, թե «առանձնապես ջանադիր են մելիքները, առավել ևս Արցախի մելիքները՝ լինելով անկախ, ինքնիշխան, ունեին բավական թվով զորք և պարենի տեսակետից էլ, հավատացած են, ձերդ վսեմ գերազանցությանն են հասցրել»։ Ռուսական արքունիքը փորձում էր Արցախի մելիքությունները ապագա Հայաստանի քաղաքական հիմքը դարձնել, իսկ մելիքներից մեկին կարգել հայոց պետության թագավոր։ Այդ առթիվ 1783թ. ապրիլի 6-ին Գ.Ա.Պոտյոմկինը հրահանգ է տալիս Պ.Ս.Պոտյոմկինին. «Շուշիի Իբրահիմ խանին պետք է հեռացնել, որովհետև դրանից հետո Ղարաբաղը կկազմի բացի Ռուսաստանից ոչ ոքից կախյալ հայկական նահանգ։ Դուք այդտեղ օգտագործեք ամեն ջանք, որպեսզի այս նոր նահանգը կազմակերպի ժողովրդի համար առավել նպատակահարմար ձևով։ Դրանով հայկական այլ խոշոր նահանգներ ևս կհետևեն նրա օրինակին կամ մեծ քանակությամբ կգան Ղարաբաղ»։
Զարգացնելով և կարևորելով այս գաղափարը Գ.Ա. Պոտյոմկինը 1783թ. մայիսի 19-ին Եկատերինա 2-ին ուղղված զեկուցագրում ասում է. «Չունենալով դեռևս ձերդ կայսերական մեծության հրամանը ես կարգադրություն եմ արել գեներալ պորուչիկ Պ. Պոտյոմկինին Շուշիի Իբրահիմ խանի մասին, որը կմոտեցնի նրա հնազանդությունը։ Այստեղ հարկ է նախատեսել, որպեսզի հարմար առիթով նրա նահանգը, որը բաղկացած է հայ ժողովուրդից տրվի ազգային կառավարման և դրանով իսկ վերականգնվի Ասիայում քրիստոնեական պետություն, ձեր գերագույն կայսերական մեծության խոստումների համաձայն՝ տրված իմ միջոցով հայ մելիքներին»։
Դեպքերի հետագա զարգացումը, ապացուցեցին, որ ռուսական արքունիքը ըստ էության, ոչ մի նպատակ չուներ Խամսայի մելիքությունների հիմքերի վրա վերականգնել հայկական պետականությունը։ Պարզապես երկդիմի քաղաքականությամբ փորձում էր ստանալ հայերի համակրանքն ու առանց պատերազմի իրեն ենթարկեցնել Իբրահիմ խանին։
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները լավ էին հասկանում, որ առաջ քաշելով անկախ Ղարաբաղի գաղափարը, այդ ճանապարհով կստիպեն Իբրահիմին ընդունել իրենց հպատակությունը։ Իսկ հայերի հարցում, նրանք վստահ էին, որ սիրաշահելու միջոցով մշտապես կվայելեն նրանց համակրանքը։ Մի առիթով Եկատերինա 2-րդը ասել է. «...միայն զենքի ուժով չէ, որ հաղթում են ժողովուրդներին... այլ պետք է նվաճել նրանց վստահությունը․․․ նվաճել սրտերը․․․, որի համար պետք է ամեն կերպ սիրաշահել և մեր կողմը գրավել ժողովուրդի լավագույն մարդկանց»։
Հայոց ազատագրության ամենավճռական պահին Իբրահիմ խանը հերթական անգամ ցույց է տալիս իր դիվանագիտական ճկնությունը և հպատակություն է հայտնում Ռուսաստանին։ Այդ առթիվ Գրիգորի Պոտյոմկինը զեկույց ներկայացրեց Եկատերինա 2-ին, որտեղ հարցնում է, թե հարմար չի լինի արդյոք «այս անգամ շոյենք Իբրահիմին, որպեսզի անհրաժեշտության դեպքում նա մեր բռի մեջ լինի»։ Եվ այդպես էլ կատարվում է։
1783թ. նույն մայիսի 19-ին Գրիգորի Պոտյոմկինը հրահանգ է տալիս Պավել Պոտյոմկինին. «...Շուշիի Իբրահիմ խանի հնազանդության և հպատակության մասին նրա խնդրանքը ավելորդ են դարձնում նրա հեռացումը։ Ձերդ գերազանցություն, առանց իրականացնելու նախորդ հրահանգը նրա տապալման մասին, հաղորդեք նրան միայն, որ հարկը, որը ռուսական թագուհին կբարեհաճի հարգել, հավատարմությունն է։ Եվ, այդպես, եթե նա աներեր կմնա դաշինքի մեջ և մշտապես պատրաստ կատարելու գերագույն հրամանները, ապա այդպիսի պայմաններում կարող է հուսալ հպատակության մեջ ընդունումը»։ Իսկ Արցախի հայերին սիրաշահելու համար հրահանգ է տալիս « ․․․աշխատեք փաղաքշել հայերին և ներարկել նրանց մեջ բարի կամեցողություն դեպի Ռուսաստանը, որպեսզի նրանց միշտ ջանադիր և պատրաստ ունենալ օգտագործելու այն ձեռնարկումների համար, որոնք հանգամանքներն ու մեր գործերի շահերը կպահանջեն»։
Գ.Պոտյոմկինը արդեն սկսում է հովանավորել Իբրահիմին և քայլեր է կատարում, որոնք հետին պլան էին մղում հայոց ազատագրության հարցը։ Այդ էլ այն դեպքում, երբ Իբրահիմի բանագնացները լորձնաշուրթն հավատարմագրերով միաժամանակ թակում էին ռուսական, թուրքական և պարսկական արքունիքների դռները: Թուրքական սուլթանին ուղղված խնդրագրում նա ասում է. «Ամենապայծառափայլ բարձրյալիդ զեկուցում եմ, որ պատվիրակն եմ դարձնում ինձ վսեմագույն Դռան, որտեղ հենց հրեշտակներն են ապրում և նրանից են հորդում առատություններն անծայր, քան ծովը, ամբողջ իմ կյանքը, կարողությունը, հողերն ու ժողովուրդները ոտքի փոշին են փոխանորդի մեր մեծ մարգարեի։ Ողորմագութ տեր, ...քեզանից օգնություն եմ սպասում և եթե զորացնենք մեզ, ապա մեր օրենքի թշնամիներին մենք գլխիվայր գդնենք»։ Չմոռանալով Պավել Պոտյոմկինին հայտնել, թե ինքը վաղուց ի վեր ցանկություն է ունեցել դառնալու «ամենամեծաշուք Ռուսական գահի և անսպառ առատաձեռնությամբ գահակալող կայսրուհու հավատարիմ ու հաճակատար ստրուկը»։
Դիվանագիտական քայլերի հետ միաժամանակ Իբրահիմ խանը եռանդուն նախապատրաստվում է Ռուսաստանի հնարավոր առաջխաղացումը կանխելու համար։ Այդ նպատակով նա հիմնում է Ասկերանի բերդը, միաժամանակ մելիքներից աշխատուժ պահանջում Շուշի բերդաքաղաքի պարիսպները անմատչելի դարձնելու համար։
Ռուսական արքունիքի քաղաքական վայրիվերումներն ու հակասական դիրքորոշումը ողբերգական է դառնում Արցախի հայության համար։ Որերորդ անգամ ռուսական օգնության խոստումներից խրախուսված, նրանք ըմբոստանում են խանի դեմ։ Խանն էլ առերես հպատակություն հայտնելու ճանապարհով, նույն ռուսական իշխանություններից իրեն ապահովագրած, դաժանորեն ճնշում, կողոպտում էր հայերին, քայքայում մելիքների ուժերը։ Արցախահայությունը ապրում էր նմանօրինակ տագնապալից օրեր, երբ սկսվեց Աղա Մուհամմադ խանի արշավանքը։