Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախահայության ազատագրական ոգորումները թուրք-պարսկական բռնակալության դեմ
18-րդ դարի սկզբներին չնայած ստեղծված քաղաքական ծանր իրավիճակին, հաջորդ տասնամյակներում հայ մելիքները դարձան ազգային ազատագրական շարժման դրոշակակիրներ։
Հարկ է նշել, որ այս ժամանակներում պարսից տերությունը խարխլվում էր ներքին երկպառակություններից ու աֆղանների հետ ձգձգվող պատերազմներից։ Այս պայմաններում Արցախի մելիքների իրավա-քաղաքական կարգավիճակը ավելի բարձրացավ, մեծացավ նրանց ինքնուրույնությունը։ Մելիքները հրաժարվեցին Պարսկաստանին հարկեր վճարելուց, որը նպաստեց Արցախի հայ բնակչության տնտեսական վիճակի բարելավմանը։
Մյուս կողմից Պարսկաստանի դարավոր թշնամին՝ Թուրքիան, նրան առավել հյուծելու նպատակով հրահրում էր Դաղստանի ավարառու լեռնականներին, որոնք էլ մշտապես ահ ու սարսափի մեջ էին պահում Իրանի հյուսիսային նահանգների բնակիչներին։ Առավել շատ տուժում էր հայությունը։
Լեզգիների ավերիչ արշավանքների մասին հետաքրքիր տեղեկություններ են պահպանվել. «Խոթայ վանքը (Դադի վանք-Վ.Բ) շատ զարմանալի շէն և հարուստ է եղել, բայց անիրավ լեզգիքը թափուրղա արին։ Դրանք աներեսի պէս՝ հենց որ կամ աղն էր պակաս լինում կամ մաղը, վազում էին մեր պապերի մօտ և նստում ամիսներով, ամեն ինչ պահանջում առօք փառօք վայելում։ Վերջը՝ որ յուրսահատում են, դրանց ձեռից ազատվելու համար, խորհուրդ են անում հայ իշխաններն ու մեծերը, այդտեղ լինում է ամբողջ Ջրաբերդին յայտնի Սիպտակ երեցը, որ նրանց երկար խօսք ու զրույցը կտրում է հետեւեալով.– ամենից լաւ հնարն է, վեր կացէք գիշեր ժամանակ ձեր տներում քնոտած շուն-լէզգիներին կոտորեցէք, որ միանգամ աչքները վախենայ, մեր երկիրը ոտք չկոխեն։ Այս պատուէրը իսկութեամբ կատարեց մեծ մասը, բացի մի քանի վախկոտներից։ Լէզգիներին կոտորելու լուրը հասաւ Դաղստան, անթիւ անհամար լէզգիք թափուեցին Խոթայ վանքի մօտերը, ժողովուրդն իւր ընտանիքն առած խոր ծմակներն ապաւինեց, իսկ նրանց թողած տներն ու իրերը կրակի բոցերին մատնուեց»։
Պարբերաբար կրկնվող ավերիչ արշավանքների առաջն առնելու նպատակով անջատ-անջատ գործող Արցախի մելիքները, ապավինած իրենց անառիկ բերդերին, ստեղծեցին զինական միասնություն, որը պատմությանը հայտնի է սղնախներ անունով։ «Սըղնախ»-«սըղմախ» թուրքական բառ է, որ նշանակում է «սեղմել» «ամրացնել»։ Ռուսական վավերագրերում «սղնախի» փոխարեն գործ էր ածվում «армянское собрание», որը պետք է թարգմանվի «հայկական հավաքատեղի կամ հավաքույթ»։ Զենքի վարպետներն օգտագործում էին տեղում եղած երկաթի, պղնձի, արճճի, արծաթի հանքերը, վառոդ պատրաստելու պարագաները՝ աղբորակ և ծծումբ։ Բազմաքանակ էր նաև սղնախականների զինական ուժը։ Կարիքի դեպքում հայ զորքերի և զինապարտների թվաքանակը մի քանի հազարից երբեմն հասնում էր երեք չորս տասնյակ հազարի, իրենց շարքերում հաշվելով 30 հազար ձիավոր և 10 հազար հետևակ։
1722թ. գարունը բացվելուն պես Դաղստանի լեռնականների մեծաքանակ զորքերը անցնելով Ճորա Պահակը ավերեցին վաճառաշահ Շամախի քաղաքը ու հայտնվեցին Արցախում։ Այս անգամ լեզգիների առաջ երկիրը անպաշտպան ու անպատրաստ չէր։ Լեռներում ամրացած կանոնավոր և վարժված զորքը Ջրաբերդի շրջակայքում արժանի հակահարված հասցրեց թշնամուն։
Դրա մասին է վկայում նաև Ղարաբաղի չորս մելիքների նամակը Պետրոս Մեծին «Մեկ տարի է, որ երկիրս Աղուանից գերի է ձեռըս լազգոց, նոքայ կոտորէյին և եսիրն տանէյին, ես մնացածն տեղոյս բռնակալաց թուրքերն այրելով, խորովելով հարկս բահանջէին ամէնն թախտու թալան յափշտակեյին։ Եվ մերումս անճար մնալով ծեռս տվաք միմեանց, ես ծառայից ծառայ Եսայիս և այր ոմն Շրվան անուն, ևս Սարգիս անուն, որ այս երկուքս ի Չարայպերթու (Ջրաբերդ) են, ես Եսայի Պարտայու և մելիք Յովսէփ ի գանճայու, միմեանց ծեռ արկաք Ժ (10) և ԺԲՌ(12000) մարդ ժողովեցանք, պատերազմ մտանք կամ թե լազկոյ հետ կամ թէ տանս Աղուանից թուրքաց հետ. ամուր ծայրս քարանց սըղնաղ կապեցինք ի մեծի թագաւորիդ սուրդ աղօթիւն շատ կոտորումն և յաղթութիւն եմք առեալ ի վերայ թուրքաց...»։
Վերոհիշյալ չորս մելիքների ներկայացրած զինվորականությունը կենտրոնացված էր Ջրաբերդ և Գյուլիստան գավառներում, Մռովի ստորոտում։ Այն հայտնի է նաև Մեծ սղնախ անունով։ Ի սկզբանե Մեծ սղնախի զինվորականության ղեկավարն ու ոգեշնչողը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր։ Հայոց զորքի մի մասը տեղակայված էր Քիրսի ստորոտում՝ Վարանդայի Ավետարանոց և Սղնախ գյուղերի տարածքում, ինչպես նաև ներկայիս Շուշի քաղաքի շրջակայքում։ Մինչև այժմ էլ Շուշիի հարավ-արևելյան հանդիպակած ձորի անմատչելի ծերպերում պահպանվում են պաշտպանական կառույցների մնացորդները։ Փոքր սղնախը գլխավորում էր Ավան հարյուրապետը, որը մինչև 1717թ. Շամախու խանական զորքերի մեջ ծառայող հայ զինվորականներից էր։
Դրանցից բացի դեպի լեռնային երկրամասի խորքերը տանող հանգույցակետերում դեռևս վաղ միջնադարից գոյություն ունեցող բերդամրոցներն ու պատնեշները վերանորոգվում և կառուցվում էին նորերը։ Այդ տեղերում նույնպես ստեղծվում են սղնախներ։ Փաստորեն Գյուլիստանի, Ջրաբերդի, Ավետարանոցի, Սղնախի և Շուշիի սղնախներից բացի սղնախներ են եղել նաև Բադարա գյուղի մոտակայքում, Հերհեր ու Ծովատեղ գյուղերի թիկունքում՝ Քոչիզում, Տող և Տումի գյուղերում։ Արցախի տարբեր գավառներում, այդ թվում Ծարում ստեղծվում են նաև տեղական բնույթի մանր զորակայաններ։
Հայոց զորքերի կողմից ջախջախված ավարառու լեռնականները նահանջեցին դեպի Կուրի ձախափնյակը և այլևս չհամարձակվեցին երևալ Ղարաբաղի կողմերում։
Անարգ թշնամու դեմ միակամ էին դարձել լեռնաստանի մելիքներն ու սոցիալական մյուս խավերը։ Մինչև անգամ մի խոսքի եկան Գանձասարի Եսայի կաթողիկոսն ու նրան թշնամի Երից Մանկանց վանքի հակաաթոռ կաթողիկոս Ներսեսը[1]։
Հյուսիսային լեռնականների դեմ ինքնապաշտպանության գործը տարերայնորեն վեր է ածվում պարսկական իշխանության դեմ ուղղված ժողովրդա-ազատագրական շարժման։ Այդ շարժման ղեկավարները ժամանակին այս երևույթի մեջ նշմարում էին հայոց ազգային հանգած իշխանության «նոր նորոգում»։
Հայկական ինքնավարության տեղական մարմիններն իրենց ուժերը լարում էին լեռնահայաստանում պարսկական իշխանության մնացուկները վերացնելու համար։ 1722թ. Գյուլիստանի, Ջրաբերդի և Գանձակի հայ զինված ուժերը ջանքեր էին գործ դնում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի մատույցները և փակելու Գանձակի ու Թիֆլիսի ճանապարհները պարսիկ և նրանց հարող այն խաների առաջ, որոնք հարկեր էին պահանջում նրանցից կամ հարկահանության պատրվակով ավերում ու թալանում էին հայկական գյուղերը։ Նման զինաբախումներ տեղի էին ունենում նաև հարևան շրջաններում։ 1723թ. հոկտեմբերին Դիզակի մահալում (Հադրութի մոտ), հայկական զինված ջոկատները խանական հեծյալների հետ ունեցան զինաբախում, որի ժամանակ վերջիններս կորցրին 2000 մարդ։
Արցախահայությունը ոչ միայն թոթափում է պարսկական լուծը, այլև Ավան հարյուրապետի գլխավորությամբ 1724թ. օգնության հասավ Սյունիքի ծանր մարտերում խիզախող Դավիթ-Բեկի զորքերին։ Սղնախների զորքի Ղափան գնալը տեղի է ունեցել արտակարգ իրադրության մեջ։ Ղափանից գրություն է ստացվել, որ Բարգուշատի սուլթանը և Նախիջևանի պարսիկ խանը՝ Պարսկաստանի դրածո ֆեոդալները, հարձակվել են Սյունիքի վրա, չորս-հինգ հազար տղամարդ կոտորել և կանայք գերի տարել։ Համատեղ ուժերով թշնամուն հալածում են Սյունիքից։ Արցախի հայկական ինքնավարության տեղական մարմինների ազատագրական ոգորումները համընկան Պետրոս Մեծի հայտնի Կասպիական արշավանքի հետ։ Ռուսաստանը հետամուտ էր իրանական մետաքսի ամբողջ արտահանությունը Թուրքիայի ցամաքային ճանապարհներից շրջելու Դնեպրի, Կասպից ծովի և Վոլգայի ջրուղին և գրավելու Պարսկաստանի ծովափնյա նահանգները։ Այդ նպատակի իրագործումը հնարավոր դարձավ, երբ Հյուսիսային պատերազմը մոտեցավ իր ավարտին։ Այս բանը դարձավ հրամայական, քանի որ օսմանյան Թուրքիան, օգտագործելով Իրանի ծանր դրությունը, իրեն հայտարարում էր Այսրկովկասի և Ատրպատականի «օրինավոր ժառանգորդը», սպառնալով զինակալել Սեֆյանների տիրազրկված երկրամասերը։
Այսպես նախորդ փուլերում սկզբնավորված և ամրապնդված հայ-վրաց-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը դիվանագիտական ոլորտից անցավ կոնկրետ գործողությունների ասպարեզ, նպատակ ունենալով Այսրկովկասն ազատել Պարսկաստանի, ապա Թուրքիայի տիրապետությունից և Ռուսաստանի հովանավորության տակ ստեղծել հայ-վրացական միացյալ պետություն։
Համաձայն Պետրոս Մեծի հանձնարարականի հայ-վրացական միացյալ ուժերը ռուսների հետ հանդիպելու էին Շիրվանում, ուր շարժվում էին ռուսական զորքն ու նավատորմիղը։ Հայ և վրաց ռազմական ուժերի հանդիպումը տեղի ունեցավ Գանձակի մոտ՝ Չոլակ գյուղում 1722թ. սեպտեմբերի 22-ին։ Հայկական 10 հազարանոց ընտիր զորքին գլխավորում էին Եսայի կաթողիկոսը և Ավան, Շրվան, Շահնի ու Սարուխան հարյուրապետերը։ Եսայի կաթողիկոսը հայտարարեց, որ հայերը իրենց հոգիները, զավակներին և ունեցվածքը ի սպաս են դնում սկսած գործին։ Բայց ռուսական ու վրաց-հայկական զորքերի նախատեսված հանդիպումն ու միավորումը չիրականացավ։ Մի կողմից միջազգային դրության լարվածության ուժեղացումը, մյուս կողմից ռուսական նավերի խորտակվելն ու վնասվելը, պարենի ու զինամթերքի հսկայական կորուստը, հիվանդություններն ու մարդկային զոհերը դժվարացրին արշավանքի ողջ ծրագրի կենսագործումը։
Այսրկովկասում դեպքերը զարգացան ի վնաս հայ-վրացական զինակցության։ Շահը Վաղթանգ 6-ին զրկեց Քարթլիի Վալիի և զորահրամանատարի պաշտոնից ու մեղադրեց «դավաճանության» մեջ։ Նրա փոխարեն շահը իրեն դրածո էր դարձրել Կախեթի թագավոր Կոստանդինին, որն ընդունել էր մահմեդականությունը(Մահմուդ-Ղուլի անունով) հայտարարվել նաև Երևանի, Գանձակի ու Ղարաբաղի բեկլարբեկ և հրաման ստացել՝ պարսից զորքով գնալ Վախթանգի դեմ ու գրավել Թբիլիսին։ Թողնելով Վրաստանի մայրաքաղաքը, Վախթանգը ստիպված եղավ անցնել Ռուսաստան։
Արտաքին աշխարհից մեկուսացված հայ զինվորականությունը միայնակ կանգնեց պարսիկների, թուրքերի և լեզգիների դեմ։ Սակայն, այս վիճակում իսկ, լիակատար հուսահատության չմատնվելով, սղնախականները լարում էին իրենց ամբողջ կարողությունները՝ երկրի ինքնապաշտպանությունն ապահովելու համար։
Ստանձնելով այսքան բացառիկ մի դեր, հայ զինվորականությունը դառնում է երկրի գերագույն տերն ու տնօրենը, կենտրոնացնում իր ամբողջ իշխանությունը, և այնուհետև բանակցություններն ու դիմումներն առանձին անհատների անունից չէին վարվում, այլ հայոց սղնախների անունից։ Ամեն տեղ բորբոքվեց տեղային մանր, լեռնական պատերազմը։
1723 թվականին Արցախի սղնախականների համար սկսվեց փորձության մի նոր շրջան։ Այս անգամ լեռնաստանի հայությանը վիճակված էր դիմակայելու ավելի վայրագ ու ահեղ թշնամու՝ թուրքերին, որոնք համառորեն փորձում էին հասնել Կասպից ծովի ափերը։ Թբիլիսին գրավելուց հետո 1723թ. հոկտեմբերին թուրքական 80 հազարանոց զորքը Իբրահիմ փաշայի գլխավորությամբ շարժվեցին դեպի Գանձակ։ Քաղաքի պաշտպանությանը մասնակցում էին նաև սղնախների մարտական ուժերի մի մասը։ Թուրքական զորքը պարտություն կրեց և նահանջեց, Գանձակի պատերի տակ թողնելով հազարավոր սպանվածներ։ Դեռ ավելին, հայ զինվորականության պահանջով Իբրահիմ փաշան ազատ արձակեց քաղաքի շրջակա գյուղերից գերեվարված հայերին։ Ականատես լինելով հայկական բանակի մարտունակությանը, Իբրահիմ փաշան Ավան հարյուրապետին հակապարսկական և հակառուսական ճակատ ստեղծելու առաջարկություն արեց։ Հայերը մերժեցին։ Իր հերթին Պետրոս Մեծը հակաթուրքական ճակատ ստեղծելու և սղնախների հետագա անելիքները պարզելու նպատակով Այսրկովկաս է ուղարկում դեսպանորդ Իվան Կարապետին։ Նույն թվականի դեկտեմբերի վերջին Իվան Կարապետը հասնում է Ղարաբաղ, իր հետ բերելով Պետրոս Մեծի հրովարտակը։
Հուշագրում նշվում է, որ Պետրոսը հայերին վերցնում է իր պաշտպանության տակ, հուսադրում, որ կօգնի նրանց ազատվելու, սակայն մինչ այդ Ռուսաստանը պետք է ամրապնդի իր դիրքերը մերձկասպյան շրջաններում և նախապատրաստվի Հայաստանին օգնելու՝ համալրելով Գիլանում, Բաքվում ամրացված զորամասերը։ Հայերին կոչ է արվում չթուլացնել իրենց դիմադրությունը, իսկ մեծ վտանգի դեպքում տեղափոխվել և բնակվել ռուսաց կողմից նոր նվաճված Կասպիականի ափերին։
Ըստ էության Պյոտրի խոստումները անորոշ էին։ Դեռ ավելին 1724թ. հուլիսի 12-ին Կ.Պոլսում ռուսական դեսպան Նեպլյուևը Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր, որի համաձայն թուրքերը ճանաչեցին Ռուսաստանի տիրապետությունը՝ Դերբենդից մինչև Մազանդարան ընկած Կասպից ծովի առափնյա շրջաններում։ Փոխադարձաբար ռուսները ճանաչեցին թուրքերի իրավունքները Իրանի այսրկովկասյան տիրույթների նկատմամբ, ներառյալ Թիֆլիս, Գանձակ, Նախիջևան քաղաքները, Ղարաբաղի ու Ղափանի մարզերը, ինչպես նաև նրանց տիրապետությունը Արդեբիլ-Թավրիզ գծից դեպի հյուսիս և Թավրիզ-Քերմանշահ գծից դեպի արևմուտք ընկած իրանական հողերի վրա։
Կոստանդնուպոլսի ռուս-թուրքական պայմանագրով չէր կարելի միջամտել կողմերի գրաված երկրամասերի գործերին, ուստի ռուսական արքունիքը պարբերաբար խուսափողական պատասխաններ էր տալիս օգնություն խնդրող հայերի նամակներին, միաժամանակ զգուշացնելով վրաց և հայ գործիչներին՝ չգրգռել թուրքերին։ Սղնախների ղեկավարները ոչ միայն մերժեցին արտագաղթի ծրագիրը, այլև լարեցին իրենց վերջին ուժերը թշնամուն դիմադրելու համար։
Ստեղծված պայմաններում սղնախների առաջնորդները, շարունակելով բանակցությունները ռուսական իշխանությունների հետ, միաժամանակ դաշնակիցներ էին որոնում մոտալուտ ժամանակներում թուրքական ագրեսիան կանխելու համար։ Դիվանագիտական այդ պրպտումները նախապատրաստեց իրանական իշխանությունների, իրանական կողմնորոշում ունեցող վրաց ու մահմեդական ֆեոդալների և հայկական սղնախների միջև 1724թ. մարտի 24-ի Գանձակի պայմանագրի կնքումը։ Հայկական կողմից պայմանագրի տակ ստորագրեցին Գանձասարի Եսայի կաթողիկոսը, Երից Մանկանց Ներսես կաթողիկոսը, Ավան, Միրզա, Թարխան, Բաղի, Մարգիս, Աբրահամ հարյուրապետերը և Թամրազ, Բաղի, Գրիգոր, Եգան և Դանիել մելիքները։ Վերջիններս պարտավորվում էին հրաժարվել Գանձակի շիա մուսուլմանների դեմ իրենց ունեցած ապստամբական դիրքորոշումից և խոստանում օգնության գալ քաղաքի ազգաբնակչությանը՝ թուրքերի կամ լեզգիների կողմից հարձակում լինելու դեպքում։ Գանձակի կառավարիչները փոխադարձաբար խոստանում էին՝ մեղապարտ ճանաչել ու պատժել ղաջարներին կամ քաղաքացիներին, եթե նրանք փորձեն կողոպտել սղնախներին ու Ղարաբաղի քրիստոնյաներին կամ օգնության չգան նրանց թուրքերից և եզդիներից պաշտպանելու համար։ Գանձակի մուսուլմաններն ու Ղարաբաղի սղնախականները 1725թ. 200 հոգուց բաղկացած պատվիրակություն են հղում շահ Թահմազի մոտ՝ տեղեկացնելու ստորագրված պայմանագրի մասին։ Շահի մոտ պատվիրակություն գնաց նաև Դավիթ-Բեկի ղեկավարությամբ թուրքերի դեմ պայքարող ղափանցիների կողմից։ Պատվիրակները վերադարձան Ղարաբաղի և Ղափանի սղնախների ղեկավարներին շահի հղած խալաթներով։
Այսպիսով, Գանձակի պայմանագրի ստորագրումից հետո, հայերի դիմադրական պայքարը շրջվելով թուրքական հարձակումների դեմ՝ ժամանակավորապես կորցնում է իր հակաիրանական բնույթը։ 1724թ. Կոստանդնուպոլսի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումից հետո թուրքական հրամանատարության առաջնահերթ խնդիրն էր՝ վերացնել Ռուսաստանի և Թուրքիայի արանքում գոյություն ունեցող հայկական սեպը։ Այդ խնդիրը լուծելու համար 1724թ. հունիսին թուրքական զորքը Գյումրիի վրայով մտավ Արարատյան դաշտը, այնուհետև գրավեցին Նախիջևանն ու Օրդուբադը, ապա թափանցեցին Գողթն, իսկ հարավում նվաճեցին Համադանը։ Չորս կողմից աքցանի մեջ առվեց Երևանը։ Չնայած քաղաքի հերոսական պաշտպանությանը, սեպտեմրերի 26-ին պաշարված Երևանը անձնատուր եղավ։ Երևանի անկումից հետո թուրքական բանակը առաջ շարժվեց և գրավեց Թբիլիսին, Ղազախը, Լոռին և մոտեցավ Գանձակին։
Երևանը գրաված թուրքական հրամանատարությունը հարկադրեց Էջմիածնի Աստվածատուր կաթողիկոսին՝ նամակ գրել Գանձասարի Եսայի կաթողիկոսին և խորհուրդ տալ նրան, որ նա համոզի Արցախի մելիքներին՝ պատգմավորներ ուղարկել թուրքական հրամանատարության մոտ և իրենց հպատակությունը հայտնել, այլապես նա սպառնում է մտնել Ղարաբաղ և կոտորել հայերին։
Ղարարաղի քաղաքական շրջանները որոշել էին մինչև վերջ կռվել թուրքական բանակի դեմ, ուստի և մերժեցին թուրքերի առաջարկը։ Թուրքական 4700 հոգուց բաղկացած զորքը Շահին, Սալահ և Ալի փաշաների գլխավորությամբ Գանձակի կողմերից մտան Վարանդա, տեղավորվելով գավառի 33 գյուղերում։ Տեղացիները զգալով, որ չեն կարող դիմադրել թվով գերակշռող թշնամուն, առերես ընդունեցին նրանց հպատակությունը և կեր ու խումից հետո Դիզակի մելիք Եգանի և Վարանդայի մելիքի աղջկա Գայանեի գլխավորությամբ, մի գիշերվա մեջ նախօրոք դրված պայմանով կոտորում են թուրքերին։ Գայանեն անձամբ ղեկավարում է գործողությունը Ավետարանոցում և ինքն էլ սպանում է իրեն հետապնդող Սուլեյման բեկին։ Եսայի Հասան-Ջալալյանի տեղեկությունների համաձայն միայն 150 ասկյարի հաջողվեց փախչել։ Ղարարաղցիները ազատեցին 200 գերիների և իրենց հերթին գերեցին Սալահ փաշային։
Թուրքերի դեմ մղվող պայքարում Արցախի հայության անկոտրում կամքի մասին է վկայում նաև Մարտիրոս եպիսկոպոսի 1726թ. հունվարին Դերբենդի պարետին ուղղված հետևյալ տեղեկությունը. «Թուրքական փաշան Գանձակից գրել է Սղնախների հայերին, որպեսզի նրանք ուղարկեն 5 տարվա հարկը, առաջարկելով՝ եթե դրամը ձեզ մոտ պատրաստ է, ուղարկեցեք, իսկ եթե պատրաստ չէ, ապա հաճեցեք պատրաստել բոլոր տարիների համար։ Իսկ եթե չուղարկեք, այն ժամանակ մենք կգանք և ուժով ձեզանից կվերցնենք։ Եվ նրանք՝ Սղնախների հայերը պատասխանել են նրան թե՝ մեզ մոտ դրամ չկա, բայց միայն ամեն մի մարդու մոտ մի հրացան է և մի սուր. եթե ցանկանում եք գալ եկե՛ք, մենք աստծու օգնությամբ պատրաստ ենք ձեզ դիմավորելու և ձեզանից չենք վախենում»։
Սղնախականները շարունակում էին կռվել թուրքերի դեմ, միաժամանակ Եսայի կաթողիկոսն ու մելիքները, զորապետերն ու ռուսաց արքունիքի բանագնացներն անդադար նամակներ էին հղում ցարին ու նրա ազդեցիկ ներկայացուցիչներին՝ խնդրելով նրա խոստացած օգնությունն ու հովանավորությունը։ Հյուսիսից ակնկալվող օգնությանը հետամուտ լեռնաստանի զինավառ հայությունը մինչև վերջ վճռականորեն էր լցված հայրենիքի սահմանները անխաթար պահելու գործում։ Այս մասին Իվան Կարապետը հայտնում է կանցլեր Գ.Ի.Գոլովինին. «Էսպես կռվարար խալղ, որ էստեղ կայ, ո՛չ ինչ դեղ չկայ։ Ղզլպաշի երկրում (այսինքն՝ պարսկահպատակ Հայաստանում) էսօր ԺԲՌ(12000) մարդ ձիով ողջ չախմախով թուֆանկ, ողջ թուրով հազիր են։ ՈՒ առանց ձիով էլ յենչաք, որ աստուած ախպար ու ողջին էլ թուֆանկ կայ։ Ամեն օր Ժ(10) թուֆանկ այ շինում ու չախմախայ շինում։ Էստեղ բան ան գտել արջիջի, էրկաթի ու պղնձի․․․»։
Դաժան մարտերը թուրքական բանակի դեմ շարունակվեց ամբողջ 1726թ. ընթացքում։ 1726թ. հունիսի 15-ի նամակով Եսայի կաթողիկոսը, Ի.Կարապետը, Ավան, Աբրահամ, Թարխան և մյուս յուզբաշիները Վանխթանգ 6-ին հայտնում են, որ հունիսի 10-ին Գանձակից թուրքական զորքը Խաչենի վրա է հարձակվել, ավերել Ղազանչի, Ղապրթու, Չանկաթաղ գյուղերը, թալանել ու գերեվարել բնակչությանը, բայց սղնախից գնացած հայկական զորքերը վրա են հասել, կոտորել թշնամուն, ազատել գերիներին ու վերադարձրել ավարը։
1726թ. օգոստոսի 1-ին գեներալ Լևաշովը հայտնում է, որ սղնախների հայերը ետ են շպրտել թուրքական մեծ ուժերի չորս խոշոր հարձակումները և մինչև այժմ էլ համառորեն կռվում են։
Հերթական ճակատամարտերից մեկի մասին հետաքրքրական տեղեկություն է պարունակում 1726թ. նոյեմբերի 15-ին Ավան և Օհան հարյուրապետերի արքունիքին հղած մի գրություն։ Այս հարյուրապետերը, առանց ամսաթիվը նշելու հայտնում են, որ մի նոր կռիվ է եղել իրենց բերդի մոտ և նրանք կոտորել են թուրքերից 800 հոգի, որոնց թվում երկու հրամանատարների։
Թուրքերը, ծանր հակահարված ստանալով, հետ են դարձել Գանձակ։ Այս կռվի մասին ռուսաց արքունիքին մանրամասն տեղեկություն է հաղորդել Իվան Կարապետը։ Ըստ պատվիրակի տեղեկության, օսմանյան 40 հազարանոց բանակը լեզգիների օժանդակ ուժերի հետ միասին Սարը Մուստաֆա փաշայի գլխավորությամբ 1726թ. աշնանը խորացել էր Ղարաբաղի մեջ։ Առաջին ճակատամարտը տեղի է ունեցել Շուշի բերդի շրջակայքում։ Թուրքական բանակի ճնշման տակ հայ զինվորականությունը Ավան հարյուրապետի գլխավորությամբ ամրացան շրջակա բերդերում։ Ներքին Սղնախների բնակչությունը պատսպարվում է Վերին Սղնախներում։ Այնուհետև պատերազմական գործողությունների թատերաբեմը տեղափոխվեց Սիմեոն և Օհան հարյուրապետերի սղնախների շրջակայքը։ Չորս օրվա համառ մարտերից հետո հայերը հաղթանակի հասան։ Այս կռվում սպանվեցին թուրքական բանակի երկու հրամանատարներ։ Ղրխչեշմե աղասին և Ենկիչար աղասին, իսկ Սարը Մուստաֆա փաշան փախուստի է դիմել։
Հայ-թուրքական պատերազմը օրեցօր դառնում է ավելի կատաղի ու անխնա։ Արյունահեղ կռիվները, ինչպես գրում էր Մինաս վարդապետը, տեղի էին ունենում համարյա ամեն օր։ Ուշագրավ է գեներալ Դոլգորուկովի 1727թ. մայիսի 11-ին իր կառավարությանը հայտնած այն զարմանքը, թե ինչպես են հայերը դիմանում ստեղծված դրությանը. «Միայն աստված էր պահպանում հայերին, թե չէ՝ մարդկային խելքից բարձր է հասկանալ, թե դեռ ինչպես են նրանք պահվում այդքան զորեղ թշնամու առաջ»։ Այնուհետև ռուս գեներալը 1727թ. հուլիսի 26-ին գրում է. «Երրորդ օրն է, որ Սղնախներից այստեղ է եկել հայ Հակոբը, նամակով, որ ուղարկել են ինձ Ներսես կաթողիկոսը, Աբրահամը, Սարգիսը, Ներսեսը և Պետրոսը։ Նամակի մեջ նրանք գրում են ինձ, որ աստծո օգնությամբ, մեծ թվով թուրքեր են ջարդել, որի համար ես առաջիկայում ևս ամեն տեսակ բարիքներ եմ աստծուց մաղթում նրանց...»։ Արցախի հարավային սահմաններում անհաջողության մատնված թուրքերը այս անգամ էլ փորձեցին խոցել երկրամասի հյուսիսային դարպասները։ Հայ զինվորականության հենակետներն էին դարձել Գյուլիստանն ու Ջրաբերդը։ Հայերը ոչ միայն դիմադրում էին, այլև հաղթական մարտերից հետո թշնամուն հարկադրում են նահանջել Գանձակ։
Չկարողանալով կոտրել սղնախների հայության համառ դիմադրությունը, թուրքերը փորձում էին երկպառակտություն առաջացնել ազատագրական շարժման առաջնորդների միջև, նույնիսկ կաշառքներ էին առաջարկում Եսայի կաթողիկոսին։
Ազատագրական մաքառումների ամենաթեժ պահին՝ 1728թ. վախճանվեց Եսայի Հասան -Ջալալյանը։
Կաթողիկոսի մահից հետո ռուսական կառավարության սին խոստումներից հոգնած և հետագա դիմադրությունը անհուսալի համարելով Ավան հարյուրապետն իր համախոհներով 1729թ. անցավ Ռուսաստան, ծառայության մտնելով ցարի բանակում։ Նրան հետևելով, 1730թ. օգոստոսի 18-ին սղնախցիներից Դերբենդ են անցել 137 հայեր՝ հարյուրապետ Աբրահամի, Ալավերդիի, Բաղիրի, Սիմեոնի, եպիսկոպոս Պետրոսի և գնդապետ Գրիգորի հետ։ Սղնախների առաջնորդների նման քայլը կորստաբեր եղավ լեռնաստանի հայության համար, բաց անելով աղետալի գաղթականության ճանապարհը, որն այնուհետև երկար ժամանակ դուրս էր ծծում երկրի կենսական հյութերը, թուլացնում և ուժասպառ անում նրան։ Հայաթափումն աննախադեպ ու մասսայական չափեր ընդունեց հատկապես Ծար գավառից։ Մի քանի տասնամյակների ընթացքում հայաշունչ այս գավառը գրեթե ամբողջովին հայաթափվեց։ Արտագաղթածների մի մասը հանգրվանեցին Վրաստանում։ Չիրքին գյուղի հայերը վերաբնակվել էին Տփղիսում, յանշաղցիները՝ Տփղիսից ոչ հեռու Տաբախմելիք(այժմ՝ Տաբախմելա գյուղը Գարդաբանի շրջանում) գյուղում, խութավանքցիների մի մասը՝ Շուլավերում։ Արդեն 1760-ական թվականներին շրջանի տարածքը գրեթե լիովին հայաթափ էր, բացառությամբ Խութավան գյուղի և երբեմնի եպիսկոպոսանիստ ու թեմական կենտրոն Դադի վանքի։
Ծարի լեռնային արոտավայրերը դեպի իրեն է ձգում Կուր-Արաքսյան տափաստանում ծվարած մահմեդական քոչվոր խաշնարած ցեղերին։ Արտագաղթի ճանապարհն էր բռնել նաև Արցախի մյուս գավառների հայ բնակչությունը։ Գյուլիստանի մելիքների մի մասը հանգրվանել էր Կախեթի Թելավ քաղաքում և Վրաստանի կազմում գտնվող Գուգարքի Բողնոփոր գավառում (Բոլնիս)։ Արտագաղթածների մի մասը բնակություն են հաստատել Քարթլիի բազմաթիվ վրացական գյուղերում։ Միայն շուրջ հարյուր գյուղ էին հիմնադրել արցախահայերը Շաքի և Շիրվան գավառներում: Այս ճանապարհով Արցախի հայությունը Հյուսիսային Կովկասում հիմնեց ինը գյուղ։
Չնայած դրան սղնախների պայքարը շարունակվեց նաև հետագայում։ 1729թ. գեներալ Դոլգորուկոգվը ցարին հղած մի դիմումի մեջ հավաստիացնում է, որ սղնախներում հազարավոր զինվորներ պահում են իրենց դիրքերը և ոչ մեկը նրանցից անձնատուր չի լինում թշնամուն։
1729-1731թթ. հայ դիմադրական շարժման գլխավոր օջախը դարձավ Գյուլիստանի բերդը, որի հրամանատարը հայկական աղբյուրի համաձայն կոչվում է «Աբրահամ սպարապետ», իսկ սուլթանական ֆերմաններում քանիցս հիշվում է «Գյավուր Աբրահամ» անունով, որում նկատի է առնված ոչ միայն հայ ազգությունը, այլ երևի նրա ռազմավարության կատաղի բնույթը։ Ուշագրավ է, որ Գյուլիստանում ծավալված այս դիմադրական պայքարին մասնակցեցին 1722թ. Հայաստանից Լեհաստան փախած և 1728թ. Ղարաբաղ վերադարձած հայ այն մարտիկները, որոնց գլուխ էր կանգնած Յուզբաշի Գրիգոր Ստեփանյանը։
Ազատագրական շարժման նոր թափը կոտրելու համար սուլթանը «սրբազան պատերազմ» հայտարարեց հայերին և հատուկ ֆարմանով հրամայեց Երևանի Իբրահիմ փաշային, Բայազետում նստող Մահմուդ փաշային, քուրդ ամիրաներին և Դաղստանում, Շիրվանում ու Գանձակում տեղակայված իր զորքերին համատեղ ուժերով հիմնահատակ քանդել հայերի բնակատեղիներն ու ամրությունները։
Սղնախների ազատագրական պայքարի ավանդները վախճան չունեցան։ 1732թ. Ներսես կաթողիկոսը նամակով դիմեց գեներալ Վ.Լևաշովին թուրքական լուծը տապալելու գործում Արցախին աջակցելու խնդրանքով։ 1733թ. սեպտեմբերի 14-ին Այսրկովկասում Ռուսաստանի քաղաքական ծրագրերի մասին առաջարկություններով իր կառավարության առջև հանդես եկավ Պ.Շաֆիրովը. «Սղնախների հայերի միջոցով այս քաղաքը (իմա՛ Շամախին-Վ.Բ.) վերցնելու դեպքում կարելի է ամբողջ փոքր Հայաստանը (իմա՛ Արցախը–Վ.Բ.) կամ ինչպես այժմ են անվանում՝ հայկական սղնախները գրավել, որոնց բոլոր տարածքները հայ քաջ քրիստոնյաներով են բնակեցված և նրանք իրենք ինքնուրույն մի քանի տարի պաշտպանվում էին ինչպես թուրքերից, այնպես էլ պարսիկներից...»։
Սղնախների հայերի սխրանքները համընկնում էին թուրք նվաճողների դեմ ոտքի ելած իրանական ժողովուրդների համաշավիղ ընթացքին, որի գլուխ կանգնեց Պարսկաստանի նոր տիրակալ՝ Նադիր շահը։ Պարսկաստանում կատարվող փոփոխություններին զուգահեռ Արցախում սղնախների հիմքերի վրա ծնվեց վարչաքաղաքական նոր միավոր՝ Խամսայի մելիքությունները, որոնք մոտակա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական շարժման նոր հանգրվաններ։
- ↑ 1691թ. Ջրաբերդ գավառի Մեծ–Շեն գյուղի Սարգիս քահանայի որդի Սիմեոն եպիսկոպոսը Մռավ լեռան անտառապատ մի խոր ձորի վրա շինեց Երից Մանկանց վանքը, հաստատվեց այնտեղ և ապա, ինքնագլուխ կաթողիկոս դառնալով, սկիզբ դրեց Գանձասարի դեմ ուղղած հակաաթոռությունը։